Ազատագրված տարածքներ` հող հայրենի
Արցախի զինված ուժերի նախկին հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս), պատասխանելով մի լրագրողի հարցին, թե ինչ նպատակով էին պատերազմի ժամանակ ազատագրվել տարածքները, պատասխանել է.-Արցախյան պատերազմի ժամանակ տարածքները ազատագրվում էին անվտանգության գոտու ստեղծման համար, քանի որ հակառակորդի մոտ կազմավորումներ կային, որոնք ցանկացած պահի կարող էին հարձակվել Ղարաբաղի վրա:
Դրա համար էլ ազատագրվել են այդ շրջանները. ոչ թե տարածքներ են ազատագրվել, այլ ոչնչացվել են հակառակորդի կրակակետերը, զինտեխնիկան եւ այլն: Այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտու ստեղծման խնդիրը շատ լուրջ էր, ամեն ինչ ծրագրված էր եւ հաշվարկված, պետական ծրագիր էր, աշխատում էր ողջ համակարգը:
Այնպես որ` այդ տարածքները պատահական չեն ազատագրվել: Ներկայումս էլ այդ շրջանները մեր ռազամավարական անվտանգությունն են, առանց որոնց մենք կմեծացնենք վտանգավորության աստիճանը, այսինքն կխախտենք անվտանգությունը: Դա` ռազմական տեսանկյունից, իսկ քաղաքական գործիչները մի քիչ այլ կարծիք ունեն:Հարգարժան գեներալի կողմից արտահայտված կարծիքին կարելի է համաձայնվել կամ չհամաձայնվել, դա չէ խնդիրը: Ողջ դժբախտությունը կայանում է նրանում, որ հայության մեջ (նկատի ունենք ռազմաքաղաքական շրջանակները) հայ զինվորի կողմից ազատագրված տարածքների հող հայրենիի նկատմամբ չկա միասնական կարծիք, ինչը չենք կարող ասել մեր անմիջական թշնամու` Ադրբեջանիեւ Արարատ լեռան ժամանակավոր սեփականատիրոջ` Թուրքիայի վերաբերյալ: Թեմայի հետ առնչություն ունի երեք տարի առաջ :Ակունք թերթի խմբագիր Կ. Միրզոյանի հյուր` Հայկական ժամանակ թերթի թղթակից Ավետիս Բաբաջանյանի հետ կայացած հանդիպման պատմությունը:Երիտասարդ լրագրողն իր մի քանի հրապարակումներում անդրադառնալով Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը օգտագործել է բազմաթիվ խոցելի տերմիններ ու բառակապակցություններ, մասնավորապես ազատագրված (գրավյալ) տարածքներ, գրավյալ-ազատագրված տարածքներ, այսպես կոչված` անվտանգության գոտի, ԼՂՀ-ի 600 հազար հեկտար վարելահողերը եւ այլն: Իմ այն հարցին, թե Քաշաթաղի եւ Քարվաճառի շրջանները նրա համար ինչ են նշանակում, Ավետիսը պատասխանել է. Պարզապես, ազատագրված տարածքներ: Ու ես նրան ներկայացրել եմ իմ նախնիների պատմությունը: Նախապապս` Սարգիսը, որի անունից է գալիս իմ ազգանունը, ծնվել է ներկայիս Քաշաթաղի շրջանի Ալյուրաշեն գյուղում, որը հետագայում օտարները անվանել են Ալղուլաշեն- Ալղուլի (ներկայումս` ազատագրվելուց հետո, չգիտես ինչու, կոչվում է Ղազարապատ): 1905 թ. օգոստոսին հայ-թուրքական ընդհարումների ժամանակ գյուղի բնակիչները երեք օր կենաց ու մահու կռիվ են մղել թշնամիների դեմ եւ ուշացումով օգնության հասած ռուսական կայազորի ուղեկցությամբ տեղահանվել, բնակություն են հաստատել Արցախի տարբեր գավառներում Հովհաննես պապս տնավորվել էր Խանքենդում (ներկայիս Ստեփանակերտում): Նա մի ձեռքը կորցրել էր քոչվոր թարաքամների դեմ կռվելու ժամանակ: 1905 թվականին Խանքենդում Հովհաննես պապս ամուսնացել է Մեհտիշեն գյուղի բնակչուհի Մարգարիտի հետ եւ ունեցել է վեց տղա, մեկ աղջիկ: Ի դեպ, հին Ստեփանակերտում, երբ ուզում էին ներկայացնել ամենաերջանիկ մորը` Մարգարիտ տատիս էին մեջբերում, քանի որ նրա վեց տղաները մասնակցել են Հայրենական Մեծ պատերազմին եւ վեցն էլ ողջ-առողջ վերադարձել են: Տղաներից տարեցն Անդրանիկն էր` իմ մեծ պապը: Նրա կինը` Թազագյուլը, ծնվել է 1914թ`. Պարսկաստանում, բայց նրանց գերդաստանի բնօրրանը Ծար գյուղաքաղաքն է եղել: Շահ-Աբասի օրոք Ծարը եւ նրա հարակից շատ գյուղեր տեղահանվել եւ բնակեցվել են Պարսկաստանի Ղարադաղի օստանում: Հետագայում 1928 թ., Նավասարդյանների գերդաստանը ներգաղթել է Հայաստան: Այսինքն տատիս գերդաստանի բնակավայրը Քարվաճառի (օտարահունչ` Քելբաջար) շրջանի կենտրոնն է եղել, իսկ պապիս գերդաստանինը Քաշաթաղի (օտարահունչ` Լաչին) շրջանի Ալյուրաշեն-Ալղուլի գյուղը: Մտերմիկ զրույցի վերջում հարգարժան երիտասարդ լրագրողին հարց տվեցի.Սիրելի Ավետիս, ի՞նչ խորհուրդ կտաս, ինչպե՞ս վարվենք, տատիս ազատագրված բնօրրանը հանձնե՞նք թշնամուն, պապիս պահե՞նք, թե՞... Իսկ ի՞նչ պատասխան կարող ես տալ շահումյանցիներին, գետաշենցիներին, մարաղեցիներին եւ մյուս տեղահանված եւ բռնազավթված բնակավայրերի բնակիչներին, ովքեր սպասում են իրենց հարազատ բնօրրանների ազատագրմանը: Երիտասարդ լրագրողն ինձ հասկացավ: Նա հասկացավ, որ ազատագրված շրջանները լոկ տարածքներ չեն, դրանք հայկական հողեր են, մեր պապենական հողերն են, որտեղ դարեր առաջ ապրել ու արարել են մեր նախնիները: Այդ տարածքներն ազատագրելու համար հազարավոր հայորդիներ իրենց կյանքն են նվիրաբերել...
Ցավալի է, որ մի շարք պետական պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ եւ քաղաքագետներ դեռ շարունակում են Քաշաթաղի շրջանը դիտել որպես միջանցք, այն էլ` Լաչինի միջանցք: Պարզապես, նման մարդկանց խորհուրդ կտայինք մտաբերել իրենց ծննդավայրը կամ անվանադիր նախնիների բնօրրանը եւ պատկերացնել, որ ինչ-որ տարօրինակ մարդիկ այդ բնակավայրը կոչում են ոչ թե գյուղ, ավան կամ քաղաք, այլ` միջանցք: Իսկ ինչ մնում է Քարվաճառի շրջանի վերաբերյալ մեր դիվանագետների եւ քաղաքագետների արտահայտած այն տեսակետներին, թե իբր շրջանը չի կարելի հանձնել թշնամուն, քանի որ այնտեղ կան մեծ քանակությամբ ջրային պաշարներ, ուղղակի կարելի է ապշել: Բանից պարզվում է, որ եթե Քարվաճառի շրջանը ամբողջովին անապատ լիներ, առանց մի խոսքի կարելի է հանձնել թշնամո՞ւն: Ահա եւ հող հայրենիի նկատմամբ վերաբերմունք: Վաղ անցյալից հիշենք, երբ ազգային-ազատագրական շարժման տարիներին հրապարակավ պահանջում էինք Արցախի վերամիավորում Մայր Հայաստանին, այն ժամանակվա Ադրբեջանի առաջնորդը` Վեզիրովը, հայկական միամտության վրա զարմացած, ասել է. Հողը արյունով են վերցնում: Մեր հողերը մեզ չեն նվիրել, ամեն մի թիզ ազատագրելու համար արյուն է թափվել: Հերթական անգամ հիշեցման կարգով նշենք, որ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւը իրենց խորհդարանում մի ելույթի ժամանակ Ղարաբաղի (Արցախի) եւ ազատագրված տարածքների կապակցությանբ հայտարարել էր, որ այդ տարածքները քարքարոտ, անջրդի եւ հողագործության համար ոչ պիտանի տարածքներ են, բայց ազատագրումը արժանապատվության հարց է (ասել է թե` թասիբի հարց է): Իսկ մեզ հայերիս համար մեր տարածքները (այդ թվում ազատագրված, եւ ազատագրվելիք) ի՞նչ են, եթե ոչ գոյապահպանման երաշխիք ու աղբյուր: Հողերի հետ կապված մի հետաքրքիր հանգամանք եւս. ենթադրենք հայությանը հնարավորություն ընձեռվի ազատագրելու Նախիջեւանը (էլ չեմ ասում` Արեւմտյան Հայաստանը): Հետաքրքիր է, այդ ժամանակ է՞լ ենք ասելու, որ Նախիջեւանը գրավյալ տարածք է: Ցավալին այն է, որ որոշ պետական, քաղաքական, հասարակական գործիչներ մոռանում են, որ մեր ազգային-ազատագրական շարժման նպատակը եղել է Մայր Հայաստանի հետ Արցախի վերամիավորումը: Պարտադրված պատերազմի ժամանակ հայ զինվորները պայքարել են հանուն հայրենիքի եւ միացման գաղափարի, այլ ո'չ թե ԼՂՀ անկախության համար: Այս պարզ ճշմարտության մեջ է թաքնված մեր ազգային հիմնախնդիրների լուծման բանալին: Լավագույն դեպքում, եթե ընդունենք, որ անկախ պետության` ԼՂՀ-ի ստեղծումը միջոց է մեր բաղձալի նպատակին հասնելու համար, ապա, կարծում ենք, ոչ մի գիտակից էակ հանուն միջոցի իր կյանքը չի զոհաբերի: Այնպես որ, արյան գնով ազատագրված հող հայրենին չի կարող սակարկման, ինչպես նաեւ շահարկման առարկա դառնալ: Եւ չմոռանանք, որ ԼՂՀ Սահմանադրության մեջ հստակ ամրագրված է. Մինչեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբողջականության վերականգնումը եւ սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավազորության ներքո: Այսինքն, ավելի պարզ ասած` ազատագրված տարածքները մեր հայրենի հողերն են եւ մեր ամբողջական Հայրենիքի անբաժան մասը: Եւ պարզ է նաեւ, որ Սահմանադրության պահանջի խախտումը, ում կողմից էլ այն կատարվի, խստագույնս պատժվելու է օրենքով:
Աշոտ Սարգսյան
Հոդվածը կրճատումներով տպագրվել է Ազատ Արցախ թերթում
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել