Քաղաքապետին մեղադրանք չի առաջարվել
Այսօր հրավիրված ասուլիսում ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության պետ Սայաթ Շիրինյանն անդրադարձավ նաեւ հոկտեմբերի 24-ին Ստեփանավանի քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին, որն ուղեկցվել էր կտրող-ծակող առարկայի եւ հրազենի գործադրմամբ (Տես` Ստեփանավան. հետընտրական հաշվեհարդարներ):«Ստեփանավանի քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը պարզվում է, որ աշխատանքից ազատել է գործավարին` Լիանա Գրիգորյանի: Նրա հորեղբորորդի Արմեն Գրիգորյանը եւ ամուսնը 7-8 հոգու հետ գնացել են Ս. Ղարաքեշիշյանին պատկանող «Դրախտ» ռեստորան` այդ հարցի շուրջ պարզաբանումներ ստանալու եւ, բնականաբար, կա՛մ խնդրելու, կա՛մ պարտադրելու, որ Լիանա Գրիգորյանին քաղաքապետն աշխատանքից չազատի: Բնականաբար, մերժում են ստացել եւ Արմեն Գրիգորյանն իր մոտ եղած կտրող-ծակող գործիքով հարվածել է Ղարաքեշիշյանի պարանոցին եւ դեմքին, իսկ Ղարաքեշիշյանն իր հերթին իմ մոտ եղած «Վիկինգ» տեսակի ատրճանակից կրակել է եւ մարմնական վնասվածք է հասցրել Գրիգորյանին եւ նրա հետ եկած եւս երկու անձանց»,- կատարվածը ներկայացրեց Ս. Շիրինյանը: - Հիվանդանոցում գտնվող Արմեն Գրիգորյանը ձերբակալված է, նրան առաջադրվել է մեղադրանք»:
- Իսկ քաղաքապետ Ղարաքեշիշյա՞նը,- հարցրին լրագրողները:
- Քաղաքապետն ապաքինվում է, - հնչեց պատասխանը:
Ս. Շիրինյանի խոսքերով` Ս. Ղարաքեշիշյանի կողմից զենքի կիրառման օրինաչափության եւ իրավաչափության գնահատականը պետք է տա նախաքննությունը:
Լրագրողները հիշեցրին, որ ժամանակին նույն զենքից Ստեփանավանի քաղաքապետը իր օբյեկտում կրակել էր Վարուժան Մովսիսյանի վրա, եւ եթե նա անպատիժ չմնար, այս միջադեպը չէր լինի:
«Ես խոսում եմ 2008 թ. հոկտեմբերի 24-ին արձանագրված դեպքի մասին: Թե ինչ դեպք է արձանագրվել 2005 թ., ինչպիսի իրավական գնահատականներ են տրվել դրան, ես այս պահին չեմ կարող ասել: Եվ դուք միշտ ինձ անընդհատ տանում եք դեպի հետին իրադարձություններ»,- ասաց Ս. Շիրինյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել