HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոփոխություններ «Բի-բի-սի»-ի ռուսական ծառայության աշխատանքում. բրիտանական մտավորականությունը եւ ԶԼՄ-ը քաղաքական ենթատեքստ են տեսնում

Գազետա.ru պարբերականը նոյեմբերի 8-ին հաղորդեց, որ «Բի-բի-սի»-ն մտադիր է կրճատել իր հաղորդումների հեռարձակումը Ռուսաստանում` այն հասցնելով շաբաթական 19 ժամի: Ընկերությունում այս կրճատումը բացատրում են նոր, լսարանի համար ավելի գրավիչ ֆորմատով աշխատելու ցանկությամբ: Նախօրեին բրիտանացի գիտնականներն ու մշակույթի գործիչները նամակ են հղել «Թայմս» թերթին, որտեղ դեմ են արտահայտվել Ռուսաստանում հեռարձակումը կրճատելու` «Բի-բի-սի»-ի մտադրությանը: Նամակը ստորագրած 64 հայտնի փորձագետների թվում են գրականության Նոբելյան մրցանակակիր Դորիս Լեսինգը, հայտնի դրամատուրգներ Թոմ Ստոպարդը եւ Մայքլ Ֆրեյնը, ինչպես նաեւ ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Էնդրյու Վուդը: Մտավորականներին եւ նախկին դիվանագետին վրդովեցրել է հեռարձակման կրճատումը «ռուս-բրիտանական հարաբերությունների` այս ոչ պարզ ժամանակներում»: «Այն ժամանակ, երբ Ռուսաստանի անվստահությունը Մեծ Բրիտանիայի նկատմամբ հասել է իր գագաթնակետին` ԽՍՀՄ-ի փլուզման ժամանակներից ի վեր, այս որոշումը ծառայություն է այն ռուս քաղաքական գործիչներին, ովքեր փորձեր են ձեռնարկում հասարակությունից խլել բրիտանական մշակույթի բոլոր երեւույթները»,- ասված է նամակում: Դեռեւս հոկտեմբերին «Բի-բի-սի»-ի ղեկավարությունը հայտնել էր այս մտադրության մասին, որի արդյունքում հեռարձակման ցանցից հանվելու են մեծ ֆորմատի վերլուծական եւ թեմատիկ հաղորդումները: Ուշադրությունը կենտրոնացվելու է առավոտյան եւ երեկոյան ծրագրերի վրա, երբ ունկնդիրների թիվը հասնում է առավելագույնի, եւ ներդրումներ են կատարվելու նորությունների թողարկման մեջ: Նախատեսվում է նաեւ վերակողմնորոշվել ավանդական հեռարձակումից դեպի ինտերնետային կայքի զարգացումը: Հեռուստառադիոընկերության ղեկավարության կարծիքով` «Բի-բի-սի»-ի ռուսական ծառայության ինտերնետային կայքը Ռուսաստանում մեծ ազդեցություն ունի, որովհետեւ ավելի մատչելի է, քան հեռարձակվող հաղորդումները: Որպես օրինակ «Բի-բի-սի»-ին բերում է Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ պատերազմի լուսաբանումը այս տարվա օգոստոսին, երբ կայքի այցելուների թիվը կտրուկ կերպով աճեց` հասնելով 3 մլն-ի: Դրա հետ մեկտեղ, անցկացված հետազոտության համաձայն, օգոստոսին «Բի-բի-սի»-ի ռադիոհաղորդումը ինտերնետով լսողների թիվը կրկնակի աճել է, իսկ տեսանյութերի պահանջարկը մեծացել է վեց անգամ: Բյուջեի վերաբաշումը, ըստ “Բի-բի-սի”-ի ներկայացուցիչների, թույլ կտա նաեւ Ռուսաստանում մեծացնել թղթակցային ցանցը: Իրականացվելիք փոփոխությունների արդյունքում, ընկերության ղեկավարության կարծիքով, “Բի-բի-սի”-ն կդառնա «Ռուսաստանում միջազգային տեղեկատվության ամենաազդեցիկ մատակարարը»: Հեռուստառադիոկորպորացիայի ռուսական ծառայության ղեկավար Սառա Գիբսոնը նկատել է, որ իրենք ձգտում են բարձրացնել իրենց աշխատանքի արդյունավետությունը եւ առավելագույն կերպով բավարարել լսարանի պահանջները, որը արագորեն հեռանում է տեղեկատվության սպառման սովորական, ավանդական ձեւերից: Սակայն բրիտանական ԶԼՄ-ում “Բի-բի-սի”-ի ռուսական ծառայության աշխատանքում սպասվելիք փոփոխությունները դարձել են քննարկումների առարկա: Բազմաթիվ տեսակետներ են հնչել, մասնավորապես որոշ փորձագետներ առաջիկա բարեփոխումներում զուտ քաղաքական ենթատեքստ են տեսնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter