Բնակարաններ են կառուցվում զոհված եւ հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքների համար
Ղարաբաղում շարունակվում է արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների եւ հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներին բնակարանով ապահովելու ծրագիրը:
ԼՂՀ կառավարությանն առընթեր կապիտալ շինարարության վարչության պետ Կարեն Շահրամանյանը հայտնեց, որ այս տարի ծրագրի շրջանակներում Ստեփանակերտի Ազատամարտիկների 9 շենքում 8 բնակարան է տրամադրվել վերոնշյալ խավերի ընտանիքներին: «Ծրագրով 2 սենյականոց տուն է կառուցվել Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում, իսկ 3 սենյականոց` Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղում: Սկսված է Ստեփանակերտի Ազատամարտիկների 7 հասցեում գտնվող 18 բնակարանանոց շենքի շինարարությունը, որը լրիվությամբ նախատեսված է զոհված ազատամարտիկների ընտանիքների համար»,-«Հետք»-ի հետ զրույցում նշել է վարչության պետը:
Տներ են կառուցվել նաեւ Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում`2 սենյականոց, Սարուշենում` 3 սենյականոց, Խնապատում` 3 սենյականոց, Ասկերանում` 3 սենյականոց, Մարտունիում` 2 եւ 3 սենյականոց, Մարտունու շրջանի Ճարտար գյուղում` 2սենյականոց եւ Ննգիում` 2 սենյականոց, Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղում` 3 սենյականոց: Շարունակվում է Մարտակերտի շրջանի Մեծ շեն գյուղում` 2 սենյականոց եւ Ծաղկաշենում` 3 սենյականոց տների կառուցումը, որը կավարտվի մյուս տարի: Մինչեւ տարեվերջ Շուշի քաղաքում կսկսվի մեկ տան շինարարություն եւս:
Կարեն Շահրամանյանի հավաստմամբ, մյուս տարի նախատեսվում է վերոնշյալ ծրագրով բնակարաններ կառուցել Մարտակերտի շրջանի Վաղուհաս, Կոճողոտ, Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղերում` 2-ական, Մարտակերտի շրջանի Պողոսագոմեր գյուղում` 1, Մարտունի քաղաքում`1, շրջանի Ճարտար, Նոր շեն, Հադրութի շրջանի Այգեստան, Թաղասեր, Տումի, Մայրամաձոր, Ջրակուս, Կարմրակուճ, Քյուրաթաղ գյուղերում` 1-ական:
Խոսքը առայժմ հայտնի ծրագրերի մասին է: Բացառված չէ, որ այս տներից բացի էլի կկառուցվեն, քանի որ դեռ ձեւավորված չէ 2009-ի պետբյուջեն, որտեղ հստակ ամրագրված կլինեն պետական ծրագրով իրականացվելիք աշխատանքները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել