Լեւոն Մելիք-Շահնազարյանը` մոսկովյան հռչակագրի դրական եւ բացասական կողմերի մասին
Քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը այսօր «Փաստարկ» ակումբում հրավիրված մամլո ասուլիսում անդրադարձավ 2 օր առաջ երեք նախագահների ստորագրած հռչակագրին` շեշտադրումներ անելով հռչակագրի բացասական եւ դրական կողմերի վրա:Որպես դրական` քաղաքագետն առանձնացնում է գրեթե բոլոր կետերում արտացոլվող այն դրույթը, որ կողմերը շարունակելու են Ղարաբաղյան խնդրի լուծումը փնտրել խաղաղ պայմաններում: Բացի այդ, ըստ քաղաքագետի, կարեւոր է այն, որ փաստաթղթում չի նշվում Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, ավելին` նշվում են մադրիդյան սկզբունքները.
«Ինչքանով ինձ ծանոթ են մադրիդյան սկզբուքները, ես գիտեմ, որ այնտեղ նշված է Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, մի բան, որ շատ խիստ բարկացնում է Ադրբեջանի քաղաքական գործիչներին»:
Դրական տեղաշարժ է նաեւ այն, որ սա առաջին փաստաթուղթն է 1994-ից հետո` ստորագրված երկու երկրների նախագահների կողմից, բայց նաեւ նրա համար անընդունելի է այն, որ Ղարաբաղը չի մասնակցել այդ հանդիպմանը.
«Բանն այն է, որ երբ խոսում ենք խաղաղ ճանապարհով լուծումը գտնելու մասին, մոռանում ենք, որ հայ-ադրբեջանական հակամարտության գիծը սահմանն է Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ, եւ պատերազմ եթե սկսվի, այստեղ է սկսվելու»:
Այսինքն` բացասական է այն, որ Հայաստանը լինելով Լեռնային Ղարաբաղի անտանգության երաշխավորը` փոխարինում է նրա դերը միջազգային ասպարեզում:
Լեւոն Մելիք-Շահնազարյանը, անդրադառնալով Ռուսաստանի գործոնին, փաստում է, որ Ռուսաստանը օգտվեց առիթից, քանի որ Ամերիկայում ընտրություններ են, իսկ Եվրոպան գտնվում է տնտեսական փլուզման շեմին.
«Ռուսաստանը շարունակում է ամրացնել իր դիրքերը Հարավային Կովասում, եւ եթե այդ վերադարձը շարունակվի խաղաղություն հաստատելով տարածաշրջանում, ապա դա կարելի է միայն ողջունել»:
Նա չի կիսում այն տարածված տեսակետը, որ Ռուսաստանը փորձում է իր բանակը բերել խաղաղապահ ուժերի փոխարեն, քանի որ այսօր, ըստ նրա, Ռուսաստանին այլեւս ձեռնտու չէ «ռազմական արշավը դեպի Հարավային Կովկաս»: Քաղաքագետը կարեւորում է նաեւ այն, որ փաստաթղթում նշված է, որ հարցը պետք է լուծվի միջազգային օրենքներիի հիման վրա.
«Սա շատ հետաքրքիր արտահայտություն է, քանի որ մենք 14 տարի է հայտարարում ենք, որ Լեռնային Ղարաբաղը ստեղծվել եւ գոյատեւում է միջազգային օրենքների հիման վրա»: Նա գտնում է, որ վրաց-ռուսական հակամարտությունից հետո Ադրբեջանի ու Հայաստանի դերը շատ է բարձրացել, եւ մեզանից է կախված` կմնա՞ Ռուսաստանը տարածաշրջանում, թե՞ ոչ: Ռուսաստանը, ըստ նրա, հռչակագրով չլուծեց այդ խնդիրը, սակայն փորձում է դա անել:
Նա համաձայն է այսօր նույն ակումբում Ռուբեն Հակոբյանի հնչեցրած այն կարծիքի հետ, թե հնարավոր է, որ ինչ-որ փուլում Ռուսաատանը շրջվի դեպի Ադրբեջան, քանի որ իր համար ազգերի եղբայրությունը կեղծ հասկացություն է, եւ այն շարունակվում է այնքան, քանի դեռ կան փոխադարձ շահեր: Բայց այդ հնարավորությունը ավելի շատ տեսական է, քանի որ Ադրբեջանի տնտեսությունը շաղկապված է Արեւմուտքի տնտեսության հետ: Ամփոփելով` քաղաքագետ
Լեւոն Մելիք Շահնազարյանն ասաց, որ Լեռնային Ղարաբաղի հարցը չի լուծվի այնքան ժամանակ, քանի դեռ գերտերություններն այստեղ ունեն իրենց շահերը:
Նա բացառեց պատերազմի հնարավորությունը. «Ադրբեջանի ռիտորական վրացական դեպքերից հետո բավականին մեղմացել է, բացի այդ` ես համոզված եմ, որ պատերազմական ելքը մեզ հնարավորություն կտա վերականգնել արեւելքում մեր պատմական սահմանները` հասնել մինչեւ Քուռ, իսկ այդպիսի հնարավորություն ադրբեջանցիները մեզ չեն տա»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել