«Ա. Շիրոյան» ՍՊԸ-ն ընդդեմ «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի». գործարարը փորձում է վերականգնել պարտաճանաչ վարկառուի իր բարի համբավն ու կրած կորուստները
«Թաիս» կահույքի սրահն արդեն մեկ տարի է` չի գործում: Գյումրեցի գործարար Արա Շիրոյանն իր բիզնեսի ձախողման ու սնանկացման մեջ մեղադրում է «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ին:
«Ա. Շիրոյան» ՍՊԸ-ն ընդդեմ «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի» վնասի փոխհատուցման պահանջի մասին դատական գործը 2010 թ. հոկտեմբերից գտնվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում: Մինչ օրս եղել է 6 դատական լսում, որից, ըստ հայցվորի, միայն երկուսն են եղել արդյունավետ` նկատվել է որոշակի տեղաշարժ:
«Այս ընթացքում դատական նիստերին բանկի 4 տարբեր ներկայացուցիչ է մասնակցել, եւ ամեն անգամ նոր եկողը միջնորդել է դատավորին նիստը հետաձգել, որ իրենք հնարավորություն ունենան նյութերին ծանոթանալու: Դա դատավարությունը ձգձգելու շատ լավ միջոց է: Միջնորդություններն ու հիմնավորումներն էլ կրկնվող են, ես կասեի` անհիմն, եւ բոլորն էլ չեն ընդունում հայցը,- ասում է բանկի գործելակերպից տուժած Արա Շիրոյանը,-գործում եղած նյութերն արդեն 3 կգ են կշռում: Դրանք էն բոլոր փաստարկները, ապացույցներն են, որ ես ներկայացրել եմ, բայց դեռ որեւէ արդյունքի չեմ հասել»:
«Ա. Շիրոյան» ՍՊԸ-ն ֆինանսատնտեսական գործունեությունը սկսել է 2004-ից` աշխատելով «Կոնվերս» բանկի եւ «Ինեկոբանկի» հետ: 2004 թ. «Կոնվերս» բանկում ֆակտորինգի գծով ունեցել է 10.168.000 դրամի շրջանառություն: Այս բանկից բազմիցս ստացել է վարկեր, որոնք ժամանակին առանց խախտումների, նույնիսկ ավելի շուտ վերադարձրել է:
«Ինեկոբանկում» ֆակտորինգի գծով 2007 թ. 4-րդ եռամսյակում ունեցել է 6.804.000 դրամի շրջանառություն եւ համարվել պարտաճանաչ վարկառու: Քանի որ «Հայգյուխփոխբանկը» ստեղծման օրվանից միակն էր, որ սպասարկում էր նաեւ Շիրակի մարզի գյուղական բնակիչներին, ՍՊԸ-ն 2004 թ. բանկի Գյումրիի մասնաճյուղի հետ եւս կնքել է համագործակցության պայմանագիր:
«Իմ սրահում մենք համ պատվերով կահույք էինք պատրաստում, համ ներկրում էինք, որպեսզի շրջանառությունս ավելացնեմ, գյուղական բնակավայրերի բնակիչների հետ էլ կարողանամ աշխատել, որոշեցի համագործակցել ԱԿԲԱ-ի հետ,- պատմում է գործարարը,- սկզբում ընթացիկ հաշվի պայմանագիր կնքվեց, հետո արդեն` համագործակցության: Դա ինձ հնարավորություն էր տալիս ապրանքս բանկի միջոցով ապառիկ ձեւակերպելու, այսինքն` երկկողմանի օգուտ էր, մյուս կողմից էլ առձեռն գումար չունեցող գյուղացին եւս կարողանում էր իմ սրահից օգտվել»:
Սկզբում ամեն ինչ հարթ է ընթացել: Սակայն երկու տարի անց հաճախորդները սկսում են բողոքել Արա Շիրոյանին` բանկային պայմանագրից դուրս ներկայացվող պահանջների կապակցությամբ: «Օրինակներով խոսեմ, որ հասկանալի լինի: Ասենք` ոմն Մուշեղ եկել է իմ խանութ ու ուզում է խոհանոցի կահույք գնել ապառիկով: Ես իրեն ուղարկում եմ բանկ, էս դեպքում` «Հայգյուղփոխբանկ», այն ժամանակ դեռ անվանափոխություն չէր եղել: Սակայն ապառիկը ձեւակերպելու փոխարեն նույն մարդը վերադառնում է սրահ, թե բանկում ինձնից պահանջում են ինչ-որ մեկի պարտք մնացած գումարը մուծել, այլապես հրաժարվում են ապառիկը ձեւակերպել,- պատմում է Ա. Շիրոյանը,- պարզվում է` ապառիկի ձեւակերպումից բանկը հրաժարվում է այն պատճառաբանությամբ, թե տվյալ մարդու հարեւանը, թաղակիցը կամ համագյուղացին իրենց մոտ ապառիկ ունի, ասենք` հեռուստացույց եւ վերջին ամիսը չի մուծել: Բանկն էլ իմ հաճախորդին է ստիպում էդ գումարը մուծել»:
Արա Շիրոյանը իր հաճախորդների միջոցով տեղեկանում է բանկում ներքին կարգով կիրառվող մի գործառույթի մասին, որ, մեղմ ասած, համարվում է ապօրինություն, սակայն շատ-շատերն այդ մասին չեն բարձրաձայնում, քանի որ տվյալ պահին իրենց միակ հույսը բանկից վերցնելիք վարկային գումարն է: Գործարարը պատմում է, որ առաջին նման դեպքի ժամանակ ինքը հաճախորդ չկորցնելու համար վերջինիս հետ գնացել է բանկ, մուծել պահանջվող ապօրինի գումարը, որպեսզի ոմն Մուշեղի հետ գործարքը կայանա:
Ստացվում է մի հետաքրքիր կոմբինացիա: Ոմն Մուշեղ, որ մեծ ցանկություն ունի ապառիկ խոհանոցի կահույք ձեռք բերելու, բանկում ապառիկի ձեւակերպման ընթացքում մուծում է կանխավճար` արժեքի 30 տոկոսը, բացի դրանից` բանկը պահանջում է հաճախորդից եւս մեկ ամսվա գումար: Այդ պահանջն ապառիկի ձեւակերպման թղթատարության մեջ որեւէ կերպ արտացոլված չէ, այդ թվում` նաեւ ինչ-որ մեկի ապառիկի` պարտք մնացած գումարը: Վերջին պահանջը բանկի գործելակերպում ամենաանհասկանալիներից է:
Անօրինական պահանջ բանկի «ստրախովկի» համար
«Էդ մեկ ամսվա գումարը որ ուզում են, բանկը պատճառաբանում է, թե «ստրախովկի» համար է, էդպիսի կետ պայմանագրի մեջ չկա, բայց բանկը դա անում է, որ եթե որեւէ մեկ ամիս հաճախորդը չկարողանա մուծել, ինքը հանկարծ չտուժի, իր մոտ խախտում չլինի: Ու էդպես հազարավոր մարդիկ կան, որ էդ ձեւով են ապառիկ կամ վարկ վերցնում,- ասում է Արա Շիրոյանը,- ու զարմանալին ո՞րն է. բանկն ինձ մեղադրում է փող լվանալու, թաքցրած եկամուտների մեջ, բայց էդ բոլորն ինքն է անում: Հլա պատկերացրեք` քանի հազար հաճախորդ էդպես ավել մուծումներ ունի, բայց ոչ մի տեղ բանկային թղթերով դա չի երեւում, միլիոնների հասնող ստվերային գործարքներ են դրանք»:
Արա Շիրոյանը պարզ մաթեմատիկական հաշվարկ է անում: Իր հաճախորդը, վերցնելով 250 հազար դրամի ապրանք եւ ապառիկը ձեւակերպելով բանկում, մուծում է գումարի 30 տոկոսը (75 հազար դրամ)` որպես կանխավճար, որ նախատեսված է պայմանագրով:
Բացի այս, «թակարդն» ընկած հաճախորդին առաջարկվում է մուծել եւս 14 կամ 15 հազար դրամ (175 հազարը բաժանած 12 ամիսների)` մեկ ամսվա գումարը, մի բան, որ ամրագրված չէ պայմանագրով: «Մարդիկ են եղել, որ սուս ու փուս համաձայնվել են,- ասում է Ա. Շիրոյանը,- բայց եղել են նաեւ ընդվզողներ, հատկապես, երբ առաջարկել են X կամ Y հազար դրամ էլ մուծել բոլորովին այլ վարկառուի փոխարեն` հայտարարելով, թե այլապես ապառիկը չեն ձեւակերպի»:
«Երբ հարցրել եմ ԱԿԲԱ-ում, թե ինչի են էդպես վարվում, ինձ ասել են, թե դա իրենց բանկի կարգն է, բայց եթե դա կարգ է, ուրեմն թող պայմանագրերի մեջ էլ նշեն,- նկատում է գործարարը,- հաճախորդին չկորցնելու համար ես եղել է դեպք, որ 20 հազար դրամ էլ եմ մուծել բանկի պահանջած ոչ օրինական գումարներից: Իմ օգուտը էդ 30 տոկոսն է, եթե 250 հազարի օրինակով վերցնենք` 75 հազար դրամը: Ես մուծում եմ 20 հազարը, փաստորեն իմ օգուտը մնում է 55 հազար, ու դա էլ վատ տարբերակ չէ, եթե հաշվի առնենք, որ բանկի ոչ օրինական պահանջների դեպքում հաճախորդ կորցնելով` իմ օգուտը զրո է լինում: Շատ մարկանց փոխարեն եմ մուծումներ արել: Հետո ինձ սկսեցին մեղադրել, թե ես ինչ եմ գալիս բանկ ու մարդկանց փոխարեն մուծումներ կատարում»:
Բանկ-կահույքի սրահ-հաճախորդ համագործակցության վերջին ակորդը բանկի կողմից միանգամից 3 հաճախորդների ապառիկի ձեւակերպման մերժումն է դառնում: Արա Շիրոյանը հենց նրանցից էլ տեղեկանում է, որ «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկն» իր հետ այլեւս չի աշխատում, որ ինքը զբաղված է «փող լվանալով», եւ որ սրահն ընդհանրապես չի գործում:
«Ես, իհարկե, անմիջապես գնացի, որ ճշտեմ, թե ինչու է բանկը դադարեցրել պայմանագիրը, ինձ պատճառաբանեցին, որ իրանց տարօրինակ է թվացել, թե ես ինչու եմ ուրիշի տեղը փող մուծում, ինչո±վ է պայմանավորված իմ շահագրգռվածությունը: Ես էլ իրանց պատասխանեցի, որ եթե ես շահագրգռված չլինեմ, ենթադրենք Պողոսյան Հրաչն ընդհանրապես շահագրգռված չի լինի, կգնա ուրիշ տեղից կվերցնի, իսկ դրանով իմ սրահի շրջանառությունը կընկնի: Կարող ա օգուտս քիչ լինի, համենայնդեպս, զրո չի լինի»,- բացատրում է Ա. Շիրոյանը:
29.11.2006 թ. Արա Շիրոյանը բանկի միջոցով «Թաիս» խանութ-սրահից 495 հազար դրամ արժողությամբ ննջարանի կահույքի ապառիկ է ձեւակերպում: Վարկի վերջնական մարման ժամկետ նշվում է 2007 թ. նոյեմբերի 29-ը, Շիրոյանը վարկի փաստացի մարումը կատարում է ժամկետից շուտ` 25.09.2007 թ.: Սակայն չգիտես ինչու, չսպասելով մուծման հերթական օրվան` ԱԿԲԱ-ն օգոստոսի 17-ին դիմում է Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան` գումարի բռնագանձման պահանջով:
«Ինձ մեղադրում էին ժամկետանց պարտավորություն ունենալու մեջ, որ իբրեւ թե ես 16 օրով ուշացրել եմ իմ մուծումը, էն դեպքում, որ մուծումը ես պիտի կատարեմ օգոստոսի 28-ին, իսկ հայցադիմումը տրվել է 11 օր շուտ` ամսի 17-ին,- ասում է Արա Շիրոյանը:- Բանկի կառավարիչը` Ոսկան Զաքարյանը, էդ ժամանակ արձակուրդում էր: Իմանալով, որ ես համարժեք պատասխան եմ պատրաստել ու պատրաստվում եմ դատարանում ապացուցել հակառակը, ինձ զանգ է տալիս, թե` Արա, հըլը էդ գործին ընթացք մի տու, սխալվել են եւ այլն, եւ այլն, ես գուկամ արձակուրդից, կխոսանք, կպայմանավորվինք»:
Զաքարյանը խնդրում է գործին ընթացք չտալ նաեւ մեկ այլ պատմության պատճառով: Երկու ամիս առաջ բանկի աշխատակիցը գողություն էր կատարել` 100 դոլարանոց թղթադրամները կապոցում փոխարինելով 1 դոլարանոցներով, եւ եւս մեկ սկանդալային պատմության անհրաժեշտություն այդ պահին, բնականաբար, չէր զգացվում: «Առանց էդ էլ մի հատ «չեպե» կա վրես, չեմ ուզում մեկն էլ ավելանա»,- բանկի կառավարչի խոսքերն է հիշում Ա. Շիրոյանը:
Արա Շիրոյանի` բանկի ներկայացրած հայցադիմումի պատասխանում հիմնավորված ձեւով ներկայացված էր պայմանագրի դադարեցումից հետո 3-րդ եռամսյակում ՍՊԸ-ին հասցված վնասը, եւ գործարարը բանկի կողմից վնասի հատուցման պահանջ էր ներկայացնում` 1մլն դրամից ավելի գումարի չափով: Անսալով բանկի Գյումրիի մասնաճյուղի ղեկավարի խնդրանքին` գործարարը սեպտեմբերի 27-ին համաձայնվում է բանկի հետ կնքել համագործակցության նոր պայմանագիր:
Այդպիսով, սեպտեմբերի 29-ին նշանակված դատական նիստը չի կայանում, եւ գործը մնում է առանց քննության: Բանկում խոստանում են նաեւ վերականգնել Արա Շիրոյանի վնասը: Ըստ գործարարի` այստեղ էլ բանկը կոպիտ խախտումներ է թույլ տալիս: Շիրոյանի տղայի անունով առանց ապրանքի ապառիկ է ձեւակերպում, որպեսզի տուժած գործարարը գումարը ստանա: «Բայց քանի որ ապառիկ է ձեւակերպած ու կարեւոր չէ, որ, ասենք, ես դրա դիմաց ապրանք դուրս չեմ տվել, մեկ է` ես դրա տոկոսները պիտի մարեմ ու մարել եմ,- ասում է Արա Շիրոյանը,- էն ժամանակ իմ համար կարեւորը աշխատելն էր, դրա համար շատ բաների վրա աչք էի փակում»:
Հետագայում բանկի թվացյալ բարերարությունն աշխատում է ի վնաս գործարարի: Արա Շիրոյանը պարզում է, որ ԱԿԲԱ-ն «Ակռա կրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ին տրամադրել է սխալ եւ զրպարտիչ տեղեկություններ` իրեն դասելով անհուսալի վարկառուների շարքին: Այդ մասին գործարարը տեղեկանում է միայն 2009 թ. մայիսին, երբ վարկ վերցնելու համար դիմում է «ՎՏԲ-Հայաստան» բանկին եւ մերժվում «Աքռա Քրեդիտ Ռեփորթինգի» զեկույցի հիման վրա:
Գործարարի համոզմամբ` ԱԿԲԱ-ին նախ եւ առաջ հարկավոր էր, որ ինքը լռեր, իսկ հետագայում բանկն, այնուամենայնիվ, իր «սեւ» գործն արել է` Շիրոյանին հռչակելով ոչ վստահելի, անհուսալի վարկառու: Թեկուզ մեկ անգամ անհուսալի վարկառուների ցուցակում հայտնվելը նշանակում է, որ քո առաջ փակվում են բանկային բոլոր կառույցների դռները:
Արա Շիրոյանը համարում է, որ բանկն իր գործելակերպով արատավորել է իր գործարար համբավը: Ոչ օբյեկտիվ կերպով դասել է անհուսալի վարկառուների շարքին, զրպարտել եւ զրկել այլ բանկային կառույցներից վարկ ստանալու հնարավորությունից` ՍՊԸ-ին հասցնելով ֆինանսական մեծ վնաս եւ տանելով սնանկացման: Գործարարը հույս ունի, որ դատական ատյանների միջոցով պիտի վերականգնի ոչ միայն իր բարի համբավը, այլեւ հասցված վնասը: Արա Շիրոյանն այս պահին այն գնահատում է 11 մլն դրամ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել