HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ա. Մանասյան. «Ղարաբաղի հարցում մեր քաղաքական փաստարկների փաթեթը դատարկ է»

«Ռուսաստանը կարող է հռչակագրից սարքել լուրջ դերակատարություն ունեցող փաստաթուղթ, կարող է վաղը մոռանալ այդ մասին, զուտ դեկլարատիվ բնույթ ունեցող փաստաթղթերը հաճախ սկզբունքային են դառնում` կախված նրանից, թե քաղաքական գործընթացներում դիվանագիտական շրջանառության մեջ մտած փաստաթղթերին ինչ նշանակություն է տրվում»,- Հետքի` մոսկովյան հռչակագրի մասին հարցին այսպես պատասխանեց Քաղաքական հետազոտությունների ակադեմիայի նախագահ Ալեքսանդր Մանասյանն ասօր ԵՊՀ-ում կազմակերպված «Ղարաբաղյան հիմնահարցը հայ քաղաքական գիտակցության հայելում» թեմայով հանդիպման ժամանակ:

Ա. Մանասյանը համոզված է, որ Բաքվում արդեն համառորեն աշխատում են այն ուղղությամբ, թե ինչ քաղաքական փաստաթղթեր պետք է հայտնվեն սեղանին, այն բանից հետո, երբ հռչակագրում առաջ քաշվեց այն կետը, որ խնդիրը պետք է լուծվի նաեւ միջազգային իրավունքի շրջանակներում ընդունված փաստաթղթերի հիման վրա. «Վերջին 20 տարիների փորձը ցույց տվեց, որ ադրբեջանցիները հայտնի բոլոր փաստաթղթերի ամեն բառը անգիր գիտեն, իսկ մերոնք հաճախ նույնսիսկ այդ փաստաթղթերից անտեղյակ են»: Ըստ քաղաքագետի` երբ հարցը տեղափոխվում է քաղաքական հարթություն, եւ սկսվում է բանակցային գործընթաց, պատմական եւ իրավական փաստարկները դուրս են մղվում, եւ դա մեծ տերությունների ցանկությունն է. «Հարցը քաղաքականացվում է, վարպետ բանակցողի խնդիրն է` այնպիսի քաղաքական, իրավական, պատմական փաստեր բերել, որ հակառակորդը չկարողանա դիմադրել»: Սակայն Ա. Մանասյանը կարծում է, որ մենք լավագույն փաստարկները «թաղել ենք», մեր ներկայիս քաղաքական փաստարկները դատարկ են, հենց այդ պատճառով էլ 1991 թ.-ից բանակցությունները հօգուտ մեզ չեն ընթացել: Որպես կոպիտ դիվանագիտական սխալ` նա մատնանշում է հայերի կողմից հավանություն ստացած ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը. «Երբ Եվրոպան, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը ճանաչել են ադրբեջանական նորանկախ հանրապետությունը Ադրբեջանի խորհրդային հանրապետության սահմաններում, դրանով իսկ Լեռնային Ղարաբաղը նրանք ճանաչել են Ադրբեջանի մաս և մեր խնդիրը վեր են ածել ինքնորոշման խնդրի, ու մենք ընդունել ենք դա»: Պարոն Մանասյանին մտահոգում է, որ Հայաստանի առաջին դեմքերը միայն մի քանի անգամ են բարձրաձայնել այն, որ Լեռնային Ղարաբաղը մաս չի կազմում Ադրբեջանին, այսինքն` այլ բանաձեւ առաջ չի քաշվում, դիվանագիտական շրջանառության մեջ չեն դրվում այնպիսի կարեւորագույն փաստարկներ, ինչպիսիք են այն, որ Ադրբեջանն իրեն չի ճանաչել Ադրբեջանի խորհրդային սոցիալիստական հանրապետության իրավահաջորդ, 1990 թ. ԽՍՀՄ սահմանադրությանը համապատասխան Լեռնային Ղարաբաղը օրինականորեն հռչակել է իր անկախությունը եւ այլ փաստարկներ: Իսկ խեղված կերպարից մեզ համար լավ փաստաթուղթ ծնվել չի կարող, մեր հիմնական անելիքը Ղարաբաղյան խնդրի կերպարի փոփոխությունը պետք է լինի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter