HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջ, դեպի Եվրոպական Միություն

"Համամերձեցումը այն ճանապարհն է, որով մենք պետք է անցնենք, ու հասունացել է ժամանակը Եվրոպական Միության անդամակցությունը հռչակել որպես մեր ապագա հեռանկար",- այսօր “Կոնգրես” հյուրանոցում հրավիրված կոնգրեսի ժամանակ հայտարարեց Եվրոպական շարժման նախագահ Վիկտոր Ենգիբարյանը: Հենց այդ նպատակով շարժումը մշակել է “Հայաստանի եվրոպական համամերձեցման քաղաքականության արդիականացման մասին” հռչակագիր, որը հանձնվեց ներկաների դատին:Ըստ Վ. Ենգիբարյանի` աշխարհն այսօր շատ դինամիկ է զարգանում, և հռչակագիրն այն մասին է, թե ինչպես մենք կարող ենք արագ արձագանքել գլոբալ մարտահրավերներին: Հռչակագրում, մասնավորապես, ասվում է. "Վերաձևակերպել համամերձեցման քաղաքականությունը իբրև մարդու իրավունքների և ազատությունների, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության, տնտեսական, կրթական և սոցիալական ոլորտներում այլընտրանք չունեցող գերակա ուղղություն": “Եվրոպական համամերձեցումը միջոց է, Եվրոպական Միությանը անդամակցելը` նպատակ",- ասում է Վ. Ենգիբարյանը: Նրա համոզմամբ` եվրոպական անդամակցությանը պետք է հասնել բարեփոխումների ճանապարհով, հատկապես մի շարք օրենքներ ընդունելով. “Մեր մտածողության մեջ խորը նստվածք ունեն ազատականության և հավասարության արժեքները, մնում է այդ արժեքները վերածել օրենքների”: Մյուս կողմից` նա կարծում է, որ Եվրոպական Միությանն անդամակցելն այդքան էլ կարևոր չէ, կարևորն այն է, որ մենք դառնանք եվրոպական պետություն և հետո որոշենք` անհրաժեշտ է մտնել Եվրոպական Միություն, թե ոչ: Հայաստանի Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը կարևորեց հատկապես արդարադատության ոլորտի բարեփոխումները: Նա մատնանշեց մի շարք խնդիրներ, որոնց պատճառով հասարակությունը չունի վստահություն արդարադատության համակարգի նկատմամբ: Արդարադատությունը` որպես այդպիսին, ունի երկու կարևոր բաղադրիչ` բարոյական արդարություն և արդար դատավարություն. “Առանց այս 2 բաղադրիչների ներդաշնակ համադրման` արդարադատությունը չի կարող գործել”,- ասաց Զադոյանը: Դրա համար անհրաժեշտ է քաղաքական և մասնագիտական կամք, ինչպես նաև` օրենսդրական փոփոխություններ: Այս բարեփոխումների իրականացման մեջ իր դերակատարումը պետք է ունենա Եվրոպան: Հասաստանի Եվրոպական շարժման գործադիր խորհրդի անդամ Նորայր Դանիելյանը նշեց, որ անդամակցությունն ինքնանպատակ չէ: “Եվրոպական միավորման էությունը խաղաղության ամրապնդումն է, մշակութային բազմազանության պահպանումը և հասարակության տնտեսական բարեկեցությունը”: Ելույթներից հետո նախօրոք բաժանված մանդատների միջոցով տեղի ունեցավ քվեարկություն` պարզելու` արդյոք ներկաները կողմ են հռչակագրի ընդունմանը: Ներկաների մեծամասնությունը կողմ քվեարկեց հռչակագրին: Եվրոպական շարժումը պատրաստվում է իր ընդունած հռչակագիրը ներկայացնել ՀՀ նախագահի, Ազգային ժողովի և կառավարության ուշադրությանը: “Մենք ուզում ենք, որ համամերձեցման ծրագիրը ստանա կառավարական ձևակերպում և լուրջ հիմք հանդիսանա արտաքին քաղաքականության մեջ, այսինքն` գոնե տեսանելի ապագայում ՀՀ-ն միջազգային հանրությանը հայտարարի Եվրոպական Միությանն անդամակցելու մասին”,- ասաց Ն. Դանիելյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter