Մարդու իրավունքներ. ամեն ինչ կամ ոչինչ
«Հայաստանում խախտվում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված գրեթե բոլոր իրավունքները»,- հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը այսօր Մամուլի ազգային ակումբում հրավիրված «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ապահովման խնդիրները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ:
Զարուհի Փոստանջյանը խոսեց մարտի 1-ի դեպքերի մասին` որպես մարդու մի շարք հիմնարար իրավունքների խախտման ամենաակնառու օրինակ. «Կա պաշտոնական հրապարակում, որ եթե չլիներ հնացած միջոցների կիրառում, ապա զոհերը ավելի քիչ կլինեին, հետեւաբար պետությունն իր դերակատարումն ունի այդ ողբերգության մեջ, եւ սա մարդու կյանքի իրավունքի խախտում է»:Նա մատնանշեց նաեւ մարտի 1-ի հետ կապված խոշտանգումների, ապօրինի կալանավորման դեպքեր, որոնք, ըստ նրա, շարունակվում են մինչ այժմ: Զ. Փոստանջյանն անդրադարձավ ցույցերի, երթերի, հանրահավաքների կազմակերպման, ազատ խոսքի արտահայտման հետ կապված դժվարություններին:
Հայաստանի «Քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների կոմիտեի» անդամ Կարապետ Ռուբինյանը ծիծաղելի է համարում Հայաստանում մարդու իրավունքների մասին խոսելը: Նա առանձնացնում է երկու կարեւորագույն խնդիր` զանգվածային քաղաքական հալածանքները կեղծված ընտրություններից հետո եւ պետական կարիքների զոհերի պրոբլեմը: Ըստ նրա` մարդու իրավունքների հետ կապված իր առանձնացրած պրոբլեմները նույն արմատն ունեն. «Եթե առաջին դեպքում դաժանաբար հալածվում են քաղաքական հակառակորդները, ապա 2-րդ դեպքում մարդիկ օտարվում են, որ բարձրաստիճան պաշտոնյաները հավելյալ եկամուտ ստանան»:
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը հակադարձում է, որ պետք է ոչ թե ծիծաղով, այլ մտահոգությամբ մոտենալ մարդու իրավունքների խնդրին: Նա կարծում է, որ հատկապես մայրաքաղաքից դուրս մարդկանց մեջ վերացել է ըմբոստությունը ու չեն պայքարում իրենց իրավունքների վերականգնման համար: «Ես ուզում եմ Հայաստանը տեսնել այնպիսին, որ օմբուդսմենը բան չունենա անելու»,- ասաց Թաթուլ Մանասերյանը:
Իրավունքի եւ ազատության կենտրոնի նախագահ Վարդան Հարությունյանը կարծում է, որ Հայաստանում խոսել մարդու իրավունքներից` նույնն է, թե խոսել ամեն ինչից եւ ոչնչից: «Մեր երկրում մարդու իրավունքները խախտվում են ոչ այն պատճառով, որ մեր իշխանավորները վատն են, այլ որովհետև նրանք իշխանավոր չեն, նրանք չեն հասկանում իշխանության և մարդու իրավունքների իմաստը»,- ասաց Վ. Հարությունյանը:
«Բոլոր ժամանակների մեր իշխանությունները ցույց տվեցին,որ մարդու իրավունքներն ածանցյալ են մեր ժողովրդի ոգու բարձրացմանը: Բայց մենք երբեք չենք ունեցել իշխանություններ, որոնք զբաղվեին հասարակության ոգու բարձրացմամբ, հետևաբար, եթե մեր հասարակության ոգին բարձր չի, այն չի կարող պայքարել իրավունքների համար»,- ասաց քննարկման մեկ այլ մասնակից՝ ԱԺՄ վարչության անդամ Անահիտ Ավոյանը: Նրա կարծիքով` իշխանություներին պետք են ոչ թե ազատ քաղաքացիներ, այլ հպատակներ, եւ այժմ մենք ունենք հպատակվող հասարակություն: "Պետք է ամեն ինչ անել, որ քաղաքացին կարողանա պայքարել իր իրավունքների համար գրագետ ճանապարհով",- ասաց Ա. Ավոյանը:
Քննարկմանը հրավիրված էին նաև իշխանության ներկայացուցիչները, սակայն որևէ մեկը ներկա չէր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել