Համաներումը ամենաճիշտ լուծումն է
1609 և 1620 բանաձևերի պահանջների բավարարումը դեռևս հնարավոր չէ արձանագրել միայն քրեական հետապնդումների մասով: Այս մասին այսօր “Հայելի” ակումբում ԵԽԽՎ-ի 2009 թ. հունվարյան նստաշրջանի համար կատարված և կատարվելիք աշխատանքները ներկայացնելիս ասաց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Մասնավորապես, խոսքը վերաբերում էր մարտի 1-ի դեպքերի շուրջ միայն ոստիկանական ցուցմունքների հիման վրա անձանց դատապարտելու անթույլատրելիությանը: “Սա ոչ թե իրավական, այլ քաղաքական պահանջ էր:
Իրավական առումով այստեղ խնդիր չի ծագում: Եվրադատարանում եղել են նախադեպեր, և եզրակացությունը եղել է այն, որ դա ինքնին արգելք չէ: Եվ այս պարագայում, կարծում եմ, որ լավագույն լուծումը կլիներ համաներումը”,- նշեց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահը:
Դ. Հարությունյանը հաստատեց, որ համաներումը կտարածվի նաև Գ. Ջհանգիրյանի գործի վրա: “Որ պահին հանրապետության նախագահը որոշեց ընդունել համաներման որոշումը, այդ պահին այն կկիրառվի: Բայց, կարծում եմ, մերժելը ճիշտ տարբերակ չէ”,- շարունակեց բանախոսը: Նրա կարծիքով՝ մեկ այլ լուծում կարելի է համարել Վճռաբեկ դատարանի դիրքորոշումը, թե որ դեպքում ոստիկանի ցուցմունքները կարելի է հիմք համարել, և որ դեպքում` ոչ:
2009 թ. ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում նախատեսվում է անդրադարձ կատարել 1609 և 1620 բանաձևերին և մի շարք օրենսդրական բարեփոխումների: Հայաստանի ստանձնած պարտավորությունների շրջանակներում դեռևս ընթանում են մոնիտորինգի աշխատանքները: Աշխատանքային խմբի կատարած աշխատանքները ավարտված են և այժմ գտնվում են քաղաքական քննարկումների փուլում:
Տարվում են աշխատանքներ “Ընտրական օրենսգրքի” փոփոխությունների վրա, ինչպես նաև՝ հեռուստաեթերի ու ռադիոեթերի հեռարձակման ոլորտում, որպեսզի թեկնածուների համար ապահովվեն հավասար պայմաններ: Երևան քաղաքում “Տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմինների մասին” օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է: Օրենքը ուսումնասիրել են եվրոպական փորձագետները, և փոփոխությունները ներկայացվելու են երկրորդ ընթերցման: Շուտով օրենքը կներկայացվի հանրության դատին, որից հետո այն կհանձնվի ԱԺ-ին: Բանաձևերի պահանջներից է նաև էլեկտրոնային լրատվամիջոցների գործունեության բարեփոխումները օրենսդրական ճանապարհով, որի ուղղությամբ կառավարությունը մշակել է օրենքի նախագիծ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել