HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մատաղիսի գործը` Գյումրիում

Երեկ` նոյեմբերի 10-ին, Հյուսիսային քրեական դատարանում շարունակվել է ժամկետային զինծառայողներ, 23-ամյա Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի և Արայիկ Զալյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Հիշեցնենք, որ վերջիններս մեղադրվում են 2003 թ. դեկտեմբերի 24-ին Լեռնային Ղարաբաղի Մատաղիս գյուղի զորամասում կատարված սպանության մեջ: Ըստ քրգործի` վերոհիշյալ երեք երիտասարդները ուտելիքով լի ծանրոցի համար վեճի են բռնվել զինծառայողներ Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի հետ, նրանց դաժանաբար ծեծել, այնուհետեւ սպանել ու գցել ջուրը: Ինչպես հայտնի է, այս գործը մի անգամ արդեն քննվել է դատական բոլոր ատյաններում. Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Վոլոդյա Մանասարյանը ժամկետային զինծառայողներին դատապարտել էր տասնհինգ տարվա ազատազրկման, վերաքննիչ դատարանի դատավոր Մհեր Արղամանյանը այն դարձրել էր ցմահ, վճռաբեկ դատարանն էլ բեկանել էր վճիռը` ուղարկելով լրացուցիչ նախաքննության: Վճռաբեկ դատարանը փոխել էր նաև երիտասարդների խափանման միջոցը` դատարանի դահլիճից նրանց ազատ արձակելով: Հյուսիսային քրեական դատարանում վերսկսված դատական նիստն անցավ խիստ լարված մթնոլորտում: Ցուցմունք տվեց սպանված զինծառայող Ռոման Եղիազարյանի հորեղբայրը` Արթուր Եղիազարյանը, ով հայտարարեց, թե զորամասի հրամանատար Իվան րիգորյանը որևէ կապ չունի մարդասպանության հետ, և իրական հանցագործները մեղադրյալի աթոռին նստած երեք երիտասարդներն են: Եվ քանի որ վերջինս հաճախակի էր ամբաստանյալներին մարդասպան ու հանցագործ որակում, վիճաբանություն սկսվեց տուժողի իրավահաջորդի ու դահլիճում նստածների հետ: Վերջիններս Արթուր Եղիազարյանին "ծախված անձ" անվանեցին, ով, ըստ նրանց, կաշառվելով` փոխել է իր ցուցմունքը: Նախագահող դատավոր Հարություն Մովսիսյանն էլ ստիպված եղավ ընթերցել 2004 թ. Զինդատախազության քննիչ Արմեն Հակոբյանին Արթուր Եղիազարյանի ուղղած դիմում-ցուցմունքը, որտեղ նա կասկած է հայտնում, որ սպանության իրական մեղավորները հրամանատարներ Իվան րիգորյանն ու Միշա Արզումանյանն են: Իսկ թե ինչու է մի քանի տարի անց տուժողի իրավահաջորդը փոխել իր համոզմունքը ` դատավորի այս հարցին Արթուր Եղիազարյանը չկարողացավ պատասախանել: Տեղեկացնենք, որ նախորդ դատական նիստին ցուցմունք էր տալիս սպանված զինծառայող Հովսեփ Մկրտումյանի հայրը` Մովսես Մկրտումյանը, ով վստահ լինելով, որ ամբաստանյալները որևէ կապ չունեն իր որդու սպանության հետ, դատարանին խնդրում էր պատժել իրական մեղավորներին: Դատը հետաձգվեց մինչև նոյեմբերի 14-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter