«Կրճատումներն անխուսափելի են»,- հայտարարեց «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության գլխավոր տնօրենը
Նոյեմբերի 9-ին` կիրակի, լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպեց «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» (Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատ) ընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետան: Հիշեցնենք, որ ձեռնարկության 1526 աշխատակիցների մեծ մասը նոյեմբերի 8-ին, առավոտյան ժամը 8-ից հայտարարել են անժամկետ գործադուլ: Պատճառը ձեռնարկության տնօրեն Ռոբերտ Ֆալետայի նոյեմբերի 7-ին աշխատակիցներին արված այն հայտարարությունն է, ըստ որի միջազգային շուկայում թանկարժեք մետաղների գների անկման պատճառով պատրաստվում են կրճատել ձեռնարկության աշխատակիցների 60%-ին, իսկ 40%-ով էլ իջեցնել աշխատավարձերը:
-Պ-ն Ֆալետա, մինչեւ միջազգային ճգնաժամը ձեռնարկությունը աշխատում էր վնասով, թե՞ շահույթով:
-Ձեռնարկությունը մինչեւ օրս շահույթով չի աշխատել, բայց մենք ունեինք ծրագրեր կապված ստորգետնյա հանքերի շահագործման, բաց հանքերի շահագործման հետ: Նույնիսկ մեկ-երկու ամիս առաջ ես մի նախագիծ եմ ներկայացրել սեփականատերերին ու պետք է 1,5 մլն դոլարի ներդրում անեին` ստորգետնյա հանքերի շահագործման պայմանները բարելավելու ուղղությամբ: Ծրագրեր ունենք, արտադրությունը ընդլայնելու համար: Սակայն, ցավոք, պետք է սպասենք մինչեւ միջազգային շուկայում գները կարգավորվեն: Իսկ մինանշանակ կարող եմ ասել` այո, եթե միջազգային ճգնաժամը չլիներ, ապա «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի»-ն մինչեւ այս տարվա վերջը կամ մինչեւ 2009թ-ի հունվար կդառնար շահույթով աշխատող ընկերություն:
-Ինչքա՞ն է կազմում ձեռնարկության արտադրանքը:
-Այս տարվա սկզբին ամսական 1000 տոնա հանքանյութ էինք մշակում, բայց այսօր արդեն ֆաբրիկան ավելի շատ է մշակում: Հարցը նաեւ տոննայի, կշռի մեջ չէ, այլ խտանյութի կորզման, ու վերջին մեկ-երկու ամսում մենք թողունակությունը բարձրացրել ենք: Այսինքն 6 ամսվա կտրվածքով տարբերությունը զգալի է, բայց այս պահին կոնկրետ թվերով չեմ կարող նշել: Առաջիկայում, ձեռնարկությունը մամուլի հաղորդագրություն կտարածի:
-Ճգնաժամը, կոնկրետ ինչպե՞ս է ազդել ձեռնարկության վրա:
-Մետաղների գինը ընկել է 50 ու ավելի տոկոսով: Ցինկն ու պղինձը շատ դինամիկ են իջել, օրինակ ցինկի մեկ ֆունտը, որը 2,2 կգ է, 3-4 դոլարից դարձել է 1,6 դոլար: Այսինքն, մեկ ամսվա կտրվածքով 25 տոկոսով ընկել է ցինկի գինը: Ոսկին այդքան դինամիկ չի իջել, ու այն ձեռնարկությունները, որոնց առաջնային արտադրանքը ոսկին է. գուցե կարողանան դեռ պահպանել ծավալները: Մեր առաջնային արտադրանքը պղինձն ու ցինկն են, ու դրանց գների անկումը 2 անգամ ավելացրել է մեր ընկերության կորուստները: Էլի եղել են այսպիսի ճգնաժամեր, բայց այս անգամ շատ արագ են գներն անկում ապրում: Մետաղներ գնող ընկերությունները չեն ցանկանում արտադրանքը գնել, հարցը հենց դրանում է: Պատճառները երեւի շատ են, բայց ես չեմ կարող ասել, թե ինչու չեն գնում: Ավելացնեմ նաեւ, որ տնտեսական ակտիվության անկում էլ է նկատվում: Ներդրողները կամ բանկերը վախենում են վարկեր տալ: Եվ կրկնում են, քանի որ մեր հիմնական արտադրանքը ցինկն ու պղինձն է, այո, մեզ համար դժվար է վարկեր վերցնել, ներդրումներ անել:
-Հնարավոր չէ՞ զերծ մնալ կրճատումներից: Գործադուլավորներն առաջարկում են չկրճատել մարդկանց, այլ 20 տոկոսով իջեցնել աշխատավարձերը մինչեւ կարգավորվեն գները: Կրճատումներից բացի, այլ ելք չկա՞:
-Մենք հնարավորինս մշակում ենք տարբերակներ ու ինչ-որ բան անել: Բայց անխուսափելի է զերծ մնալ կրճատումներից ու աշխատվարձի նվազեցումից:
-Պ-ն Ֆալետա, իսկ արտասահմանցի աշխատողների քանի՞ տոկոսն է կրճատվելու: Այսինքն, տեղացիների բողոքը նաեւ այդ պատճառով է:
-Չեմ կարող տոկոսային հարաբերությամբ նշել, բայց կրճատվելու են նաեւ արտասահմանցիները: Մինչեւ դեկտեմբերի վերջը ձեռնարկությունում կմնան այն օտարերկրացիները, որոնց աշխատանքի անհրաժեշտությունը խիստ զգացվում է: Ասեմ, որ ունենք նաեւ Երեւանից եկած մասնագետներ, ովքեր նույնպես կրճատվելու են:
-Կիրակի քաղաքում լուրեր են տարածվել, որ ձեռնարկությունում աշխատող արտասահմանցիները, ձեռնարկության` սեփականատերերի՝ կանադական Dandee Precious Metals ընկերության ներկայացուցիչների ցուցումով պատրաստվում են հեռանալ քաղաքից:
-Դա առնվազն բամբասանք է, ինչպես նաեւ, այն որ ես հրաժարվել եմ տնօրենի պաշտոնից:
-Ի դեպ, երեկ ասել էիք, որ պետք է խոսեք Dandee Precious Metals ընկերության պատասխանատուների հետ:
-Այո, ես կապվել եմ գլխավոր տնօրենի հետ, ներկայացրել եմ իրավիճակը, փոխանցել եմ գործադուլային կոմիտեի պահանջները: Միանշանակ դիքորոշումը մեկն է` մերժել պահանջների կատարումը, որովհետեւ անհնար է չկրճատել աշխատատեղերն ու չնվազեցնել աշխատավարձերը, ինչը պահանջում են գործադուլավորները:
-Գործադուլավորները դժգոհ են նաեւ, որ կրճատումները օրենքով չեն արվում: Այսինքն հաշվի չեն առնվում աշխատանքային փորձը, ընտանեկան վիճակը եւ այլ պայմաններ: Պարզապես տեղամասերի պետերն իրենց ցանկությամբ կազմում են ցուցակն ու ներկայացնում տնօրինությանը:
-Ասեմ, որ կրճատումներին վերաբերող բոլոր գործառույթներն արվելու են ՀՀ օրենսդրությամբ: Ճիշտ է, տեղամասերի պետերը պատրաստում են ցուցակներ, բայց ի վերջո դրանք հասնում են կադրերի բաժին ու ինձ: Հասկանում ենք, մարդու ճակատագիր է ու հաշվի են առնվելու ամեն ինչ, մասնավորապես, եթե այդ ընտանիքում կերակրողը մի հոգի է, կամ եթե աշխատողը միայնակ մայր է, կամ ասենք, որ մի ընտանիքից 4-5 հոգի այստեղ են աշխատում: Ամեն ինչ հաշվի ենք առնելու:
-ՀՀ վարչապետի որոշմամբ ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների, աշխատանքի ու սոցիալական հարցերի ու էկոնոմիկայի նախարարները գործուղվել են Կապան, Քաջարան, Ագարակ` լեռնհանքային արդյունաբերությունում ստեղծված իրավիճակին ծանոթանալու նպատակով: Նրանց այցից հետո հնարավո՞ր է փոխզիջումների տարբերակ:
-Միանշանակ կան փոխզիջումների տարբերակ: Ես անցած երկուշաբթի ու երեքշաբթի հանդիպել եմ էներգետիկայի ու բնական պաշարների, աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարների հետ: Կարծում եմ, այդ հանդիպումները բավականին օգնեցին, նախարարների կողմից առաջարկվեցին տարբերակներ քննարկվեցին ու դրանք հաշվի կառնվեն: Բայց կլինեն կրճատումներ, աշխատավարձի նվազեցում, խնդիրն այստեղ չափերին է վերաբերում:
- Dandee Precious Metals ընկերությունը աշխարհի տարբեր երկրներում ձեռնարկություններ ունի: Միջազգային ճգնաժամն ազդել է նրանց գործունեության՞ը:
-Չեմ կարող խոսել այլ երկրների մասին, բայց կոնկրետ գիտեմ Սերբիայում փակվել են հետախուզական բոլոր ծրագրերն ու Dandee Precious Metals-ն այստեղ էլ մեծ ներդրումներ է արել: Գիտեմ, որ ազդել է Բուլղարիայում գործող ընկերության վրա:
-Հնարավո՞ր է «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնին» վաճառվի կամ սնանկանա:
-Չեմ կարծում վաճառենք կամ սնանկանանք, միջազգային ճգնանաժամը բոլորին է ազդել. բոլոր ընկերությունները ձգտում են մոբիլիզացնել միջոցները, մինչեւ մետաղների գները բարձրանան, հենց որ բարձրանան, ինչը, ինձ թվում է երկար չի տեւելու, ու մենք մեր բոլոր ծրագրերը կապված արտադրության ընդլայնման հետ կիրականացնենք:
Արմեն Դավթյան
Հ.Գ. Ռոբերտ Ֆալետան վերջում լրագրողներին խնդրեց զերծ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց, չբորբոքել լարված կրքերը:«Մենք պատրաստ ենք այսուհետ պատասխանել Ձեր հարցերին, զանգահարեք,այցելեք, միայն ճիշտ տեղեկություններ լինեն»,-ասաց նա:
Հանդիպմանը մասնակցել են Կապանի «Խուստուփ ԹԻՎԻ», «Սոսի» եւ Հետքի լրագրողները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել