HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թբիլիսիի «Սուրբ Նորաշեն» հայկական եկեղեցին պարսպապատում են հայ բանվորները

Թբիլիսիի «Սուրբ Նորաշեն» հայկական եկեղեցու շուրջ շարունակվում է պարսպապատումը: Թբիլիսիի վիրահայոց թեմի առաջնորդարանից «Հետքին» տեղեկացրին, որ «Սուրբ Նորաշենի» հարցով հանդիպումներ են ընթանում Վրաստանում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների և դեսպանների հետ: Վիրահայոց թեմը նամակներ է հղել նաև վրացական պատրիարքին, նախագահին և բոլոր նախարարներին: «Նախագահն ասում է, որ այս հարցը պետք է լուծեն երկու եկեղեցիների առաջնորդները` Իլիա 2-րդը և Գարեգինը Բ-ն: Ավելի շատ այս հարցի լուծումը կախված է Իլիա 2-ի որոշումից»,-տեղեկացրին առաջնորդարանից: Ի դեպ, տարօրինակն այն է, որ «Սուրբ Նորաշենի» շուրջ կառուցապատման աշխատանքներում ներգրավված են նաև հայ բանվորներ:«Սուրբ Նորաշեն» հայոց եկեղեցին կառուցվել է 15-րդ դարի կեսերին, որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի և ի սկզբանէ գտնվել է Վիրահայոց թեմի կազմում: 20-րդ դարի 30-ական թվականներին եկեղեցին, այլ կրոնական կառույցների հետ մեկտեղ, փակվել է հոգևոր գործունեության համար և օգտագործվել որպես գրապահոց: Վրաստանի անկախությունից հետո Վրացական իշխանությունը չեն վերադարձրել եկեղեցին իր պատմական տիրոջը: 2008թ. մայիս ամսին Վրաց Ուղղափառ Եկեղեցու հոգևոր սպասավոր Տարիել քահան Սիկինչելաշվիլին և նրան ենթարկվող բանվորների խումբը, «Սուրբ Նորաշեն» հայկական եկեղեցին և նրա հարակից տարածքը պարսպապատելու նպատակով, սկսել են կառուցել մետաղյա պարիսպ՝ ներառելով Վրաց Ուղղափառ Եկեղեցուն բնորոշ կրոնական էլեմենտներ: Եվս մեկ հայկական եկեղեցու պլանավորված գրավման փորձի կապակցությամբ Վիրահայոց թեմն արտահայտել է իր մտահոգությունն ու վրդովմունքը և այն որակավորել որպես վրացական կողմի հետ պայմանավորվածության խախտում, որը ձեռք է բերվել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Վրաց Ուղղափար Եկեղեցու միջև՝ «Սուրբ Նորաշեն» և Թբիլիսիի մյուս չորս՝ «Սուրբ Նշան», «Շամխորեցոց Կարմիր Ավետարան Սուրբ Աստվածածին», «Երևանցոց Սուրբ Մինաս», «Մուղնեցոց Սուրբ Գևորգ» հայկական եկեղեցիները Վիրահայոց թեմին վերադարձնելու հարցի քաղաքակիրթ լուծման շրջանակներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter