"Բեյզ Մեթլս" ընկերությունը յուրաքանչյուր ամիս կրել է շուրջ 1.5 մլն դոլարի վնաս
Համաշխարհային տնտեսական ճգնաժամն իր ազդեցությունն է ունեցել նաեւ Ղարաբաղի լեռնահանքային ոլորտի միակ եւ հանրապետությունում ամենախոշոր ընկերություններից մեկի`"Բեյզ Մեթլս" ընկերության գործունեության վրա:
Ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Մկրտումյանը "Հետք"-ին հայտնեց, որ ճգնաժամի առաջին հարվածներից մեկն անդրադարձավ հենց մետաղների շուկային, եւ այդ շուկայում առաջին հարվածը կրեց պղինձը: Բնականաբար, քանի որ "Բեյզ Մեթլս"-ի թողարկած արտադրանքի նշանակալից մասը հենց պայմանավորված է պղնձի գործոնով, ուղղակիորեն այդ ազդեցությունը` իր ամենաբացասական դրսեւորումներով ունեցավ նաեւ մեր ընկերության գործունեության վրա: Մի ակնթարթում մետաղի շուկայական գինը մոտ երկու անգամ նվազեց: Ստացվեց մի պատկեր, որ որոշակի գումար ծախսելով` ամենամսյա մեր արտադրանքը թողարկում էինք` ակնկալելով, որ դրա դիմաց կստանանք վաճառքից ձեւավորված հասույթ, ստացվեց, որ մեր ստացած հասույթը կիսվեց: Եւ ուղղակիորեն ընկերությունը հայտնվեց վնասաբերության աշխատանքային ռեժիմում",- շեշտեց Արթուր Մկրտումյանը: Յուրաքանչյուր ամիս ընկերությունը կրել է շուրջ 1.5 մլն դոլարի վնաս:
Հաշվի առնելով, որ ցանկացած ձեռնարկության հիմնական խնդիրներից է ոչ միայն շուկայական բարենպաստ պայմաններում աշխատելը, այլ նաեւ ճգնաժամերին դիմանալը եւ դրանցից դուրս գալը, ընկերությունը, ըստ գլխավոր տնօրենի, լուրջ քայլեր է ձեռնարկել ծախսային որոշ հոդվածների կրճատման ուղղությամբ: Առայժմ չի էլ քննարկվում եւ նախատեսված չէ աշխատակիցների թվաքանակի կամ աշխատավարձերի նվազեցում: "Հաշվի առնելով "Բեյզ Մեթլս"-ի նշանակությունը հանրապետությունում, որը ոչ միայն ունի զուտ բիզնես նշանակություն, այլ նաեւ սոցիալական, ինչու չէ` նաեւ քաղաքական նշանակություն, մենք որոշել ենք, որ այդ քայլին առայժմ չենք գնա: Հուսով ենք, որ համաշխարհային մակարդակով վերջին խոշոր քաղաքական իրադարձությունները կբերեն նրան, որ վիճակը փոքրիշատե կբարելավվի: Իսկ դա նշանակում է, որ գոնե ընկերությունը դուրս կգա զրոյական շահույթի շեմ, որն արդեն վատ չէ: Այսինքն` սեփականատերերը շահույթ չեն ստանում, բայց ձեռնարկությունն ինքը իր ծախսերը կարողանում է փակել եւ, որպես հետեւանք, Ղարաբաղի բյուջե եւս գումարներ են մտնում",- նշում է ընկերության տնօրենը:
Չնայած ճգնաժամը դեռ շարունակվում է, եւ ընկերությունն էլ աշխատում է վնասով, "Բեյզ Մեթլս"-ը շարունակում է աշխատել ամենաբարձր արտադրողականությամբ: Արտադրանքը նույնպես արտահանվում է նույն ծավալով, ինչպես նախկինում: Ա. Մկրտումյանը հավաստում է, որ իրենց գործունեության մեջ ոչինչ չի փոխվել, բացի գներից:
Պատասխանելով արտադրանքի ծավալների մասին հարցին` նա տեղեկացրեց. "Եթե անցած տարվա հանքաքարի արդյունահանման եւ վերամշակման տարեկան ցուցանիշը եղել է 320 հազար տոննա, ապա այս տարի նախատեսել էինք 400-410 հազար տոննա պլանային ցուցանիշ` ի շնորհիվ նրա, որ մեծ ներդրումներ ենք կատարել եւ ամբողջությամբ վերազինել ենք մեր հարստացուցիչ ֆաբրիկան, հանքում նոր սարքավորումներ են դրվել, եւ այս տարի արտադրանքն իր ցուցանիշներով պետք է լիներ աննախադեպը, եթե այդ ճգնաժամը չլիներ": Չնայած այդ ամենին` ընկերությունում աշխատում է մոտ 1300 աշխատակից, միջին աշխատավարձը կազմում է 175 հազար դրամ: Շարունակվում են նաեւ սոցիալական ծրագրերը` աշխատակիցների անվճար սնունդ, անվճար տեղափոխություն որոշ շրջանների բնակավայրերից, ընթացիկ հանգստի կազմակերպում Հայաստանի տարբեր առողջարաններում եւ այլն:
Անահիտ Դանիելյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել