HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատարանը լսեց գյումրեցի պաշտոնյայի քրգործը

Շիրակի մարզի Ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Գյումրիի քաղաքապետարանի ապօրինի շինությունների եւ հողազավթումների վերահսկման բաժնի պետ Աշոտ Քալաշյանի դեմ հարուցված քրգործի քննությունը: Նա նկատմամբ մեղադրանք է ներկայացված Քրեական օրեսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Ըստ քրգործի` «Գյումրիի քաղաքապետարանի անօրինական շինությունների եւ հողազավթումների վերահսկման բաժնի պետ Աշոտ Քալաշյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, նախնական հանցավոր համաձայնության գալով նույն բաժնի աշխատակիցներ Ռուբիկ Մնացականի Թեւանյանի, Արթուր Հարությունի Պարունակյանի եւ Վարդան Միշայի Զարիֆյանի հետ, Գյումրի քաղաքի բնակչուհի Սվետլանա Մովսիսյանին պատկանող թիվ 205/369 տնակը այլ տնակային թաղամաս տեղափոխելու փոխարեն հափշտակել ու 240 000 դրամով վաճառել է Թադեւոս Շիրվանյանին, ով էլ իր ընկերների հետ տեղում ապամոնտաժել եւ շինանյութը տարել է` Մովսիսյանին պատճառելով զգալի չափով նյութական վնաս»: Այս տարվա հունիսի 28-ին հարուցված քրեական գործում ներգրավված էին նաեւ քաղաքապետարանի վերոհիշյալ բաժնի աշխատակիցները, սակայն հիմնավոր փաստեր չունենալու պատճառով նրանց նկատմամբ գործը կարճվեց: Երեկ դատարանը լսել էր տուժողին` Սվետլանա Մովսիսյանին եւ երկու վկաների, որոնցից մեկը քաղաքապետարանի ապօրինի շինությունների եւ հողազավթումների բաժնի աշխատակից Վարդան Զարիֆյանն էր, մյուսը` տուժողի հարսը` Կարինե Խաչատրյանը, ով իր վրա է վերցել հիվանդ սկեսրոջը խնամելու պատասխանատվությունը: Աշոտ Քալաշյանի դեմ նա էր բողոք ներկայացրել Շիրակի մարզի դատախազություն: Տուժողն ու նրա հարսը դատարանում մեկ անգամ եւս պնդեցին, որ իրենք տնակը վաճառելու մտադրություն բացարձակապես չեն ունեցել, եւ որ հարկադրված են եղել այլ տնակային թաղամաս տեղափոխել, քանի որ տարածքը քաղաքապետարանը մի «փողատիրոջ» էր վաճառել: Ըստ նրանց՝ քաղաքապետարանի վերոհիշյալ պաշտոնյան էլ իրենց տնակը «Կաթի գործարանի» բակ տեղափոխելու ու բնակության համար հարմար պայմաններ ստեղծելու փոխարեն «ինքնագլուխ ձեւով «կլիենտ» է գտել, վաճառել ու գրպանել է»: Իրենք էլ «հայտնաբերելով», որ տնակը տեղում չէ, դիմել են Շիրակի մարզի դատախազություն: Վկա Վարդան Զարիֆյանն էլ իր հերթին ամոթանք էր տալիս տուժող Սվետլանա Մովսիսյանին` Աշոտ Քալաշյանին «զրպարտելու» համար: Նրա խոսքերով՝ ինքն անձամբ է լսել, թե ինչպես է Աշոտ Քալաշյանը տուժողի հարսին` Կարինե Խաչատրյանին, փոխանցել վաճառված տնակի գումարը` ասելով` «Մի հատ էլ քո ձեռքով հաշվի»: Ամբաստանյալն իրեն մեղավոր չճանաչեց, նա քրեական գործը «անհիմն ու անհասկանալի» որակեց` վստահ լինելով, որ իր «գլխին սարքել են»: Քանի որ մյուս վկաները՝ թվով չորս հոգի, չէին ներկայացել դատարան, դատը հետաձգվեց մինչեւ նոյեմբերի 12-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter