HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Օգնականներ` պատգամավորների գործունեությունն արդյունավետ դարձնելու համար

Երեկ «Ժառանգություն» խմբակցությունը օրինագիծ ներկայացրեց «Ազգային ժողովի կանոնակարգ» եւ «ՀՀ ԱԺ աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին, որի նպատակն է պատգամավորի գործունեությունն առավել արդյունավետ դարձնել` յուրաքանչյուրին հատկացնելով մեկ օգնականի հաստիք: Օրինագիծն այսօր անցավ առաջին ընթերցմամբ: Օրինագծի մասին զրուցեցինք դրա համահեղինակ, «Ժառանգություն» խմբակցության վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանի հետ:

-Ինչու՞ առաջացավ նման օրենքի կարիք, չէ որ պատգամավորն ունի հասարակական հիմունքներով աշխատող երկու օգնական:

-Նորմալ պատգամավորը ունի շատ զբաղված գրաֆիկ եւ արդյունավետ աշխատելու համար պետք է ունենա օգնական: Հասարակական կարգով օգնականները հիմնականում ուսանողներ են, եւ երբ որ ազատ են, գալիս են 2-3 ժամով, ինչը վնասում է մեր արդյունավետությանը: Նաեւ` հասարակական հիմունքներով աշխատող օգնականների իրավունքները մենք, փաստորեն, ոտնահարում ենք, քանի որ աշխատում է, բայց աշխատանքային գրքույկում չի գրվում եւ այլն:

-Ինչպիսի՞ որակավորում պետք է ունենա օգնականը:

-Իմ կարծիքով, պետք է ունենա բարձրագույն կրթություն` իրավաբանի, քաղաքագետի կամ էլ տնտեսագետի, մնացածը պատգամավորը կսովորեցնի: Եթե նորմալ աշխատեն, սա մի լուրջ դպրոց է, որ կպատրաստի քաղաքական գործիչներ:

-Մտահոգություն չկա՞, որ անպատասխանատու պատգամավորների համար օրենքը կարող է առիթ լինել` իրենց աշխատանքը օգնականի ուսերին բարդելու:

-Իհարկե, մտահոգություն կա: Պատգամավորը չպետք է դիտի իր օգնականին որպես քարտուղար: Սակայն, հնարավոր չէ սահմանազատել այն պատգամավորներին, որոնց իրականում այդ օգնականը պետք է, նրանցից` ում պետք չէ: Սակայն, եթե օրենքը գործի, հնարավոր կլինի սահմանազատել, քանի որ այսօր մեր խորհրդարանում մեծամասնությունը բիզնեսով զբաղվող մարդիկ են եւ ժամանակ չունեն գալու խորհրդարան, նրանց մի ոտքը էստեղ է, մյուսը` Չինաստանում կամ Դուբայում:

-Չկա մեկ պատգամավոր, որ դեմ քվեարկած լինի օրինագծին, չնայած այն փաստի, որ բյուջեից զգալի գումար պետք է հատկացվի աշխատավարձ վճարելու համար (60-80 հազար դրամ): Ինչո՞վ է պայմանավորված այս փաստը:

-Աշխատող պատգամավորները դեմ չեն, քանի որ խեղդվում են գործի մեջ եւ միշտ օգնության կարիք ունեն: Իսկ չաշխատողների մեջ չկան, որովհետեւ երեւի իրենց գրպանից էին գումար տալիս, որ իրենց աշխատանքը ինչ-որ մեկը կատարի, իսկ այժմ պետությունն է վճարելու: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter