ՀՀ վերահսկիչ պալատի խորհուրդը այսօր քննարկել է 4 հարց
ՀՀ վերահսկիչ պալատի աշխատակազմի 11-րդ վարչության պետ Վահան Վարդանյանը այսօր ներկայացրեց ՀՀ համայնքներում գազաֆիկացման աշխատանքների կատարման համար բյուջեներից հատկացված միջոցների օգտագործման նկատմամբ իրականացված ընտրանքային վերահսկողության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվություն: Ըստ այդ հաշվետվության` 3 տարի շարունակ ՀՀ մի շարք համայնքներում "Մանշին", "Մանախ", "Պեդաս" կազմակերպությունները շուրջ 439 մլն դրամ գումար են հավաքել համայնքներից գազաֆիկացման աշխատանքներ կատարելու համար, 3 տարի շարունակ խաբել են համայնքներին, կատարել են “կիսատ-պռատ” աշխատանքներ: Արդյունքում վերահսկիչ պալատի ստուգումները պարզ ել են, որ համայնքները գազաֆիկացված չեն:Ստուգումներից հետո խնդիրները քննարկվել են “Մանշին” եւ “Մանախ” ընկերությունների հետ, կազմվել է ժամանակացույց, որը ենթադրում է, որ այս երկու կազմակերպությունները մինչեւ փետրվարի վերջը ավարտեն գազաֆիկացման աշխատանքները, հակառակ պարագայում, պայմանագիրը չկատարելու դեպքում, գործը կուղարկվի դատախազություն, որտեղ կազմակերպություններից կպահանջեն համայնքներին վերադարձնել կորզված գումարները: Պայմանագիրը ստորագրվել է թե’ ընկերությունների նախագահների, թե’ համայնքների ղեկավարների կողմից:
ՀՀ վերահսկիչ պալատի աշխատակազմի 10-րդ վարչության պետի տեղակալ Վարդան Առաքելյանը ներկայացրեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը պետական պատվերի եւ ծրագրերի կատարման նպատակով պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման եւ բյուջետային մուտքերի ապահովման, ինչպես նաեւ` պետական սեփականության կառավարման եւ օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվություն:
Պատկերը հետեւյալն է` ուսումնասիրվել էր Տրանսպորտի եւ կապի նախարարության “Վարչատնտեսական” ՓԲԸ-ի, “Տրանս նախագիծ” ՓԲԸ-ի, “Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդումների ցանց” ՓԲԸ-ի, “Նամականիշ” ԲԸ-ի, Մետրոպոլիտենի նորոգման “Մեխանիկական” ՓԲԸ-ի գործունեությունները, նաեւ` Տրանսպորտի եւ կապի նախարարության եւս մեկ ծրագիր, որն առնչվում էր վարկային միջոցների օգտագործմանը, եւ արձանագրվել է 11.9 մլն դրամի խախտում, որը ենթակա է վերականգնման պետական բյուջե: Սա վերաբերում է ճանապարհային շինարարության ընթացքում 13.1 տ ներկերի չօգտագործման փաստին, որոնք դարձել են անպիտան` ժամկետն անց, հայտնաբերվել են 4908 ճանապարհային նշաններ, 10024 գծամետր երկաթյա ցինկապատ ձողեր չօգտագործելու փաստ, ընդհանուր վնասը կազմում է 62.5 մլն դրամ, առաջարկվել է այս ամենը օգտագործել 2009 թ. շինարարությունների ընթացքում: Նյութերը կհանձնվեն շինարարական կազմակերպություններին` պակասեցնելով ֆինանսավորումը 62.5 մլն դրամով:
Մետրոպոլիտենի նորոգման “Մեխանիկական” ՓԲԸ-ի ստուգման արդյունքում հայտնաբերվել է 6.2 մլն դրամի գնային տարբերություն, որը ենթակա է վերականգնման պետական բյուջե: “Վարչատնտեսական” ՓԲԸ-ում հայտնաբերվել է 16.6 մլն դրամ վարձավճարների չգանձում, նաեւ` 6.6 մլն դրամ պետական շահաբաժին, որը պետք է փոխանցվեր պետական բյուջե, բայց չի փոխանցվել: “Տրանս նախագիծ” ՓԲԸ-ի, որը գնացել է սեփականաշնորհման` ունենալով 2.3 մլն դրամի պարտք, գնորդը, ըստ օրենքի, պարտավոր է հոգալ, այսինքն` այս գումարը եւս ենթակա է վերականգնման պետական բյուջե: “Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդումների ցանց” ՓԲԸ-ի գործունեության ուսումնասիրությունը հայտնաբերել է շուրջ 2 մլն դրամ շահաբաժին: “Նամականիշ” ՓԲԸ-ի գործունեության ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է 81 մլն չվճարված շահութաբաժին: Վիճակը քննարկվել է Տրանսպորտի եւ կապի նախարարի եւ վարչապետի հետ, կազմվել է ժամանակացույց, ըստ որի` այս գումարները պետք է վերադարձվեն պետական բյուջե:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել