HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ամերիաբանկի» անդրանիկ մասնաճյուղ Ղարաբաղում

Այսօր Ստեփանակերտում բացվեց «Ամերիաբանկ»-ի առաջին մասնաճյուղը: Բանկը նպատակ ունի մասնաճյուղում կիրառել բանկում գործող բանկային ծառայությունների ամբողջական փաթեթը` ծառայություններ կորպորատիվ հաճախորդների եւ անհատների համար: Հիշեցնենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ներդրումային բանկ է, որը իրականացնում է կորպորոտիվ եւ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Բանկի տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, իսկ տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը: «Ամերիաբանկ»-ի ռազմավարական գործընկերն է հանդիսանում «ՏրոյկաԴիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը: Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը Արտակ Հանեսյանը, լրագրողների հետ զրույցի ժամանակ այսօր շեշտեց.«Մենք միշտ հետեւում էինք Ղարաբաղի տնտեսության զարգացումներին, այն արագ տեմպերին, որը կա այստեղ, ուստի չէինք կարող ներկայացված չլինել, քանի որ մենք ինքներս շատ արագ զարգացող ֆինանսական համակարգ ենք»: Նրա խոսքերով, արդեն կան համապատասխան պայմանավորվածություններ, ըստ որոնց, «Ամերիաբանկը» մասնակցելու է բոլոր պետական ծրագրերին: ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն իր հերթին նշեց, որ այս մասնաճյուղի բացումը հատկանշական է նրանով, որ ՀՀ-ում վերջին մի քանի ամիսների ընթացքում ամենաագրեսիվ զարգացող բանկը իր անդրանիկ մասնաճյուղը բացում Ղարաբաղում: «Դա նշանակում է, որ այն ներդրումային ծրագրերը, որոնք բանկը պատրաստվում էր իրականացնել ՀՀ-ում, կստանան իրենց արձագանքը նաեւ ԼՂՀ-ում: Այն բիզնես միջավայրը, որն այսօր ստեղծվել է Ղարաբաղում, բավականին բարվոք է, եւ բանկերի համար կան մեծ հնարավուրություններ շահութաբեր գործունեություն իրականացնելու համար»,-ավելացրել է ՀՀ ԿԲ նախագահը: ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը ողջունելով մասնաճյուղի բացման գաղափարը, հավաստեց, որ մասնաճյուղի մասնակցությունը Արցախի տնտեսության մեջ լինելու է բավականին լուրջ: «Այն ակտիվ մասնակցություն է ունենալու նաեւ Ղարաբաղում ներդրումային քաղաքականությանը, ինչու չէ նաեւ` հիպոթեքային շուկայի ձեւավորմանը»,-հավելել է գործադիր իշխանության ղեկավարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter