Հանդիպում ԼՂՀ Ազգային ժողովում
Նոյեմբերի 10-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Հոլանդիայից և Վրաստանից ժամանած մի խումբ երիտասարդ հասարակական գործիչների, այդ թվում` Աշխարհի միջեկեղեցական խորհրդի Հարավային Կովկասի գծով ծրագրերի համակարգող Գուիդո դե Գրաաֆ Բիրբրաուվերին, «Սփարք» կազմակերպության կրթական ծրագրերի համակարգող Էլիզաբեթ Հիսին և Կովկասյան իրավաբանների ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Մեսխիին: ԼՂՀ Ազգային ժողովի մամլո ծառայության փոխանցմամբ հյուրերին ուղեկցում էր «Հելսինկյան նախաձեռնություն-92» միջազգային հասարակական կազմակերպության Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանը: Հյուրերի հաղորդմամբ` իրենց այցը հիմնականում ճանաչողական է եւ խնդիր ունեն ուսումնասիրելու ամառային միջազգային համալսարանների կազմակերպման միջոցով Լեռնային Ղարաբաղի երիտասարդական դաշտում կրթական ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: Նշվեց, որ նման դասընթացները, որոնց կազմակերպման փորձը կա Բալկանյան թերակղզու հակամարտային գոտիներում, իսկ Հարավային Կովկասի երկրներից` Վրաստանում, կոչված կլինեն նպաստել տարածաշրջանի ժողովուրդների միջև վստահության վերականգնմանն ու լարվածության թուլացմանը: Մյուս կողմից, ասացին նրանք, դրանք լրացուցիչ պայմաններ կստեղծեն ընդլայնելու համար ամառային համալսարաններում ընդգրկված երիտասարդների փոխշփումների դաշտը` նկատի ունենալով, որ ծրագրի իրագործմանը նախատեսվում է հրավիրել դասախոսների Եվրամիության երկրներից:
Իր հերթին կարեւորելով ժողովուրդների միջև փոխադարձ հանդուրժողականության հաստատման անհրաժեշտությունը, մանավանդ հակամարտության գոտիներում, ԱԺ նախագահն ընդգծեց, որ խնդրի լիարժեք իրագործումը միակողմանի մոտեցում չի ընդունում, եւ այն պետք է վերաբերի բոլոր հակամարտ կողմերին: Միևնույն ժամանակ, հայտնելով, որ ԼՂՀ իշխանությունները պատրաստակամ են աջակցելու մարդասիրական բնույթի ցանկացած նախաձեռնության, խորհրդարանի նախագահը նշեց, որ այդ առումով նպատակահարմար է, որպեսզի առաջարկվող ձեռնարկն ունենա հստակ ու հանգամանալի ծրագիր, որում ամրագրված լինեն ինչպես կազմակերպական միջոցները, նույնպես և թեմատիկ ընդգրկումները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել