Ամենավաճառվող գիրքը "Մեծ մայրս" է
Երեւանյան գրախանութներում այսօր ամենավաճառվող գիրքը թուրք գրող Ֆեթհիյե Չեթինի "Մեծ մայրս" վիպակն է: "Վերջին մի քանի շաբաթներում այդ գիրքն այնքան գովազդվեց թե' հեռուստատեսությամբ, թե’ թերթերում, որ մարդկանց մեջ հետաքրքրություն առաջացավ, եւ սկսեցին գնել այն",-ասում է "Նոյյան տապան" գրախանութի գրքերի բաժնի վարիչ Հայկ Մկրտչյանը:
Նույնն է պնդում "Գրքերի աշխարհ" խանութի հայալեզու գրականության խորհրդատու Լուսինե Սչանյանը. "Երկու տարի առաջ բոլորը խոսում էին Կոելիոյի գրքերից, հիմա էլ Չեթինի մեծ "բումի" ժամանակն է, եւ մարդիկ գնում են": Գրախանութների աշխատողներն այն կարծիքին են, որ միայն լավ գովազդը կարող է խթանել գրքերի վաճառքը, քանի որ մարդիկ գնում են այն, ինչի մասին տեղեկություն ունեն. "Օրինակ` մեր ժամանակակից գրողները գիրք են տպագրում, բերում են մեր խանութ, սակայն ոչ ոք չգիտի, թե այդ ինչ գիրք է, ինչի մասին է, հետեւաբար ոչ ոք այն չի գնում",- ասում է Հայկ Մկրտչյանը:
"Գրքերի աշխարհ" խանութի աշխատակիցները նկատում են, որ հիմա շատ արդիական են տնտեսագիտություն մասնագիտության գրքերը. "Հիմնականում երիտասարդներ են հետաքրքրվում մասնագիտական գրքերով` լինի հոգեբանության, փիլիսոփայության, թե տնտեսագիտության վերաբերյալ",- ասում է գրախանութի տնտեսագիտության բաժնի խորհրդատու Եվա Հովհաննիսյանը:
Կարեւոր խնդիր է նաեւ դասականների վերահրատարակությունը. "Գալիս է գնորդը եւ պահանջում նոր հրատարակություն` Րաֆֆի, Թումանյան: Ասում են` չենք ուզում քրքրված ու հին գրքեր: Բայց չկան այդ նոր հրատարակությունները: Ռուսականները կան, բայց հայ դասականների գրքերը չեն հրատարակում",- ասում է "Նոյյան տապան" գրախանութի գրքերի բաժնի վարիչը:
Կարելի է եզրակացնել, որ թե’ դասական, թե ժամանակակից գրքերի պահանջարկ կա, սակայն մի դեպքում ընթերցողներին պետք է նախ ծանոթացնել դրանց, մյուս դեպքում էլ ընթերցողները ցանկանում են գեղեցիկ եւ ամուր կազմով գիրք ունենալ, այլ ոչ 50 տարի առաջ տպագրված, անցումներում գետնին վաճառվող գրքեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել