Պարույր Հայրիկյանը մայենդորֆյան հռչակագրի մեջ «վնասաբեր որեւէ» բան չի տեսնում
Այս մասին այսօր ԱԻՄ նախագահը հայտարարեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ըստ Հայրիկյանի` հռչակագիրը միտված է երկու հակամարտող ուժերին հայտարարի բերել այն գաղափարի շուրջ, որ ուժ կիրառելը ճիշտ չէ. «Սակայն բոլորիս համար ակնհայտ է, որ նորընտիր ռուսական նախագահը կամեցավ աշխարհին ցույց տալ, որ Ռուսաստանը գործոն է, բարոյահոգեբանական առումով Ռուսաստանն իր ուզածին հասավ, բայց տարածաշրջանում լարվածությունը մեղմացնելու առումով գործնական որեւէ առաջընթաց այս քայլով չարձանագրեց»,-նկատում է ԱԻՄ նախագահը:
Պ. Հայրիկյանը գտնում է, որ ղարաբաղյան խնդիրը մինչեւ օրս կարգավորված չէ, քանի որ հետեւողականություն չկա, քանի որ 1988թ «Միացում» վանկարկումն այսօր շարունակություն չունի. «Այսօր Ղարաբաղ կոմիտեի տղաներից որեւէ մեկը միացման մասին չի խոսում, ուրեմն նպատակասլացություն չկա»:
Ըստ Պ. Հայրիկյանի, երբ իշխանության եկան «Միացում» կարգախոսով սկսած մարդիկ, Արցախը Հայաստանի հետ դե-ֆակտո արդեն միավորված էր` կար ներկայացուցչական մարմին, որում 12 պատգամավոր Արցախից էին. «Այդ Ղարաբաղ կոմիտեի տղաները 1995թ Արցախին զրկեցին այդ մարմնին մաս կազմելուն, սա ուրացումն էր միացում գաղափարին»:
Բանախոսը գտնում է, որ իշխանությունները հետեւողական չեն եղել նույնիսկ ինքնորոշման սկզբունքի շուրջ.
«Հայաստանում ցանկացած մարդ կարող է լինել վարչապետ, միայն մեկ հոգու չէր կարելի` Արցախի ընտրված նախագահին»: Պարզաբանումն այն է, որ եթե Արցախի նախագահին հրավիրում ես վարչապետ, «ուրեմն Արցախին համարում ես խամաճիկ»: Սա, ըստ Պ. Հայրիկյանի, նշանակում էր չհարգել Արցախի ինքնորոշման փաստը: Այս ամենը ԱԻՄ նախագահը որակում է որպես Լեւոն Տեր-Պետրոսյանի ժառանգություն եւ ավելացնում. «Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական չի տվել, Լեւոն Տեր-Պետրոսյանը իշխանությունը տվել է իր տղերքին, հրաժարական տվողը իր թիմով հեռանում է եւ իշխանությունը տալիս ընդդիմությանը»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել