Հայաստանի տարածքի 2.4 տոկոսը ակտիվ սողանքային է
Նոյեմբերի 1-ից Տավուշի և Լոռու մարզերում սկսվել են հակասողանքային ծրագրի բուն հետազոտությունները: Այս տարածքներում գրանցված են սողանքների առավել վտանգավոր իրավիճակները: ՀՀ փրկարար ծառայության փորձագետներ Հովհաննես Օհանյանը և Արշավիր Ավագյանը «Ուրբաթ» ակումբում այսօր տված ասուլիսի ժամանակ ներկայացրեցին հակասողանքային ծրագիրը նշված տարածքներում: Ծրագիրը, որը սկսվել է դեռևս հուլիսից և ընթանալու է փուլերով, իրականացվում է Գերմանիայի օժանդակությամբ, նախատեսված է 5 տարվա համար: Առաջին փուլը կտևի 1.5 տարի, որի համար հատկացված է 1 մլն եվրո: Սակայն այդ գումարը Հայաստանը պետք է կիսի Ադրբեջանի հետ: Հայաստանի Հանրապետության տարածքում մասնագետները գրանցել են մոտ 3000 սողանք: Այսինքն` Հայաստանի տարածքի 2.4 տոկոսը ակտիվ սողանքային է: Սողանքները տարեկան մոտ 45 մլն դրամի վնաս են հասցնում պետությանը: Լինում են նաև մարդկային զոհեր: Սակայն, հաստատուն թվեր չկան: 2 հա և ավելի մակերեսով գույքագրման եղանակով գրանցվել է 2504 սողանքային տեղամաս: ՀՀ տարածքի 960 համայնքներից մոտ 250-ում գրանցված են սողանքային ակտիվ զարգացումներ: 100 համայնքում իրավիճակը առավել բարդացված բնույթ է կրում: «Գրեթե բոլոր մարզերում կան բարդացված սողանքային իրավիճակներ: Առավել ցայտուն արտահայտված են Հաղարծինում, որի պատճառով վթարվել է Իջևան տանող ավտոմագիստրալը: Վթարներ են առաջացել բնակելի տներում և շենքերում: Ծանր իրավիճակ է գրանցվել նաև Դիլիջան քաղաքում, Իջևանում, Հովքում և մի քանի այլ տեղերում»,- նշեց Հովհաննես Օհանյանը:
Վերջին տարիներին հիմնականում հակասողանքային ծրագրերը կատարվում են արտասահմանյան կազմակերպությունների ֆինանսական ներդրումների միջոցով: Փորձագետները դա պատճառաբանեցին «սեփական ֆինանսների սղությամբ»: «Ծրագրի նպատակը ոչ միայն սողանքները կանախարգելելն է կամ կանգնեցնելը, այլ նաև բնակչությանը սովորեցնելը, թե ինչպես չխթանեն սողանքները, ինչպես ոռոգեն դաշտերը, ինչպես փորեն, որ չվնասեն»,- պարզաբանեց Արշավիր Ավագյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել