Ուսումնասիրություններ հացի իրացման ոլորտում
Գյուղնախարար Արամայիս Գրիգորյանի հանձնարականով մեկ ամսվա ընթացքում կատարվեցին ուսումնասիրություններ հացի իրացման ոլորտում:
Հանձնարարականի համար հիմք է հանդիսացել « Առեւտրի եւ ծառայությունների» օրենքում կատարված փոփոխությունները, որտեղ նշված է, որ հացի գնապիտակի վրա պետք է նշված լինի հացի քաշը եւ թույլատրելի շեղումները: Օրենքը ուժի մեջ է մտել հոկտեմբերի մեկից, վարչապետի հանձնարարությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել փոխվարչապետի մոտ սեպտեմբերի 29-ին:
Մեկ ամսվա ընթացքում տեսչությունը իրացրել է 1098 շրջքայց, որոնց արդյունքները լրագրողներին ներկայացրեց Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիշա Բաղյանը:
Հայտնաբերվել են որոշ թերություններ հացի արտադրության եւ իրացման ոլորտում` չկային ուղեկցող փաստաթղթեր, չկար հացի մասին հիմնական ինֆորմացիան, բացակայում էր գնապիտակը եւ հացի քաշը փաստող թուղթ: Պարզվեց նաեւ, որ 130 տնտեսավարող սուբյեկտների մոտ կա թերկշռում: Բացի տեխնիկական թերություններից հայտնաբերվել են նաեւ որակական թերացումներ. «95 հացի նմուշ ուղարկել ենք լաբորատորիաներ ստուգելու համար, որից 2 մեջ հայտնաբերվել են թերություններ` խմորման եւ թխման պրոցեսի հետ կապված»,- փաստում է Գ. Բաղյանը:
Ստուգայցերի ժամանակ սուբյեկտներին տրվեց հանձնարարականներ եւ լրացուցիչ ժամանակ թերությունները վերացնելու համար: Լրագրողներին հետաքրքրում էր, թե ինչու միանգամից ստուգումներ չսկսեցին, այլ ժամանակ տրվեց նախապատրաստվել: «Մեր խնդիրը տույժ ու տուգանք կիրառելը չէր, այլ սպառողներին ապահով հացով ապահովելը»,- պատասխանեց Գ. Բաղյանը:
Նոյեմբերի 15-ից կսկսվեն ստուգումներ, որոնց ժամանակ կկիրառվի տույժեր` 50-300 հազար դրամի սահմաններում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել