HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստուգումներ առողջապահական ոլորտում

Ինչպես տեղեկացրել են ԼՂՀ Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, երեկ դատախազությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որտեղ քննարկվեցին Վերահսկիչ պալատի կողմից ներկայացված նյութերի հիման վրա առողջապահության համակարգում կատարված ստուգումների արդյունքները: Գլխավոր դատախազի օգնական Սերգեյ Ստեփանյանը զեկուցման ժամանակ նշեց, որ ԼՂՀ առողջապահության նախարարության մի շարք օբյեկտներում կատարված ստուգումներով ի հայտ են բերվել ԼՂՀ քրեական օրենսգրքի եւ օրենքների ու ենթաօրենսդրական ակտերի պահանջների կոպիտ խախտումներ: Որոշ փաստերով հարուցվել են քրեական գործեր` ընդհուպ նաեւ դատական քննության ելքով: «Մասնավորապես, «Հանրապետական հիվանդանոց» ՓԲԸ-ի նախկին ղեկավարության կողմից կատարված հանցավոր արարքների փաստով դատախազությունում հարուցված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որտեղ ընկերության նախկին տնօրենի եւ տնտեսվարի նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ»,-նշվել է խորհրդակցության ժամանակ: Ստուգման նյութերով քրեական գործ է հարուցվել նաեւ առողջապահության նախարարության «Հակապալարախտային դիսպանսեր» ՓԲԸ-ի նախկին եւ ներկա տնօրենների նկատմամբ: Քննության ընթացքում լրիվությամբ վերադարձվել է պետությանը պատճառված նյութական վնասը: Նշված քրգործը կարճվել է մեղավոր անձանց կողմից գործուն զղջալու հիմքով: Տեղեկացնենք, որ Ղարաբաղի առողջապահության ոլորտի թերությունների եւ խախտումների մասին բազմիցս է խոսվել: Դա խոստովանում էին նաեւ պատասխանատու մարմինների ղեկավարները, սակայն բժիշկները հիմնականում պատասխանատվության կամ տուգանքների չէին ենթարկվում: Լավագույն դեպքում մասնագիտական սխալ թույլ տված բժշկին ստացիոնար համակարգից ժամանակավոր տեղափոխում էին այլ աշխատանքի, եւ որոշ ժամանակ վերապատրաստում անցնելուց հետո նորից վերականգնում նույն աշխատանքին: Նման դեպքեր եղել են եւ հանրապետական հիվանդանոցում, եւ ծննդատանը: Ճիշտ է մի քանի բժիշկների նկատմամբ նախկինում եւս քրեական գործեր են հարուցվել, սակայն դրանից վիճակը չի փոխվել, քանի որ նրանք հիմնականում պատիժ չեն կրել: Վերջերս ոլորտի հարցը քննարկվել է նաեւ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ տեղի ունեցած հանրապետության առողջապահական համակարգի պատասխանատու աշխատողների հետ հանդիպման ժամանակ, որտեղ վարչապետն անբավարար է գնահատել առողջապահության ոլորտում բարեփոխումների ընթացքը, չնայած, որ տարեցտարի պետությունը շարունակում է ավելի շատ միջոցներ ներդնել համակարգում: Ի դեպ, վարչապետի խոսքերով, ԼՂՀ 2009թ. պետբյուջեով նախատեսվում է 400 մլն դրամով ավելացնել առողջապահության ֆինանսավորումը եւ այն լիովին ուղղել բուժաշխատողների վարձատրության բարձրացմանը: Ծրագրվում է աշխատավարձերն ավելացնել միջին հաշվով 30 տոկոսով: Անահիտ Դանիելյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter