HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Խմեք աղբյուրի զուլալ ջուր»

Հայաստանում խմելու ջրի որակի հանդեպ կիրառվող սանիտարա-հիգիենիկ պահանջների մասին «Մարիոտ» հյուրանոցում այսօր քննարկում էին ծավալել ոլորտի պատասխանատու բոլոր կողմերը: ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակաբանային տեսչության իրավական ապահովման և փաստաթղթային հոսքերի կառավարման բաժնի պետ Նունե Բակունցը հաստատեց, որ Հայաստանում ջրամատակարարումը մոտ 90 տոկոսով կատարվում է լավ պաշտպանված ջրաղբյուրներից: Խմելու ջրում քլորի պարունակությունը, ըստ մասնագետի, նույնպես համապատասխանում է սահմանված նորմերին` 0.3-0,5 տոկոս, և խմելու ջրի միջոցով հնարավոր վարակների փոխանցումն անհնար է: Քլորը, որպես վարակազերծ, օգտագործվում է խմելու ջրում 1905 թվականից: Ջրում 120-ից ավելի բակտերիաներ կան, սակայն տիկին Բակունցը հավաստիացրեց, որ «միայն մեկ մարմնի` «ագենտի» դեպքում քլորը չի կարող ազդել, մյուս բոլոր դեպքերում քլորը արդյունավետ է: Իսկ այդ «ագենտը» Հայաստանի ջրերում չի հայտնաբերվել»: Մասնագետները համակարծիք էին խմելու ջրի մաքրության վերաբերյալ, բայց փաստեցին, որ ժանգոտված ջրատար խողովակներով անցնելով` ջուրը վնասվում է: Այստեղ էլ միջամտեց «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Գայանե Բաբայանը. «Խմելու ջրի մշակման համար «Հայջրմուղկոյուղի» ընկերությունը 40 քլորակայան է տեղադրել: Կատարվում են աշխատանքներ մաքրման ցանցերում: Ընկերությունը ամսական 1000 ջրագծի և 500 կոյուղու վնասվածք է վերանորոգում: Վերանորոգվել են Դիլիջանի 2 մաքրման կայանները: Սակայն հին կայաններ են դեռ շահագործվում Արթիկում, Մեղրիում և Բերդում»,- ասաց Գ. Բաբայանը: «Հայջրմուղկոյուղին» պատրաստվում է բարելավել մոտ 300 բնակավայրերի ջրամատակարարում: Մասնագիտական հաշվարկներով` ոլորտի բարեփոխումների համար հարկավոր է 300 մլրդ դրամ: Քննարկվեցին նաև շշալցման և ջուրը պլաստմասե սարքավորումներում երկար պահպանելու լավ ու վատ կողմերը: «Դիսպանսեր» կոչված սարքերից ջուր խմելը մասնագետների շրջանում լուրջ քննարկման առիթ դարձավ: Մի մասը կարծում էր, որ եթե այդ սարքավորումներում ջուրը երկար է մնում, ապա այն կրկնակի վտանգավոր է դառնում: Նույնը վերաբերում է նաև շշալցված ջրերին: Մասնակիցները խորհուրդ տվեցին ուշադրություն դարձնել շշերի վրա գրված ամսաթվերին: Իսկ «ՄԳԱ Վոթըր» ընկերության ներկայացուցիչները համառորեն պնդում էին, որ այդ դիսպանսերները մանրէազերծվում են 3 կամ 6 ամիսը մեկ և վտանգ չեն ներկայացնում: ՀՊՃՀ քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության դեպարտամենտի դոցենտ Գրիգորի Այվազյանը առաջադրեց խմելու ջրի երկաթազերծման խնդիրը Հայաստանում: «Երկաթազերծման ընթացքում ջուրը մաքրվում է նաև այլ վնասակար մանրէներից: Իսկ Հայաստանում երկաթը որոշ վայրերում հասնում է նույնիսկ մինչև 3 միլիգրամի, որը չափազանց շատ է»,- նշեց փորձագետը: «Ջուրը պետք է խմել` չսպասելով ծարավի զգացմանը: Իսկ եթե արդեն ծարավի զգացում կա, ուրեմն օրգանիզմն արդեն ջրազրկվել է»,- վերջում ընդհանուր հայտարարի եկան փորձագետները և խորհուրդ տվեցին խմել աղբյուրի զուլալ ջուր, քանի որ մինչև բնակարաններ հասնելը այն կորցնում է որոշակի օգտակար հատկություններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter