HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեղադրում է սպանությունը կազմակերպելու համար

Հոկտեմբերի 26-ին Արաբկիր համայնքում` Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բակում, ինքնաձիգից եւ ատրճանակից արձակված կրակոցների հետեւանքով սպանվեց 48-ամյա Հրաչյա Մաթեւոսյանը: Սպանությունը կատարելու համար կալանավորվել է Հայկ Դավթյանը: Բայց մինչ այդ` սպանության հենց հաջորդ օրը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հայտարարեց, թե կատարվածը ինքնադատաստանի` վենդետայի արդյունք է եւ անմիջական կապ ունի անցյալ տարվա նոյմբերի 8-ին նույն համայնքում տեղի ունեցած սպանության հետ: Հիշեցնենք, որ այդ օրը Կոմիտասի շուկայի մոտ գլխին արձակված երեք կրակոցներից սպանվել էր Հայաստանի որսորդմիության նախագահ, ԲՀԿ կուսակցության անդամ Սայաթ Դավթյանը: Չորս օր անց ոստիկանություն էր ներկայացել Վալերի Բաբայանը, հանձնել հանցագործության գործիքը ու տվել խոստովանական ցուցմունքներ: Հայկ Դավթյանը Սայաթ Դավթյանի եղբորորդին է եւ, ըստ ոստիկանության, սպանելով Հրաչյա Մաթեւոսյանին` նա վրեժ է լուծել հորեղբոր սպանության համար: «Այստեղ խնդիրը ոչ թե նրանում է, որ ինքը կասկածներ ուներ, թե հանցագործություն կատարողը կալանավորված անձը չէ, որը հիմա կրում է իր պատիժը, այլ նա մեղադրում է, որ հանցագործությունը կազմակերպել է Հրաչյա Մաթեւոսյանը»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ մանրամասնեց ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության պետ Սայաթ Շիրինյանը: Լրագրողները փորձեցին ճշտել, որ եթե իրավապահները սկզբից եւեթ տեղյակ էին, որ կատարվածը վենդետայի դրսեւորում է, ինչո՞ւ ժամանակին այն կանխարգելելու միջոցներ չէին ձեռնարկել: «Ես նորից եմ կրկնում` ըստ Հայկ Դավթյանի` հանցագործության կազմակերպիչը եղել է Հրաչյա Մաթեւոսյանը: Բայց դեռեւս նախաքննությունն այդպիսի գնահատական չի տվել»,- ասաց Ս. Շիրինյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter