«Ինչու՞մն է իմ որդու՝ Խաչատուրի մեղքը»,-հարցնում է ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հայրը՝ Ալբերտ Սուքիասյանը
Բաց նամակ
Ես արդեն 71 տարեկան եմ: Իմ ապրած տարիների ընթացքում շատ փորձությունների միջով եմ անցել, շատ դառը բաներ եմ տեսել, բայց իմ չորս որդիներին դաստիարակել եմ աշխատելու եւ բարիքներ ստեղծելու ոգով: Նրանց բոլոր գործերը հաջողությամբ էին պսակվում աշխատասիրության, համերաշխության եւ եղբայրասիրության շնորհիվ: Դա է մեր ընտանիքի հաջողությունների հիմքը, որի արդյունքում ստեղծել ենք ամուր տնտեսական կառույցներ եւ հազարավոր աշխատատեղեր:
Իմ ավագ որդին` ՀՀ Ազգային ժողովի երեք գումարման պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը համարձակություն ունեցավ 2007 թվականի սեպտեմբերի 21-ին ներկա լինել Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կազմակերպած ընդունելությանը, իսկ հետագայում հայտարարեց նախագահական ընտրություններում Տեր-Պետրոսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին: Այդ օրերից սկսվեց իշխանությունների մի վայրագ, անօրինական եւ ամոթալի արշավ մեր ընտանիքի եւ նրան մոտ կանգնած մարդկանց եւ կազմակերպությունների դեմ:
Բերեմ միայն մի քանի օրինակ: 2007 թ վերջում հարկային տեսչության ծառայողները ոստիկանության հետ համատեղ ներխուժեցին Պիցցա Դի Ռոմա ընկերության հասարակական սննդի օբյեկտները, ահաբեկեցին, ոստիկանական բաժանմունքներ բերման ենթարկեցին ընկերության բազմաթիվ աշխատակիցների, կալանավորեցին ընկերության տնօրենին: Հետագայում կալանավորեցին նաեւ Պիցցա Դի Ռոմա-ի երկու կին աշխատակիցների, որոնք արդեն մեկ տարուց ավել է ինչ գտնվում են քննչական մեկուսարանում (ի դեպ կանանցից մեկը այրի է եւ խնամքի տակ ունի երկու անչափահաս երեխա): Չզարմանաք, բայց հարկային ծառայության հաշվարկներով Պիցցա դի Ռոման-ն աշխատել է տարեկան 11.000 տոկոս շահութաբերությամբ, եւ ունենալով տնտեսության պատմության մեջ չլսված այդպիսի շահույթներ, համապատասխան հարկեր չի փոխանցել բյուջե:
Հաջորդ թիրախը Բջնի հանքային ջրերի գործարանն էր: Այստեղ հարկային մարմինները որեւէ խախտում չկարողացան գտնել, եւ ստիպված եղան «չարաշահումներ» հայտնաբերել բնօգտագործման վճարների մասով: Հարկային ծառայության «հանճարեղ» պատճառաբանությամբ ընկերությունը ջրի հաշվիչը «սխալ» տեղում է տեղադրել, ինչի հաշվին պետությանը սոսկալի վնաս է հասցրել: Պարզաբանեմ, որ գործարանի ջրի հաշվիչը 2005 թվականին տեղադրվել էր ՀՀ բնապահպանության նախարարության կողմից, որից հետո վերջինս երկու անգամ ստուգում էր անցկացրել ու խախտում չէր գտել: Եվ ընդհանրապես հաշվիչը ոչ մի կապ չունի Բջնի գործարանի հետ: Հաշվիչը եւ հորատանցքը պատկանում են բնապահպանության նախարարությանը: Որեւէ խախտում չէր արձանագրել նաեւ հարկային ծառայությունը 2006թ ստուգման ժամանակ, սակայն 2008թ. հունվարին եկել էր հակառակ եզրակացության: Հարկայինի աշխատակիցների կարծիքով Բջնին պետք է վճարի մի քանի տարում ընդերքից դուրս եկած եւ գետը հոսած հանքային ջրի ամբողջ ծավալի համար: Իսկ իրականություն այն է, որ Բջնին ըստ պայմանագրի պարտավոր էր հանքային ջրի մշտական հոսքն ապահովել եւ վճարել միայն այն հանքային ջրի համար, որը խողովակով ստացել է հանքավայրից: Սակայն Բջնիի պարտադրում են վճարել նաեւ գետը թափված ջրի համար: Դատական քաշքշուկներից հետո (բոլորս շատ լավ տեղյակ ենք Հայաստանի դատական մարմինների «անկախության» մասին) որոշվեց Բջնիից գանձել մոտ 4 մլրդ. ՀՀ դրամ (ավելի քան 13 մլն. ԱՄՆ դոլար): Այս պահին ընկերության գործունեությունը դադարեցվել է, եւ 480 աշխատակիցներ մատնվել են հարկադիր պարապուրդի:
Հետո հերթը հասավ Ֆիլիպ Մորիսի ապրանքները Հայաստան ներկրող «Պարես Արմենիա» ընկերությանը: Մաքսային ծառայությունը անհեթեթ մի որոշում կայացրեց արգելակել մեծ քանակի ապրանքների ներմուծումը: «Պարես Արմենիան» ստիպված էր դիմել դատարան: Վարչական դատարանում գործն ամիսներով ձգձգեցին, իսկ դրան զուգահեռ իշխանություններին մոտ կանգնած մարդիկ (այդ թվում գործող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի փեսան) բանակցություններ սկսեցին «Ֆիլիպ Մորիսի» հետ, Հայաստանում գործընկերոջը փոխելու առաջարկով: Այսինքն այսպիսի մեթոդներով, օգտագործելով պետության բոլոր հնարավորությունը փորձում են խլել կայացած բիզնեսը:
«Սպորտ Թայմ» ՍՊԸ-ին «Ադիդաս» ընկերության տված հաշիվ-ապրանքագրերը մաքսային ծառայությունը հրաժարվել է հիմք ընդունել եւ ընկերության ապրանքների մաքսագնի վրա ավելացրել է 40% հավելում: Սա այն դեպքում, երբ մինչեւ 2007թ. սեպտեմբերի 21-ը կատարված ներմուծումներով հավելումը կատարվել է ամենաշատը 1 %: Այսինքն փորձ է արվում դուրս մղել «Սպորտ Թայմ»-ին սպորտային հագուստի շուկայից միայն այն պատճառով, որ այն պատկանում է մեր ընտանիքին:
Մոտ 300 մլն. դրամի ակտ հարկային ծառայությունը կազմեց «Էկոնոմինկասացիա» ընկերության նկատմամբ, քրեական գործ հարուցելով տնօրենի նկատմամբ: Եւ դա այն դեպքում երբ ՀՀ կենտրոնական բանկը պաշտոնապես պարզաբանումներ է տվել խնդրո առարկայի վերաբերյալ ի օգուտ «Էկոնոմինկասացիա»-ի, իսկ հարկային մարմինները տարիների ընթացքում, ընդունելով ընկերության հայտարարագրերը, որեւէ անգամ որեւէ պահանջ չի ներկայացրել:
Այլ օրինակներ չբերեմ, նշեմ միայն, որ բոլոր ստուգումները, ձերբակալությունները, ձեռնարկությունների բնականոն աշխատանքների խափանումը, մի քանի տասնյակ միլիոն դոլարի հասնող հարկային պահանջների ներկայացումը սկիզբ առան 2007 թվականի սեպտեմբերի 21-ից հետո:
Որպես քաղաքացի ես հասկանում եմ բոլոր նրանց, ովքեր ընտրություններին սատարել են Սերժ Սարգսյանին, դա ցանկացած մարդու ընտրությունն է եւ իրավունքը: Բայց եթե դա այդպես է, ինչու՞մն է իմ որդու՝ Խաչատուրի մեղքը: Այն որ կանգնել է իր ավագ ընկերոջ կողքի՞ն: Դա էլ որդուս քաղաքական իրավունքն է, որը պետք է հարգի եւ Սերժ Սարգսյանը եւ նրա քաղաքական թիմի ցանկացած անդամ:
Տեսեք, մեր երկիրն այսօր ողողված է սպանություններով, ծանր այլ հանցագործություններով, հաշվեհարդարներով: Դա խոսում է նաեւ այն մասին, որ արդարադատությունը կախել է գլուխը եւ մարդիկ փորձում են ծագած հարցերը, վեճերը լուծել իրենց ձեւով:
Ես արդեն դժվարանում եմ մեղադրել այդ մարդկանց: Հայրը, ով չի կարողանում պետության միջոցով պաշտպանել իր որդու անմեղությունը, իսկ որդին` հոր պատիվը, ստիպված են լինելու իրենց իրավունքների պաշտպանության այլ ճանապարհներ փնտրել:
Մի բան է միայն ինձ մխիթարում` հասարակության վերաբերմունքը: Հարյուրավոր եւ հազարավոր մարդիկ խոսքով եւ գործով փորձում են օգնել մեզ, միայնակ մեզ չեն թողնում: Որքան, օրինակ, փորձում են «վերեւներից» ոչնչացնել Բջնին, այնքան ավելանում են ընկերության ապրանքների վաճառքի ծավալները:
Ես քաջ գիտակցում եմ, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ նպատակ ունեն վերաբաժանել, խլել մեր քրտնաջան աշխատանքով վաստակած ունեցվածքը: Եվ այս ամենը կատարվում է օրը ցերեկով եւ մի ընտանիքի նկատմամբ, որն ունի մեծ հեղինակություն ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում, եւ որը բարեխիղճ եւ շատ խոշոր հարկատու է: Եթե այդպես են վերաբերվում մեր հանդեպ, ապա ինչպե՞ս վարվեն, ու՞մից պատիվ պահանջեն հարյուրավոր այլ ձեռնարկատերեր, որոնց շահերը պարբերաբար ոտնահարվում են: Պատկերացրեք, ինչքան մարդ է հույսը կորցրել պետությունից եւ իրենց հարցերը փորձում են լուծել այլ` անօրինական ճանապարհներով:
Այս ամենին վերջ տալու համար քաղաքական կամք է հարկավոր:
Կոչ եմ անում Ձեզ, հորդորեք ներկայիս իշխանությանը մտածել ոչ միայն այսօրվա իրենց անձնական շահերի մասին, հակառակ դեպքում ատելությունն էլ ավելի է խորանալու, իսկ ատելությամբ երկիր չեն կառավարում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել