HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իջեւանի քաղաքապետարանը ընդդեմ "Հետաքննող լրագրողների"

Այսօր Երեւանի Քաղաքացիական դատարանը շարունակեց Իջեւանի քաղաքապետարանի հայցի քննությունը ընդդեմ "Հետաքննող լրագրողներ" կազմակերպության: «Պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը արատավորող տեղեկությունը հերքելուն պարտավորեցնելու եւ վնասի հատուցման պահանջների մասին» հայցով քաղապետարանը պահանջում է «պարտավորեցնել «Հետաքննող լրագրողներ» կազմակերպությանը հերքելու Իջեւանի քաղաքապետարանի դեմ հրապարակված անհիմն տեղեկությունները եւ քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը արատավորող լուրերը»:Հայցի առիթը այս տարվա մայիսի 5-ին «Հետքում» հրապարակված «Ու՞մ գրպանն են մտնում ավազահանքի փողերը» վերնագրով հոդվածն է, որտեղ ներկայացվում են Իջեւանի հարավային մուտքի մոտ, Աղստեւ գետի վրա գտնվող «Սպիտակ ջուր» ջրամբարից ավազի ապօրինի արդյունահանման վերաբերյալ փաստեր (Տես հոդվածը http://hetq.am/arm/society/7993/): Իջեւանի քաղաքապետարանը դատարանից պահանջել է նաեւ «Հետաքննող լրագրողներ»-ից բռնագանձել 930.000 դրամ` իբրեւ «զրպարտչական հոդվածի հեղինակին պատասխանատվության ենթարկելու համար փաստաբանական ծառայության մատուցման վճար»: Այսօրվա դատական նիստի ընթացքում քաղաքապետարանի ներկայացուցիչն այլեւս չվիճարկեց Սպիտակ ջուր լճից ավազի ապօրինի արդյունահանման փաստը, քանի որ "Հետաքննող լրագրողների" ներկայացուցիչներն ունեին այդ փաստը հաստատող բավարար ապացույցներ եւ պահանջեց խմբագրությունից հիմնավորել հոդվածում նշված հետեւյալ արտահայտությունը. "Մեր ունեցած տեղեկությամբ` այս բիզնեսը գտնվում է Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի վերահսկողության ներքո": "Հետաքննող լրագրողների" ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Մեժլումյանը դատարանին միջնորդեց իբրեւ վկա հրավիրել հոդվածի հեղինակ Ոսկան Սարգսյանին, որը կարող է դատարանին տեղեկություններ տրամադրել իր հավաքած եւ շարադրած փաստերի կապակցությամբ: Դատարանը բավարարեց փաստաբանի միջնորդությունը, եւ նոյեմբերի 25-ին նշանակված դատական նիստում իբրեւ վկա դատարանին բացատրություններ կտա հրապարակման հեղինակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter