HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արթուր Ջավադյան. «Բանկային համակարգը կայուն է»

ՀՀ-ում գործող ֆինանսական համակարգը զերծ է մնացել այն ազդեցություններից, որոնք եղել է այլ երկրներում` միջազգային ֆինանսական ճգնաժամի արդյունքում: Այս մասին այսօր Ստեփանակերտում հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը` պատասխանելով Հետքի հարցերին: «Կարող եմ ասել, որ բանկային համակարգը կայուն է, պատշաճ կերպով վերահսկվում է, ունի բավականին միջոցներ, գերկապիտալիզացված է, եւ այդ առումով որեւէ խնդիր այս պահին մեր կողմից արձանագրված չէ: Իհարկե հնարավոր է իրադարձությունների զարգացում հաջորդ տարի, այդպիսի վտանգներ կան, եւ դրա համար մեր կողմից մշակվել է կանխարգելիչ միջոցառումների մի քանի սցենար, որոնք անհրաժեշտության դեպքում ԿԲ-ն կսկսի իրականացնել: Բայց այս պահին, կարող եմ վստահեցնել, որ իրավիճակը բանկային համակարգում կայուն է»,-նշել է ԿԲ նախագահը: Ֆինանսավորման տոկոսադրույքների փոփոխության մասին հարցին ի պատասխան նա ընդգծել է, որ բանկերը դասեր քաղելով միջազգային ֆինանսական ճգնաժամից, խստացրել են վարկավորման պայմանները: «ԿԲ-ն այս տարվա սկզբից հանդիպելով այնպիսի մարտահրավերի, որն էր բարձր գնաճը, աստիճանաբար բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որը չէր կարող անդրադառնալ բանկերի կողմից տրամադրված վարկերի տոկոսների վրա»,-տեղեկացրել է Ա.Ջավադյանը: Իսկ «Ամերիաբանկի» Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը Արտակ Հանեսյանի կարծիքով, իրենց բանկի 18,2 մլրդ դրամ կանոնադրական կապիտալը հնարավորություն է տալիս չվախենալ ֆինանսական ճգնաժամի հնարավոր ազդեցությունից: «Եթե համեմատենք մեր կապիտալի համադրելիությունը ներգրավված միջոցների հետ, ապա այն 1:1-ի, ինչը գրեթե լավագույն ցուցանիշն է Հայաստանում: Բանկի կապիտալը հնարավորություն է տալիս ամբողջությամբ կատարելու մեր պարտավորությունները»,-նշել է Ա.Հանեսյանը: Նրա հավաստմամբ էական փոփոխություններ բանկային տոկոսներում չեն եղել, սակայն ընդհանուր բանկային համակարգում ավանդների միջին տոկոսադրույքը 3-րդ եռամյակում բարձրացել է 1,5 տոկոսով: «Իհարկե դա ազդեցություն ունի, բայց ոչ այդքան էական, որ բիզնեսի զարգացմանը չխթանի»,-ավելացրել է նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter