HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արհմիություններն ի վիճակի չեն պաշտպանել աշխատավորներին

Հարցազրույց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյան հետ - Պարոն Թումասյան, տնտեսական ճգնաժամի արդյունքում մետաղների գների անկումը Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտի մի շարք ձեռնարկություններում հանգեցրել է զանգվածային կրճատումների: Դուք՝ որպես աշխատավորների շահերը պաշտպանող կառույցի ղեկավար, ի՞նչ քայլեր եք նախաձեռնել այս ուղղությամբ: - Այսօր առավոտ հեռուստացույցով եմ լսել այդ մասին, ինձ համար հանկարծակի էր այդ լուրը: Մետալուրգիայի և Ագարակի արհմիությունների ղեկավարների հետ խորհրդակցելուց հետո ես հանդիպեցի Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի հետ եւ հարցեր բարձրացրի՝ կապված տնտեսական ճգնաժամի հետ, որ հումքի գների կտրուկ անկումը, արտադրանքի իրացվելիության դժվարությունները օբյեկտիվ պատճառներ են դառնում աշխատանքային կրճատումների համար: Այժմ մեր իրավաբանները եւ կոմբինատի ներկայացուցիչները աշխատում են, որպեսզի կարողանանք ֆիքսել մեր հիմնական պահանջները կառավարությունից, նախարարությունից, սեփականատիրոջից: Երեւի շուտով սկսենք բանակցություներ, որպեսզի առաջին հերթին կանխենք մասսայական կրճատումները եւ, ըմբռնումով մոտենալով ստեղծված իրավիճակին, գնանք այնպիսի փոխզիջումների, որ գոնե հասնենք հարկադիր պարապուրդի միջոցով խնդրի լուծման: Մենք հիմա քայլեր ենք մշակում հենց այդ ուղղությամբ, որ ինչ-որ չափով կրճատվի արտադրությունը, բայց մենք չկորցնենք աշխատատեղերը: Այդ դեպքում ժամանակ կշահենք հետագա քայլերի մշակման համար: - Իշխանություները բավականին երկար ժամանակ պնդում էին, որ տնտեսական ճգնաժամը մեզ վրա չի կարող էական ազդեցություն թողնել, քանի որ մեր երկիրը փոքր տնտեսություն ունի, բայց շուտով կարող ենք կանգնել սոցիալական լուրջ խնդիրների առաջ: Ըստ ձեզ՝ նրանք նման հետեւանքներ չէին կանխատեսու՞մ: - Համաշխարհային շուկայում անընդհատ տատանումներ են տեղի ունենում, ու ես չեմ պատկերացնում, որ մեր երկրում գտնվի մի մասնագետ, որ կարողանա երաշխավորել, որ ճգնաժամը մեր երկրին չի հասնի: Իհարկե, վարչապետը կարծես խոստումներ տվեց, որ այն մեզ չի հասնի, բայց նրա խոսքը վերաբերում էր բանկային համակարգին, քանի որ ճգնաժամը առաջինը այդ համակարգում սկսվեց: Բայց այսօր պարզվեց, որ այն ուղղակիորեն անդրադարձավ հումքի արտադրման ձեռնարկություններին, որովհետև այն կախված է բանկային համակարգից: Հումքը մեր երկրից արտասահման արտահանվող կարեւորագույն ապրանքներից է, որը հիմա շուկայում ո՛չ արժեք ունի, ո՛չ պահանջարկ: Եվ բնական է, որ մեզ մոտ էլ պետք է ճգնաժամ սկսվեր, նրանք պիտի կանխատեսեին դա: Այսօր հանքարդյունաբերության ոլորտում է ճգնաժամ սկսվել, վաղը մյուս ոլորտներում կսկսվի: Սա առիթ կդառնա, որ վերահսկողությունը ուժեղանա ու ավելի ճշգրիտ կանխատեսումներ կատարվեն՝ տնտեսությունը հնարավոր վտանգներից փրկելու համար: - Ագարակում բողոքի ցույց անող աշխատակիցները ոչ միայն բողոքում են հնարավոր կրճատումներից, այլեւ նրանից, որ իրենց հետ աշխատող արտասահմանցիների աշխատավարձը մի քանի անգամ բարձր է իրենց աշխատավարձերից: - Դա աշխատանքային կոնվենցիայի, մարդու աշխատանքային իրավունքների խախտում է, մասնավորապես այն կետի, որ պահանջում է հավասար աշխատանքի դիմաց հավասար աշխատավարձի վճարում: Բայց, մյուս կողմից, դա սեփականատիրոջ իրավունքն է՝ իր առաջադրած պայմաններով պայմանագիր կնքել աշխատողի հետ: Ցավալին այն է, որ այսօր Հայաստանը նրանց համար էժան աշխատուժի երկիր է: Այսօր մեր միջին աշխատավարձերը կազմում են մոտավորապես երեք հարյուր դոլար, իրենց մոտ՝ երեք հազար: Նա իր հետ բերած աշխատողների հետ պայմանագիր է կնքում իրենց աշխատավարձերին համապատասխան, բայց մեզ համար դա դառնում է վիրավորական. հավասար կատարված աշխատանքի դիմաց հայ և արտասահմանցի մասնագետների ստացած աշխատավարձերի միջեւ զգալի տարբերություն կա: Ու հիմա մենք չունենք լծակներ նրանց վրա ազդելու: - Իսկ դուք փորձել՞ եք այդ հարցը բարձրացնել: - Ես արդեն ասացի, որ այդ ամենի մասին այսօր առավոտ եմ լսել: Իսկ որպեսզի այդ երևույթի դեմ պայքարես, այդ հարցը բարձրացնես, պետք է ժամանակ և բավարար փաստեր ու հիմքեր: Ես բերեմ Ռուսաստանի օրինակը, որտեղ արդեն 2 տարի է պայքարում են անդրազգային կորպորացիաների դեմ և նոր միայն որոշ արդյունքների են հասել: - Հնարավո՞ր է խուսափել կրճատումներից: - Ես չեմ կարծում, որ հնարավոր կլինի կանխել այդ կրճատումները, բայց մենք ամեն ինչ պետք է անենք, որ ինչքան հնարավոր է անցավ լինեն այդ կրճատումները, այսինքն՝ եթե մեզ անգամ հաջողվի ինչ-որ չափով նվազեցնել կրճատումների թիվը, դա արդեն անցավ կլինի: Մենք պետք է նաև սեփականատիրոջ տեսանկյունից մոտենանք, որն արտադրում է եւ հումքը ստիպված կուտակում պահուստներում, քանի որ չի կարող իրացնել: Տրամաբանությունը հուշում է, որ նա կամ պետք է արտադրանքի ծավալը կրճատի, որ ենթադրում է աշխատողների կրճատում, կամ պետք է գինը իջեցնի, որը ենթադրում է աշխատավարձերի իջեցում: Այսինքն՝ երկու դեպքն էլ ազդում են աշխատողի ու նրա շահերի վրա: Մենք հասկանում ենք, որ կրճատումներն անխուսափելի են, դրա համար էլ մեր նպատակն է ամեն ինչ անցավ անել, այսինքն՝ նվազագույն կորուստների գնով, թե ինչպե՞ս դա կլինի, մեր բանակցություների ընթացքը ցույց կտա: - Իսկ մտավախություն չկա՞, որ կարող են անտեսվել բարձրացված պահանջները, հնարավոր է բողոքի ցույցեր, գործադուլներ լինեն: Դուք համարու՞մ եք գործադուլները ինչ-որ բանի հասնելու միջոց: - Չեմ կարծում, որ կանտեսեն մեր պահանջները, քանի որ մենք ոչ թե մեր, այլ աշխատավորների շահերն ենք պաշտպանում: Բացի այդ, մեր իշխանություներին էլ են անհանգստացնում այս խնդիները, վերջիվերջո, սրանք լուրջ սոցիալական խնդիրներ են, ընտանիքները, որոնք զրկվեն աշխատանքից, հետո նույն պետությունից են աշխատանք, նպաստ ուզելու: Եթե մենք զգանք, որ հնարավոր է ինչ-որ բան անել, բայց չի արվում, մենք կգնանք այդ քայլին: Բայց դա ծայրահեղ քայլ է, երբ որ որևէ բանակցություն օգուտ չի տալիս: Այսօր Սյունիքի մարզի հիմնական պահողը կոմբինատն է, եթե փակվեց, մասսայական գործազրկություն կլինի, քանի որ ուրիշ աշխատատեղեր չկան, մարդիկ ի՞նչ պիտի անեն: Իսկ այդ պայմաններում մենք մեկի քմահաճույքները չենք կարող տանել ու կգնանք այդ քայլին, բայց՝ բանակցային բոլոր միջոցները սպառելուց հետո: Բայց այսօր առաջին օրն է, որ մենք սկսել ենք այդ հարցով զբաղվել: - Մի շարք հանքարդյունաբերական ձեռնակությունների սեփականատերեր հայ չեն: Դա խանգարու՞մ է հնարավոր փոխզիջման հասնելու գործընթացին: - Խաղի կանոնները միջազգային ասպարեզում բոլոր գործատուների համար նույնն են: Կան միջազգային չափանիշներ, որոնք խախտելու իրավունք չկա, և հատկապես արտասահմանցիները դա լավ գիտեն: Կարծում եմ, որ այստեղ ազգային պատկանելության խնդիր չկա: Ուղղակի նրանք փնտրում են երկրներ, որտեղ կա էժան աշխատուժ, որը նրանց մեծ եկամուտներ ստանալու հնարավորություն կտա: - Պարոն Թումասյան, իսկ այսօր աշխատավորների կողմից ինչքանո՞վ է կարևորվում արհմիություների դերը: - Այս կառույցի դերը շատ կարևոր է, բայց կառույցը, որ արտահայտում է աշխատավորների շահերը, վստահություն ձեռք կբերի այն ժամանակ, երբ ունենա համապատասխան լծակներ: Մենք նախանձով ենք նայում, երբ տեսնում ենք, թե պետական ղեկավարներն ինչ մեծ տեղ են տալիս արհմիություններին, կարևորում են նրանց դերը: Վերջին 15 տարում կառավարության հետ որևէ պայմանագիր չի կնքվել, մի վակուում է եղել: Երբ մեզ մոտ ղեկավարությունը փոխվեց, մենք հարցը բարձրացրեցինք և առաջարկեցինք եռակողմ «Կոլեկտիվ հանրապետական պայմանագիր» կնքել Արհմիությունների կոնֆեդերացիայի, Կառավարության ու Գործատուների Կոմիտեի միջև: Նման պայմանագրեր արդեն կնքվել են ԱՊՀ բոլոր երկրներում: Համատեղ պայմանագիրը կբարձրացնի արհմիությունների դերը, և այսպիսի հարցեր լուծելիս աշխատավորներն առաջինը կդիմեն արհմիություններին: Եթե պայմանագիրը արդեն կնքված լիներ, մենք էլ չէինք մտածի՝ ինչ անել, ում դիմել, այլ հարցը միանգամից կդնեինք Գործատուների կոմիտեի առաջ, քանի որ այդ պայմանագրի կարևորագույն պահանջներից է՝ չկատարել մասսայական կրճատումներ: - Իսկ ե՞րբ կկնքվի պայմանագիրը: - Արդեն 2 ամիս է, ինչ պայմանագիրը պատրաստ է, բայց ստորագրման վերջնական փուլին չենք հասել: Կառավարության առաջնահերթության արդեն հաստատված ծրագրում ներառված է պայմանագրի ստորագրումը: Կարծում եմ՝ որոշ տեխնիկական խնդիրներ լուծելուց հետո պայմանագիրը կստորագրվի: Հարցազրույցը՝ Աստղիկ Խաչատրյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter