HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրիում թերթերը թանկանում են

Արդեն մեկ շաբաթ է` Գյումրիի սոցիալական խնդիրները լուսաբանող "Շրջապատ" շաբաթաթերթը 100 դրամից դարձել է 150 դրամ: Տնօրեն Եպրաքսյա Մեխակյանի պարզաբանմամբ` պատճառն այն է, որ արդեն չորրորդ ամիսն է, ինչ թերթը տպագրվում է Երևանի "Գինդ" տպարանում ու ինքնարժեքը մեծանում է: Բացի մայրաքաղաք հասնելու ճանապարհածախսից, թերթի տնօրինությունը ստիպված է ավելի թանկ վճարել թղթի ու տպագրական ծախսերի համար: "Գյումրիի տպարանի հետ համեմատ Երևանում տպագրությունն ավելի թանկ է, սակայն որակն ավելի բարձր է, որը կապված է տպագրական ժամանակակից մեքենաների հետ, բացի այդ` մեր թերթի առաջին և վերջին էջերը երկգույն են, որն ազդում է գնի վրա",- ասում է "Շրջապատի" տնօրենը: Նրա հավաստիացմամբ` գնի բարձրացումը շատ քիչ է ազդել բնակչության գնողունակության վրա. փոքր-ինչ նվազել է տպաքանակը` 3000-ից դառնալով 2700: "Սկզբում կրպակատերերը հրաժարվում էին թերթը թանկ գնով վերցնել, վախենում էին, որ Գյումրիի պայմաններում չի վաճառվի, սակայն ընթերցողների պահանջով նորից համաձայնեցին վաճառել: Մեր հայտարարությունները բացառապես անվճար են, և ես կարծում եմ, որ թերթի մեծ պահանջարկը կապված է նաև սրա հետ: Փաստորեն, ես չորս ամիս շարունակ իմ ապրանքը նվեր եմ տվել բնակչությանը` թերթի տպագրումից բացարձակապես շահ չեմ ունեցել, բայց այլևս փող չկար ծախսերը հոգալու, ստիպված եմ այս քայլին գնացել, թեև հասկանում եմ, որ սա եզակի դեպք է մեր հանրապետությունում",- ասում է Եպրաքսյա Մեխակյանը: Գյումրիի մյուս շաբաթաթերթը`"Հինգշաբթին", դեռևս չի թանկացել, սակայն տնօրեն Արմեն Մարտիրոսյանը մեզ տեղեկացրեց, որ հնարավոր է` հունվարից այս թերթը ևս թանկանա: "Չեմ ուզում թանկացնել, բայց կարող է մի շարք օբյեկտիվ պատճառներով գնամ այդ քայլին, ինքնարժեքը թանկ է նստում: Չորս ամիս շարունակ մենք ևս Երևանում ենք տպագրվել, միայն վերջին համարն է, որ տպագրվել է Գյումրիի տպարանում: Ինքնարժեքի թանկ լինելու պատճառով ստիպված եղանք 20 էջից դարձնել 16 էջ: Ասեմ, որ Գյումրիում լուրջ խնդիրներ կան նաև թերթի իրացման հետ կապված: Մեր` 3600 տպաքանակ ունեցող թերթը իրացնում են "Հայփոստն" ու "Պրես ստենդը": "Հայփոստը" մի օրինակի համար 20 դրամ միջնորդավճար էր պահանջում` թերթի վաճառքից մեզ տալով 80 դրամ, սակայն վերջերս միջնորդավճարը թանկացրեց` դարձնելով 30 դրամ: Նույն պահանջը ներկայացրեց նաև "Պրես ստենդը" , սակայն տեսնելով, որ չենք համաձայնում, հրաժարվեց թանկացումից: Զարմանալի է այսպիսի մոտեցումը, ես վստահ եմ, որ կրպակների հիմնական եկամուտը մարզային թերթերի վաճառքից է: Կատաստրոֆիկ վիճակում են նաև վճարումները",- տեղեկացրեց Արմեն Մարտիրոսյանը: Գյումրիի թերթերի` չորս ամիս շարունակ Գյումրիի տպարանում լույս չտեսնելը պայմանավորված է տպարանի տնօրինության`երկու տարի շարունակ Շիրակի մարզպետարանի հետ ունեցած կոնֆլիկտով: Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը այս տարվա մայիսին տպարանը հանեց իր հին շենքից` այն հանձնելով ամերիկահայ բարերար Հովհաննես Օյումջյանին, ով նպատակադրվել էր շենքը գիշերօթիկ դպրոցի վերածել: Տպարանը տեղափոխեցին Ախուրյան, սակայն չորս ամիս է` թղթի դեֆիցիտի պատճառով այստեղ հնարավոր չէր թերթ տպագրել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter