HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարարները արդեն Սյունիքում են

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ այսօր Սյունիքի մարզ են այցելել Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Նրանք պետք է ծանոթանան լեռնահանքային արդյունաբերությունում ստեղծված իրավիճակին եւ ՀՀ վարչապետին ներկայացնեն առաջարկություններ` արձանագրված խնդիրների լուծման վերաբերյալ: Հիշեցնենք, որ անցած շաբաթ` նոյեմբերի 5-ին, բողոքի ցույց էին կազմակերպել Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները, քանի որ ընկերության գործադիր տնօրեն, ազգությամբ վրացի Գեորգի Դեւաձեն հայտարարել էր, որ 450 աշխատակցի ուղարկելու է հարկադիր պարապուրդի, 30 տոկոսով էլ իջեցնելու է աշխատավարձերը: Բողոքավորները պահանջում էին աշխատանքային պայմանների բարելավում ու տնօրենի հրաժարականը: Երկօրյա բողոքի ցույցը դադարեցվել էր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հորդորով, իսկ վրացի ղեկավարներն էլ փախել էին Ագարակից: Վերջիններս չկային նաեւ երկուշաբթի` նոյեմբերի 10-ին, երբ կառավարական պատվիրակությունը հանդիպեց Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների հետ: Ինչպես մեզ տեղեկացրին կոմբինատի աշխատակիցները, նախարարները մասնավորապես ասել են, որ սեփականատերերի հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածությամբ` ձեռնարկության 1333 աշխատակիցներից 300-ին կտրվի հարկադիր պարապուրդ` 3 ամիս ժամկետով, եւ համամասնորեն կիջեցվեն աշխատավարձերը` տնօրենից մինչեւ հավաքարար: Թե քանի տոկոսով կնվազեցվեն աշխատավարձերը` դեռ հստակ չէ, քանի որ վերջնական պայմանավորվածություն չկա սեփականատերերի հետ: Միաժամանակ, տնօրեն Գ. Դեւաձեն կշարունակի պաշտոնավարել: Ավելացնենք, որ դեռ շարունակվում է "Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի" ընկերության (Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատ) 1526 աշխատակիցների` նոյեմբերի 8-ին սկսած գործադուլը: Գործադուլի առիթը գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետայի նոյեմբերի 7-ի այն հայտարարությունն էր, որ միջազգային շուկայում թանկարժեք մետաղների գների անկման պատճառով պատրաստվում է կրճատել ձեռնարկության աշխատակիցների 60%-ին, իսկ 40%-ով էլ իջեցնել աշխատավարձերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter