"Էջմիածին Ջրշին" եւ "Սոկոլ գրուպ" ընկերությունները պետությանը հասցրել են համապատասխանաբար 33.3 մլն եւ 296 մլն դրամի վնաս
ՀՀ վերահսկիչ պալատի աշխատակազմի մեթոդաբանության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ միջազգային կապերի վարչության պետ Կարեն Առուստամյանն այսօր ներկայացրեց ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին "Էջմիածին Ջրշին" ՍՊԸ-ի կողմից Հրազդան գետի հունի մաքրման եւ ափերի ամրացման, ոռոգվող հողատարածքների ջրապահովման շինարարական աշխատանքների նկատմամբ իրականացված վերահսկողության ընթացքում կազմված արձանագրությունները:
"Էջմիածին Ջրշին" ՍՊԸ-ն շահել էր Գյուղնախարարության մրցույթը, ընդ որում` 3 ծրագիր իրականացնելու համար: Դրանք ուսումնասիրվել են, եւ հայտնաբերվել է 30 մլն դրամի չարաշահում` չկատարված աշխատանքների դիմաց վճարված գումար, եւ այս մասով առաջարկվել էր, որպեսզի ընկերությունը կամ գումարը փոխանցի պետական բյուջե, կամ էլ կատարվեն համապատասխան աշխատանքները: Ստուգումներից հետո կազմակերպության կողմից եղել են առարկություններ, իսկ Վերահսկիչ պալատը դիմել է մասնագիտական "Հայջրնախագիծ" ինստիտուտին, որը տվել է մասնագիտական եզրակացություն, ըստ որի` պետությանը հասցրել են 33.3 մլն դրամի վնաս, բացի այդ` ինստիտուտը ամբողջ կառույցը գնահատել է որպես անարդյունավետ, քանի որ 15 տարի օգտագործման ենթակա կառույցները փլվել են:
ՀՀ վերահսկիչ պալատի գլխավոր աուդիտոր Խաչիկ Վարդանյանը ներկայացրեց "Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին" ծրագրերի կատարման նպատակով հատկացված բյուջետային միջոցների օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությունը: Սեպտեմբերի 10-ից Վերահսկիչ պալատը սկսել է ստուգումները, իսկ նույն ամսվա 25-ին ավարտել, սեպտեմբերի 28-ին կազմվել է արձանագրություն, իսկ նույն ամսվա 29-30-ը 296 մլն դրամ վերականգնվել է պետական բյուջե ծրագիրն իրականացնող "Սոկոլ գրուպ"-ի կողմից:
Վերահսկիչ պալատն առանձնացնում է երկու խնդիր` չկատարված ծրագրեր, որը լուծվեց, եւ արդյունքը եղավ 296 մլն դրամի վերականգնումը պետական բյուջե, եւ կատարված ծրագրերի խնդիրը, որը պատճառ է դարձել, որպեսզի Վերահսկիչ պալատը դատախազություն դիմելու որոշում կայացնի: Կատարված ծրագրերի խնդիրը հետեւյալն է. պետք է կազմակերպության կողմից գնվեին մեկ սենյականոց տիպային բնակարաններ` առանձին կոմունալ հարմարություններով, ջեռուցման համակարգով, սանհանգույցի պատերը եւ հատակը պետք է լինեին սալիկապատված, բնակելի մասի հատակը` մանրահատակից, բնակարանը պետք է լիներ բնակության համար պատրաստի վիճակում եւ չունենար վերանորոգման կարիք, մինչդեռ արձանագրվել է ջեռուցման համակարգի եւ մանրահատակի բացակայություն, 13 բնակարաններ գտնվել են ոչ բնակելի տարածքներում` տեխնիկական հարկերում: Այս ամենը պատճառ է դարձել, որպեսզի Աջափնյակում ստացած իրենց բնակարանները լքեն 7 բնակիչներ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել