Հիպոթեքային վարկավորում կիրականացվի նաեւ Ղարաբաղի գյուղերում
Ղարաբաղում շարունակվում է հիպոթեքային վարկավորման պետական աջակցության ծրագիրը, որն իրականացվում է Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից:
Հիմնադրամի գլխավոր տնօրեն Կարեն Եսայանի տեղեկացմամբ` նոյեմբերի 11-ի դրությամբ հիմնադրամ է այցելել 582 քաղաքացի, որոնցից 225-ը հետաքրքրվել են բնակարանի գնման, 268-ը` վերանորոգման եւ 89-ը` բնակելի տան կառուցման հարցով: 582 քաղաքացիներից հիմնադրամին վարկավորման ծրագրից օգտվելու հայտ են ներկայացրել 214 հոգի, որից 194-ը քննարկվել է, իսկ մնացածները դեռ քննարկման փուլում են: Գործընկեր բանկեր ուղարկված 194 հայտերից արդեն վարկավորվել է 147-ը, որից բնակարանի գնման համար` 47, վերանորոգման` 93 եւ բնակելի տան կառուցման` 7: Բնակարանի գնման համար վարկավորված 47 հայտերից 44-ով նախատեսվում է բնակարան գնել Ստեփանակերտում, իսկ 1-ական`Ասկերան, Մարտակերտ, Մարտունի շրջկենտրոններում: Մյուս երկու` վերանորոգման եւ բնակելի տան կառուցման դեպքերում նույնպես գերակշիռ մաս են կազմում Ստեփանակերտի հայտերը:
Կարեն Եսայանի խոսքերով` մինչեւ հիմա 862 մլն դրամի չափով հիպոթեքային վարկավորում է իրականացվել: Ի ուրախություն Ղարաբաղի գյուղաբնակ քաղաքացիների հիպոթեքային վարկավորման ծրագիրը կիրականացվի նաեւ հանրապետության գյուղերում:
Ծրագիրը, որը, Կարեն Եսայանի հավաստմամբ, կմեկնարկի հաջորդ տարվա սկզբից, գյուղերում կիրականացվի արտոնյալ պայմաններով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել