
Փորձառու մանկավարժի մտորումները. «Շատ կուզենայի, որ Հայաստանում չլիներ թեկուզ մեկ չվերանորոգված դպրոց»
Լոռու մարզի Աքորի գյուղի միջնակարգ դպրոցը 14 տարիներ ղեկավարել է Ասյա Թոմոյանը: Նա 42 տարիների մանկավարժական աշխատանքից հետո 2011-2012 ուսումնական տարվանից անցել է կենսաթոշակի: Խորհրդային տարիներին Ասյա Թոմոյանը արժանացել է մեթոդիստ ուսուցչի, իսկ անկախության տարիներին` հետազոտող ուսուցչի կոչման: Պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ոսկե հուշամեդալով»:
«Ես ամաչում էի, որ «Հետազոտող ուսուցչի» կոչման համար ես ստանում էի 200 դրամ, իսկ հետո 700 դրամ լրավճար: Շատ ավելի լավ կլիներ, որ դա չտրվեր, կոչումը ընդունվեր որպես բարոյական գնահատական»,- ասում է ուսուցչուհին: Ասյա Թոմոյանի մանկավարժական աշխատանքն առնչվել է խորհրդային և անկախ Հայաստանի դպրոցների հետ: Նա «Հետքին» ներկայցրեց 2 տարբեր համակարգերի` դպրոցներում աշակերտների ուսուցման ու դաստիարակության գործի իր գնահատականները:
Ա. Թոմոյանը, թեև ծնվել և ապրել է Աքորիում, միջնակարգ կրթություն ստացել է Ալավերդի քաղաքի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան դպրոցում, որը գտնվում է քաղաքի Սանահին կայարանային թաղամասում: Նա ամեն օր Աքորիից ոտքով է իջել դպրոց, այն էլ` քարափով. «Ներքևից նայողին թվում է, թե հնարավոր չէ, որ մարդիկ այդ ճանապարհով անցնեն: Բայց մեր գյուղի համար դա սովորական ճանապարհ էր` կածան: Ես ոչ մի օր դասից չեմ ուշացել: Ընկերներս իմ անունը դրել էին զանգ: Եթե հասնում էի դասարան, ուրեմն արդեն զանգը խփելու ժամանակն էր»,- հիշում է նա:
Ուսուցչուհին ասում է, որ դպրոցում է ձեւավորել իր աշխարհայացքը: «Շատ յուրահատուկ դպրոց էր: Հիմա ես չեմ կարող ասել, այսօր դպրոցը այդ մակարդակը պահպանել է, թե ոչ: Ես շատ ուրիշ դպրոցներում եմ եղել, բայց դա բոլորովին ուրիշ դպրոց էր»,-ասաց տիկին Ասյան, ով Ալեքսանդր Մյասնիկյանի անվան դպրոցում սովորել է 1959-63թթ.-ին:
Նա նշում է խորհրդային դպրոցի սխալների մասին. «Խորհրդային դպրոցում հայ ժողովրդի պատմություն չեմ սովորել: Մենք սովորում էինք ԽՍՀՄ պատմություն, որտեղ Հայաստանը 1-2 էջով էր ներկայացվում, այն էլ որպես Ուրարտական պետության պատմություն և հստակ նշված էլ չէր, որ այդ Ուրարտուն հենց Հայաստանն է, կամ Արարատյան թագավորությունը: Ես նախանձում եմ, որ այսօրվա մեր աշակերտները դպրոցում սովորում են հայ ժողովրդի պատմություն»,- ասում է նա:
Դպրոցի նախկին տնօրենը կենսաթոշակի է անցել Հայաստանի այսօրվա դպրոցական դասասգրքերի ու ուսուցման ծրագրերի հետ կապված մտահոգություններով: Դասագրքերը, ըստ նրա, որակով չեն և չափից դուրս արագ են փոխվում: Դասագրքերի արագ փոխվելը հատկապես անդրադառնում է ուսուցիչների վրա. «Ուսուցիչները շնչահեղձ են լինում: Մի ծրագիր, մի դասագիրք չհաղթահարած` գալիս է հաջորդը: Ուսուցիչը էնցիկլոպեդիկ չէ: Ուսուցիչը աշխատող մարդ է, նա պետք է հաղթահարի այն դասանյութը, որը վաղը մատուցելու է աշակերտներին` այն էլ ոչ թե դասագրքի, այլ հանգամանորեն` նաև լրացուցիչ աշխատանքներ ուսումնասիրելով»:
Ըստ Ասյա Թոմոյանի` դասագրքերը գրված են երկարաշունչ նախադասություններով: Այս առումով նա մատնանշում է կենսաբանության, ֆիզիկայի, անգամ հայոց պատմության դասագրքերը: Նա չկայացած է համարում նաև դպրոցների ներկայիս ուսուցման ծրագրերը:
«Շարունակ խոսվում է ծրագրերի բեռնաթափումից, բայց դրանք շարունակ բարդանում ու խճողվում են: Ֆիզիկայի դասալսումների ժամանակ մեծ ցավ եմ զգացել` տեսնելով, որ դասանյութն ըմբռնում են առավելագույնը 3-4 աշակերտներ: Մյուսները պարտադրված լուռ են մնում, կամ ձևացնում են, թե հետևում են դասին»,- շարունակում է նա:
Փորձառու մանկավարժը կարծում է, որ ներկայիս դպրոցի ծրագրերը ավելի բարդ են, քան խորհրդային տարիներին. «Շատ բարդ են, ընդգրկում են ծանոթագրությունների մակարդակի մանրամասնություններ, իսկ այն գիտելիքները, որ այսօրվա դասագրքերում տրվում են որպես ծանոթագրություններ, դառնում են բուհերի ընդունելությունների քննությունների հարցեր»:
Այստեղ էլ տնօրենը տեսնում է կրկնուսույցների առաջացման պատճառները. «Որպեսզի աշակերտը ստիպված չլինի կրկնուսույցի մոտ պարապել, նա պետք է ամեն օր ոչ միայն օրվա դասանյութը սովորի, այլ անցածը կրկնի»:
Ասյա Թոմոյանը բարբարոսություն է համարում 8-11-րդ դասարաններում աշակերտին 7 ժամ դասի նստեցնելը. «Ինձ համար դպրոցի կատարյալ օրինակը Վենետիկի դպրոցն է, որտեղ սովորել են Դանիել Վարուժանն ու Վահրամ Փափազյանը: Այնտեղ դասերը պարապել են մինչև ժամը 12-ը, որից հետո սկսվում է հանգիստը, ապա այցելություններ, դասապատրաստում»:
Ասյա Թոմոյանն ասում է, որ արտագաղթը բացասական ազդեցություն է թողնում ներկայիս դպրոցների ուսուցման որակի վրա: Եղել է այնպես, որ նրա ղեկավարած Աքորրի միջնակարգ դպրոցից մեկ ուսումնական տարում 20 աշակերտ է տեղափոխվել Ռուսաստանի դաշնություն. «Եվ գնացին լավագույն աշակերտները, դպրոցի աչքի լույսերը: Նրանք դառնալու էին Հայաստանի լավագույն քաղաքացիները, բայց հիմա կդառնան Ռուսաստանի Դաշնության լավագույն քաղաքացիներ»:
Այդ բոլոր ընտանիքիները իրենց երեխաների հետ Աքորիից հեռացել են աշխատանք չունենալու պատճառով: Այսուհետ իր մանկավարժական աշխատանքի հիշողություններով ապրող ուսուցիչ Ասյա Թոմոյանը իր համար ամենացավոտ խնդիրը համարում է դպրոցների անբարեկարգ վիճակը. «Դպրոցների բարեկարգումը իմ երազանքն է: Շատ կուզենայի, որ Հայաստանում չլիներ թեկուզ մեկ չվերանորոգված դպրոց, որովհետև դա շատ մեծ նշանակություն ունի ուսուցիչների և աշակերտների տրամադրության և ընդհանրապես նրանց աշխատանքի արդյունավետության վրա»:
Մեկնաբանել