HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գործադուլավորները միասնության կոչ են անում

Կապանի «Խուստուփ» հեռուստաընկերությամբ նոյեմբերի 9-ին «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության գործադուլային կոմիտեն հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.

«Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն անհանգիստ սպասումներ է առաջացրել «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության աշխատակիցների մոտ: Բնականաբար, մենք ակնկալում էինք ընկերության ղեկավարների` շուկայում կատարվող փոփոխությունների եւ դրա հետ կապված նրանց հետագա գործողությունների մասին հստակ դիրքորոշում:

Սակայն նրանց պահվածքը եղավ անսպասելի, կոշտ ու ապօրինի: Առանց աշխատակիցների հետ խորհրդակցելու ստեղծված իրավիճակից անցնցում դուրս գալու համար, կրճատումների ու աշխատավարձի զգալի իջեցման որոշում կայացրին: Այս ամենը զուգակցվում էր հսկայական աննպատակ ծախսերի ու արտադրության սխալ կազմակերպմամբ ու կառավարմամբ, ինչը հանգեցրեց ֆինանսական ավելորդ ու մեծ կորուստների: Անտարբերությունն ու արհամարհանքը հարյուրավոր ընտանիքների ու քաղաքի ճակատագրի նկատմամբ` օրինական զայրույթ ու տագնապ են առաջացնում: Նոյեմբերի 8-ից «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության աշխատակիցները հայտարարել են գործադուլ ու դուրս են եկել իրենց իրավունքները պաշտպանելու: Սա պայքար է ոչ միայն մեր իրավունքների, այլեւ Սյունիքի մարզկենտրոն` Կապանի ապագայի համար: Այդ իսկ պատճառով, այս դժվար պահին մենք ակնկալում ենք մեր համաքաղաքացիների բարոյական աջակցությունը, քանի որ միայն միասնությամբ կարող ենք հաղթել»: Կոչի վերջում կոմբինատի գործադուլային կոմիտեն խնդրում է կապանցիներին, նոյեմբերի 10-ին առավոտյան ժամը 8-ին հավաքվել կոմբինատի վարչական շենքի առաջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter