Զբոսաշրջությունը հենց մարզերում պետք է զարգացնել
Վայոց Ձորում գինեգործությունը 2500 տարվա պատմություն ունի, սակայն դրա մասին գիտեն քչերը: Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում կազմակերպված ամենամյա միջազգային զբոսաշրջության ցուցահանդեսին Վայոց Ձորը ներկայանում էր «Վայոց Ձորի գինու ճանապարհը» գինեգործական տուրիզմի նոր ծրագրով, որը պետք է գրավի գինի սիրող զբոսաշրջիկներին:
«Հայաստանում տուրիզմի զարգացման ամենակարեւոր ուղիներից մեկը մարզերում տուրիզմի զարգացումն է, որովհետեւ պատմամշակութային արժեքները, բերդերը, եկեղեցիները, բնության տեսարանները գտնվում են հենց մարզերում: Այսօրվա մեր նպատակը մեր մարզը իր պատմական արժեքներով ներկայացնելն է, որպեսզի մեր գործընկերները, տուրիստական կազմակերպությունները ծանոթանան եւ մեզ հետ համագործակցեն»,- ասաց Վայոց Ձորի տուրիզմի զարգացման կենտրոնի տնօրեն Շիրակ Միքայելյանը:
Վայոց Ձորում 1330 պատմամշակութային արժեք կա: Զարգացած է առողջարանային տուրիզմը` Ջերմուկ քաղաքով, պատմամշակութային տուրիզմը` բերդերով եւ ամրոցներով, բնապահպանական տուրիզմը, ագրոտուրիզմը, վերջին շրջանում սկսել է զարգանալ նաեւ որսորդական եւ էքստրեմալ տուրիզմը: Վայոց Ձորի տուրիզմի զարգացման կենտրոնի տնօրենն ասում է, որ իրենց մարզը պատրաստ է ընդունել բոլոր զբոսաշրջիկներին: «Խնդիրը միայն զբոսաշրջիկներին մի քանի օրով մարզ բերելն է: Սովորաբար, նրանք գալիս են մեկ օրով, մի քիչ շրջում են եւ նույն օրը ետ վերադառնում: Մինչդեռ մարզում կան բավականին հարմարավետ հյուրանոցներ, որոնք կարող են ընդունել նույնիսկ ամենապահանջկոտ այցելուներին եւ տուրիստներին: Մենք չենք հասցնում մեր ամբողջ ռեսուրսները ներկայացնել իրենց, դա է միակ խնդիրը»,- ասում է Շիրակ Միքայելյանը:
Ամենամյա միջազգային զբոսաշրջության ցուցահանդեսին իրենց ծառայություններն էին ներկայացնում նաեւ հյուրանոցային եւ ռեստորանային համալիրները, ավիաընկերությունները, առողջարանները, տուրիստական գործակալությունները:
Արցախի հյուրանոցային համալիրը փորձում էր այցելուներին գրավել հայտնի «Ժենգյալով հաց»-ով եւ ղարաբաղյան այլ համեղ ուտեստներով: Այցելուների թիվը հետզհետե այնքան շատացավ, որ «Ժենգյալով հացը» արագ սպառվեց: Նույնիսկ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը չհասցրեց համտեսել ուտեստը: «Այս ոլորտում իրական աճ կա: Սա այն ոլորտն է, որտեղ կարելի է հասնել լավ արդյունքների»,- ասաց նախարարը ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ:
Ամբողջ աշխարհում տուրիզմի շուկան աճել է 15 տոկոսով: Մինչդեռ Հայաստանը եվրոպական տուրիզմի 0,1 տոկոսն է կազմում: Ցուցահանդեսի կազմակերպիչներից Հելի Ալեքսանդրը նշեց, որ Հայաստանում դեռ մեծ աշխատանք կա անելու, իսկ նմանատիպ ցուցահանդեսները կարող են մեծապես աջակցել այդ գործին:
Տուրիզմի զարգացման համար նախարարը կարեւորեց ծառայությունների որակի բարձրացումը մարզերում եւ զբոսաշրջության տեսակետից Հայաստանը աշխարհին ներկայացնելը, ինչպես նաեւ համագործակցությունը մասնավոր սեկտորի հետ: «Պետք է Հայաստանում զարգացնել, քաջալերել ստեղծագործ միտքը, Հայաստանի պարագայում ստեղծագործ միտքը պետք է գերակայի»,- հավելեց Ն. Երիցյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել