Տնտեսական կապերը զիջում են քաղաքական հարաբերություններին
«Կիպրոսը, որպես ԵՄ անդամ երկիր, պատրաստ է աջակցել եւ առաջ մղել Հայաստանի ռազմավարական շահերը ԵՄ հարեւանության քաղաքականության շրջանակներում, համատեղ քննարկել այդ ուղղությամբ Հայաստանի կողմից մշակվող ծրագրերն ու ներկայացնել Եվրամիությանը»,- հայտարարել է Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Կարոյանը:
Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ վերջինիս գլխավորած պատվիրակությանն այսօր ընդունել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Աղբյուրի փոխանցմամբ` առաջին անգամ Հայաստանում գտնվող Մարիոս Կարոյանը նշել է, թե արդեն իսկ համոզվել է, որ բոլոր հնարավորությունները կան հայ-կիպրական հարաբերությունները տարբեր մակարդակներում` միջկառավարական, միջխորհրդարանական, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում ավելի խորացնելու, նոր մարտահրավերների, դժվարությունների դեմ համատեղ պայքարելու համար: Իսկ վարչապետը կարեւորել է հատկապես երկկողմ տնտեսական կապերին նոր թափ հաղորդելու անհրաժեշտությունը, որոնք, ըստ նրա` դեռեւս հետ են մնում քաղաքական հարաբերությունների մակարդակից:
«Հանդիպման ժամանակ վարչապետը Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահից հետաքրքրվել է նաեւ, թե համաշխարհային ֆինանսական ճգնաժամն ի՞նչ խնդիրներ է հարուցել Կիպրոսի տնտեսության համար: Մ. Կարոյանը տեղեկացրել է, որ մինչ այժմ ուղղակի բացասական ազդեցություն չի նկատվել, քանի որ Կիպրոսի բանկային համակարգը շատ առողջ է, սակայն երկրում շարունակում են նախազգուշական միջոցառումներ իրականացվել հատկապես Կիպրոսի տնտեսության համար կարեւոր զբոսաշրջության եւ շինարարության ոլորտներում:
Տ. Սարգսյանը, իր հերթին, հյուրին տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկվող հակաճգնաժամային միջոցառումների, մշակվող ծրագրերի, տնտեսության ներկայիս վիճակի եւ զարգացման հեռանկարների մասին»:
Աանդրադարձ է եղել նաեւ թուրք-կիպրական եւ հայ-թուրքական հարաբերություններին ու այդ հարաբերություններում դեռեւս առկա խնդիրներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել