HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արփի Վարդանյան. «Օբամայի ընտրության դեպքում հույս կա, որ Հայոց ցեղասպանությունը կճանաչվի»

Այսօր ամերիկացիները ընտրում են իրենց երկրի 44-րդ նախագահին: Առաջադրված են 7 թեկանածուներ, սակայն որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ պայքարն իրականում ընթանալու է Իլինոյս նահանգի սենատոր, դեմոկրատ Բարաք Հուսեյն Օբամայի եւ Արիզոնա նահանգի սենատոր, հանրապետական Ջոն Մկքեյնի միջեւ: Օբաման հայտարարել է, որ ընտրվելու դեպքում ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը, իսկ Մկքեյնը հրաժարվել է ճանաչել այն, եթե անգամ ամերիկացիների մեծամասնությունը ձայնը տա իրեն: Վերջին հարցումներով Բարաք Օբաման 11 միավորով առաջ է Ջոն Մկքեյնից: Ստորեւ` մեր հարցազրույցը Ամերիկայի հայկական համագումարի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի գրասենյակների տնօրեն, Ամերիկայում ծնված եւ մեծացած Արփի Վարդանյանի հետ` ամերիկյան ընտրություներից ունեցած սպասելիքների մասին: - Տիկին Վարդանյան, նախագահների թեկնածուներից մեկը հայտարարել է Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման մասին, իսկ մյուսը հրաժարվել է ընտրության դեպքում ճանաչել ցեղասպանությունը: Ինչպիսի՞ն է ձեր` իբրեւ լոբբիստական կազմակերպություն, դիրքորոշումը թեկնածուների նկատմամբ: - Մեր կարգավիճակն այնպիսին է, որ մենք երբեք ոչ մի ընտրության ժամանակ որեւէ թեկնածուի չենք պաշտպանում: Նախորդ ընտրություններում էլ եղել է, որ թեկնածուները խոստացել են ընտրվելուց հետո ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց ընտրվելուց հետ այդպես էլ չեն ճանաչել: Ես միշտ էլ ասել եմ, որ հույս ունեմ, որ Ամերիկան կճանաչի ցեղասպանությունը: Դե, իհարկե, հիմա էլ հույս կա, որ եթե Բարաք Օբաման ընտրվի, նա իր խոսքի տերը կլինի: Հատկապես, որ նա մինչեւ ընտրարշավն էլ անշեղորեն ասում էր, որ այն պետք է ընդունել: – Իսկ եթե ընտրվի Ջոն Մկքե՞յնը: – Մենք կշարունակենք աշխատել եւ՛ հանրապետականների, եւ՛ դեմոկրատների հետ, ինչպես միշտ աշխատել ենք, մենք կուսակցական կառույց չենք, որեւէ թեկնածուի ձայն չենք տալիս, դրա համար էլ կարողանում ենք մեր դիրքերը պահել եւ երկու կուսակցությունների հետ էլ աշխատել` անկախ նրանից` դեմոկրա՞տ է նախագահը, թե՞ հանրապետական, անկախ նրանից` ով ունի մեծամասնություն Կոնգրեսում ու Սենատում: Ու աշխատում ենք ոչ միայն վարչակազմի հետ, այլեւ հասարակության: Ճանաչելը կամ չճանաչելը ընտրության հարց չի, որ որեւէ մեկի համար պետք է շահեկան լինի, դա ճշմարտություն է եւ պետք է ընդունվի: Եվ մի օր այն կընդունվի: – Եթե տեսականորեն ընդունենք, որ Ցեղասպանությունը կճանաչվի, ի՞նչ կտա դա երկու կողմերին էլ: – Ամերիկայի պատմության մեջ կան դեպքեր, երբ Ամերիկան օգնել է հայերին` սկսած դեսպան Մորգենթաունից ու նախագահ Վիլսոնից: Եվ հիմա չճանաչելը կարծես արհամարհանք լինի այդ մարդկանց ջանքերին ու աշխատանքին: Ամերիկայի նահանգների կեսից ավելին, կարելի է ասել, ճանաչել են Հայոց ցեղասպանությունը` ճանաչելով, օրինակ, ապրիլի 24-ը որպես Ցեղասպանության օր: Իսկ եթե Ամերիկան ճանաչի, մյուս երկրները կհետեւեն նրա օրինակին: – Ի՞նչ տրամադրություներ կան հիմա ամերիկահայ համայնքում, նրանք ընտրություններից ի՞նչ ակնկալիք ունեն: – Տասը տարի ինչպես հայերի, այնպես էլ ամերիկացիների շրջանում ակտիվությունը շատ բարձր է: Ակտիվությունը շատ մեծ է, քանի որ սպասելիքներն էլ մեծ են: Բնական է, որ հայերը ցանկանում են, որ ամերիկյան նախագահներից մեկը վերջապես խիզախություն ունենա ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Բայց պրիմիտիվ է մտածել, որ հայերը կընտրեն թեկնածուներից մեկին` հիմնվելով միայն ցեղասպանության հարցի վրա: Նրանց համար, ենթադրում եմ, որ կարեւոր են նաեւ արտաքին քաղաքականության հարցերը, հարաբերությունները Իրանի, Թուրքիայի, Իրաքի, Ռուսաստանի հետ, երկրի տնտեսական, առողջապահության խնդիրները: Բայց դժվարանում եմ ասել` ցեղասպանությունից բացի ո՞րն է ամերիկահայերի համար ամենակարեւոր խնդիրը: – Տիկին Վարդանյան, ցեղասպանության հարցը արդեն երկար տարիներ շոշափվում է նախագահի թեկնածուների կողմից, ըստ ձեզ` ո՞րն է դրա պատճառը, ամերիկահայերի ձայնի կարեւորու՞մը, ընտրողի աչքում արդար երեւա՞լը, թե՞ դա զուտ լոբբիի արդյունք է: – Այստեղ, ըստ ինձ, կա 2 կողմն էլ: Նախ` թեկնածուն պետք է տեղյակ լինի, թե ինչ է կատարվում ընտրողների տարբեր բլոկներում, քանի որ ցանկացածի ձայնը կարեւոր է: Բայց հիմնականում այդ թեկնածուների հետ աշխատանքը պետք է կատարեն լոբբիստական կազմակերպությունները: Դա մեր աշխատանքն է` հիշեցնել նրանց խնդրի գոյության մասին: – Կա՞ն նահանգներ, որտեղ ամերիկահայերի ձայնը կարող է վճռական լինել: – Գիտեք, տվյալները անընդհատ փոխվում են: Հիմնականում ամերիկահայերի մեծ համայնքներ կան Կալիֆոռնիայում, Նյու Յորքում, Նյու Ջերսիում, Բոստոնում, Մասաչուսեթսում, Միչիգանում: Մենք չունենք տվյալներ` կոնկրետ քանի՞ հայ կա ամեն վայրում, կամ քանի՞ հայ իրավունք ունի քվեարկելու, դրա համար էլ չեմ կարող ասել` ինչքանով կարող է որոշիչ լինել կամ չլինել: – Եվ վերջում, ըստ ձեզ` ո՞վ ավելի մեծ շանսեր ունի հաղթանակի: – Օբաման վերջին շաբաթներում անընդհատ առաջ է, եթե այդ ամենը ճիշտ է, ապա Օբաման ավելի մեծ հավանականություն ունի: Բայց պետք է մի քանի հանգամանքներ հաշվի առնել` եղանակից մինչեւ վերջին վայրկյանին նախընտրած թեկնածուից հրաժարում, իսկ որոշ մարդիկ էլ կարող են չգնալ քվեարկության, քանի որ, այսպես ասած, հարցումները ցուց են տալիս, թե ով է հաղթելու: Այնպես որ, միանշանակ ասել հնարավոր չէ: Բայց այս անգամ ավելի մեծ մասնակցություն է ակնկալվում, եթե անցյալ անգամ մոտ 125 մլն մարդ է քվեարկել, ապա այս անգամ ակնկալվում է, որ մոտ 200 մլն կմասնակցի քվեարկությանը: Հարցազրույցը` Աստղիկ Խաչատրյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter