Դավիթ Իշխանյան. «Ցանկացած փաստաթղթի ստորագրում պետք է լինի Ղարաբաղի մասնակցությամբ»
Նոյեմբերի 2-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հռչակագրի ստորագրումը Ղարաբաղի տարբեր շրջանակներում սկսում է քննարկման լուրջ առարկա դառնալ: Մեր հարցերին պատասխանում է ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:
- Պարոն Իշխանյան, ինչպե՞ս կմեկնաբանեիք վերոնշյալ հռչակագրի ընդունումը:
- Իհարկե, չեմ կարծում, որ այդ հռչակագիրը ինչ-որ առումով էական ու առանցքային նշանակություն կարող է ունենալ: Իմ անձնական կարծիքով` հռչակագրի ընդունումը առանց Ղարաբաղի մասնակցության էական չէ, քանի որ այստեղ նաեւ զուգահեռներ են անցկացվում զինադադարի փաստաթղթի ստորագրման հետ, ու եթե փորձենք հիշել, ապա այնտեղ Ղարաբաղի մասնակցությունը կար, իսկ այստեղ` ոչ:
Ուզում եմ շեշտել, որ Ղարաբաղը միշտ պետք է լինի բանակցությունների լիիրավ մաս: Այո, Հայաստանը Ղարաբաղյան հարցում, Ղարաբաղի համար երաշխավոր է, բայց ցանկացած փաստաթղթի ստորագրում` լինի դա հռչակագիր, թե պայմանագիր, պետք է լինի Ղարաբաղի մասնակցությամբ: Այդ առումով հռչակագիրը բացասական եմ գնահատում, իսկ մի քանի կետեր`կապված հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքների, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հարցի լուծման հետ, դրական եմ համարում:
- Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում արդեն վաղուց շրջանառվող ազատագրված տարածքների վերադարձման խնդրին:
- Բազմիցս նշել ենք Դաշնակցության տեսակետը, որ այդ տարածքները ազատագրված, պատմական հայկական տարածքներ են, նաեւ` անվտանգության գոտի, եւ վերադարձման որեւէ խնդիր չպիտի լինի: Դժբախտաբար, Հայաստանի գործող իշխանությունների կողմից փորձվում է տարածքների զիջման շրջանակներում հասարակական կարծիք ստեղծել: Մենք ընդհանրապես զիջում կամ փոխզիջում հասկացողությունը երբեւէ չենք դիտում որպես տարածքների վերադարձման հարց: Այստեղ նաեւ լուրջ անելիքներ ունեն ԼՂՀ իշխանությունները` ձեւավորելու հասարակական կարծիք կամ հրապարակավ ներկայացնելու, որ մեր կեցվածքը տարածքներ չզիջելու առումով անփոփոխ է: Այս ուղղությամբ մինչեւ հիմա լուրջ քայլեր չեն ձեռնարկվել: Հասարակության շրջանում պետք է ամենօրյա քննարկումներ կազմակերպվեն ու համապատասխան տեսակետ ձեւավորելու ուղղությամբ քայլեր ձեռնարկվեն:
Հարցազրույցը` Անահիտ Դանիելյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել