Հարցազրույց Համահայկական երիտասարդական հիմնադրամի փոխտնօրեն Արթուր Սողոմոնյանի հետ
Դուք Հայաստանում ամենաակտիվ երիտասարդական կառույցներից եք, ո՞րն է ձեր առաքելությունը:
Այս տարեվերջին լրանում է հիմնադրամի ստեղծման տասնամյակը, և այս 10 տարիների ընթացքում բազմաթիվ ուսանողական ծրագրեր են իրականացվել մեր աջակցությամբ: Երբ 1994 թ. բուհերում ստեղծվեցին ուսանողական խորհուրդներ, ուսանողական ինքնակառավարման մարմինները, մեծ խնդիրներ ունեին ֆինանսական աջակցության, և շատ քչերին էր հաջողվում բուհից գումարներ պոկել ծրագրերի համար: 1998 վերջին, երբ հիմնադրամը ստեղծվեց, եղավ մեծ աջակցություն բոլոր ուսանողական ինքնակառավարման մարմիններին, ու բուհերում սկսեցին կայանալ այդ կառույցները` տեխնիկական վերազինման ծրագրեր, ավանդական միջոցառումներ, ուսանողական գարուններ, աշուններ, հանգստի կազմակերպման, տեղեկատվական նյութերի տպագրության, ռադիոհանգույցների ստեղծման բազմաթիվ ծրագրեր են ֆինանսավորվել:
Իսկ որտեղի՞ց եք ստանում ֆինանսավորում:
Ֆինանսավորում ստանում ենք տարբեր բարերարների կողմից, նաև բուհերն են մեզ գումարներ փոխանցում, որոնց շրջանակներում ուսանողները հնարավորություն են ստանում իրականացնել իրենց ծրագիրը: Այսինքն` հիմնադրամը դարձավ միջնորդ ուսանողական խորհուրդների և բուհերի ղեկավարության միջև:
Իսկ պետական ֆինանսավորում, պետական աջակցություն չե՞ք ստանում:
Մենք հնարավորություն ունենք ծրագրերի իրականացման ընթացքում ժամանակ առ ժամանակ դիմել Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը, և և եթե ծրագիրը համապատասխանում է նախարարության կողմից վարվող պետական երիտասարդական քաղաքականության առաջնահերթություներին, ապա մենք ստանում ենք աջակցություն: "Բազեն", օրինակ, մեծամասամբ ֆինանսավորվում է պետական բյուջեից ու ներառված է երիտասարդության ռազմավարության պետական հայեցակարգի մեջ:
Ձեր ընդհանուր նպատակներից է նաև կապեր հաստատել սփյուռքի և տեղացի ուսանողների միջև, ի՞նչ եղանակներով եք դա իրականացնում:
Բացի բուհական ծրագրերից, իրականացվում են նաև համահայկական ծրագրեր, որոնցից մեկը "Բազե" համահայկական երիտասարդական հավաքն է, և դրա հիմքում ընկած են այդ խնդրի լուծման քայլերը, քանի որ "Բազեին" մասնակցող երիտասարդների 90%-ը սփյուռքահայեր են, որոնք առաջին անգամ են լինում Հայաստանում, միգուցե եթե չլիներ այդ հրավերը, նրանք չէին գա Հայաստան: Մենք նաև տվյալներ ունենք, թե մեր ծրագրերին մասնակցելուց հետո նրանցից ովքեր են մնացել Հաայստանում, ինչով են զբաղվում, այդ երիտասարդները այժմ շատ ոլորտներում իրենց ներդրումները ունեն, ընդունվում են այստեղի բուհեր, եղել են նաև ամուսնություններ, բիզնես նախաձեռնություններ: Ու տարեցտարի այդ երիտասարդների քանակը ավելանում է:
Մենք Շուշիի ազատագրման 15-ամյակին նվիրված միջոցառում էինք նաև կազմակերպել` “Հարսանիք լեռներում օպերացիան 15 տարի անց” խորագրով, որին մասնակցում էին մեծ թվով երիտասարդներ Երևանից, մարզերից, սփյուռքից: Այսինքն` երիտասարդները մեր ազատամարտիկների հետ անցան այն ճանապարհով, որով անցել են նրանք Շուշին ազատագրելու ժամանակ, ծանոթացան օպերացիայի մանրամասներին, հանդիպեցին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների: Այս բոլոր ծրագրերը նպաստում են հայրենիք-սփյուռք կապերի ստեղծմանը և ամրապնդմանը:
"Բազեից" բացի ի՞նչ մեծածավալ ծրագրեր եք իրականացրել վերջին տարիներին:
Վերջին տարիներին մեր հիմնական խնդիրներից մեկը շինարարությունն էր, որը այս տարի վերջացրել ենք: Այս տարիների ընթացքում երկու մասնաշենք ենք կառուցել, որոնցից մեկը ուսանողական համալիր է, որը գտնվում է Զեյթունի ուսանողական հանրակացարանի հարևանությամբ և բոլորովին նորակառույց մասնաշենք է, բոլոր հարմարություններով, որտեղ ապրում են և' տեղացի, և' արտասահմանցի ուսանողներ: Հանրակացարաններում ուսանողները տեղավորվում են` դիմելով մեզ ու կատարելով համապատասխան վճարումներ, սակայն երբեմն տնտեսական հաշվարկը ճիշտ չեն անում ու որոշում են, որ թանկ են վարձելու համար: Իսկ երկրորդ շենքը, որի բացումը դեռ չի եղել, լինելու է համահայկական երիտասարդական կենտրոն: Այն կլինի ռեսուրս կենտրոն, ու մեծ թվով ծրագրեր կկարողանանք իրականացնել հենց այստեղ:
Ծրագրերին մասնակցելը ի՞նչ է տալիս երիտասարդին:
Տալիս է այն ամենը, ինչ չի տալիս բակը, փողոցը, բուհը, տալիս է լայն հնարավորություն միմյանց հետ շփվելու, տարբեր ոլորտներում ինքնադրսևորվելու: Այն մարդը, ով փորձում է ինչ-որ կամավորական աշխատանք կատարել, կամ ունի ժամանակ ու ճիշտ է պլանավորում այն, նա գտնում է ժամանակ մասնակցելու այս ծրագրերին:
Շատերը երիտասարդություն ասելով հասկանում են զուտ ուսանողությանը, բայց կա և երիտասարդների մի հատված, ովքեր ուսանողներ չեն, դուք նրանց համար նախաձեռնություններ ունե՞ք:
Շուտով, որ շենքը սկսի աշխատել, մենք կունենանք բազմաթիվ ծրագրեր, կոնֆերանսների դահլիճ կունենանք, ուսումնական կենտրոն, որտեղ կլինեն որոշակի դասընթացներ, համակարգիչներից անվճար կամ վճարովի օգտվելու հնարավորություն, ինչպես նաև կունենանք մշակութային կենտրոն, որտեղ երիտասարդները` և' ուսանող, և' ոչ ուսանող, որոշակի նախաձեռնություններով կարող են հանդես գալ մեզ մոտ:
Օրինակ` եթե կա ինչ-որ ռոք խումբ, որը չունի ֆինանսական միջոցներ և ինքնադրսևորվելու հնարավորություն, կարող է մեզ մոտ գտնել այդ հնարավորությունը` այստեղ կազմակերպելով իր համերգները` համապատասխան հանդիսատեսի առաջ: Միգուցե մի օր էլ հայտնի դառնան: Շինարարության ընթացում մենք մի փոքր պասիվացել էինք, նաև մի շարք ծրագրերի իրականացումից էինք հրաժարվել, բայց այժմ նորից կսկսենք ակտիվ աշխատել: Կենտրոնի բացման արարողության ժամանակ արդեն ավելի մանրամասն կասենք այդ ամենի մասին, հիմա այդ բոլոր ծրագրերը մշակվում են:
Իսկ արտասահմանում կրթության ծրագրեր ֆինանսավորում եք:
Ժամանակին եղել են այդպիսի դեպքեր, բայց հիմա մեր պետական բուհերի լավագույն ուսանողները կարող են դիմել և իրենց գիտելիքներով ընդունվել արտասահմանյան համալսարաններ, եթե մի ժամանակ դա հասու էր ամեն 10.000-ից մեկին, ապա այժմ`ամեն 10-ից մեկին, քանի որ ավելի բաց է, և հենց ադ պատճառով էլ մենք աջակցություն ցույց չենք տալիս, քանի որ լավ ուսանողները շատ են, ու մենք չենք կարող ընտրել, բացի այդ` ստեղծվել է "Լույս" պետական հիմնադրամը, որը զբաղվում է դրանով:
Հարցազրույցը՝ Աստղիկ Խաչատրյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել