Ադրբեջանցի քաղաքագետ Արիֆ Յունուսովը «Հետքի» խնդրանքով մեկնաբանում է մոսկովյան հռչակագիրը
Նախագահների հանդիպումը եւ ստորագրված Հռչակագիրն ավելի շատ անպատասխան հարցեր թողեց, քան պարզություն մտցրեց։ Անկասկած, հակամարտության լուծմանն ուղղված յուրաքանչյուր հանդիպում մի քայլ է առաջ։ Առավել եւս, երբ վերջապես ստորագրվում է փաստաթուղթ, որը նախատեսում է խաղաղ, այլ ոչ թե ուժային լուծում, այսինքն՝ հրաժարում ռազմական գործողությունները վերսկսելուց։ Սակայն ստորագրված փաստաթղթում չկան ոչ մի տեսակի համաձայնություններ, ամեն ինչ բավական հեղհեղուկ բնույթ ունի։Նույնիսկ այնքան էլ պարզ չէ՝ այդ փաստաթուղթը Ռուսաստանի առաջարկած պլանի հիման վրա բանակցությունների նոր փուլի սկի՞զբ է, թե՞ ազդանշան՝ շարունակելու բանակցություններն այսպես կոչված մադրիդյան սկզբունքների հիման վրա։
Եթե խոսքը երկրորդի մասին է, ապա ինչո՞ւ հանդիպմանը չմասնակցեցին Մինսկի խմբի համանախագահները (գոնե ռուս համանախագահը), որոնք նույնիսկ գաղափար չունեին հայտարարության տեքստի մասին։ Իսկ եթե Ռուսաստանն ունի սեփական պլանը, ապա ինչի՞ վրա է հիմնված այն։ Կարելի է ենթադրել, թե այդ համաձայնությունները բանավոր քննարկվել են Մոսկվայում։ Իսկ գուցե նման պլան չկա, եւ այդ հանդիպումը պարզապես հիանալի փիար է Մեդվեդեւի եւ ավելի լայն՝ Ռուսաստանի համար՝ ցույց տալու սեփական կառուցողական ունակությունները հայտնի օսական իրադարձություններից հետո։ Այս ամենը պարզ կդառնա հենց առաջիկա ամսում. եթե կողմերն սկսեն բանակցել ինչ-որ համաձայնությունների հիման վրա, ապա հարկ է մոսկովյան Հռչակագիրը համարել ղարաբաղյան կարգավորման կարեւոր փուլ։ Իսկ եթե առաջընթաց չլինի, այնժամ ամեն ինչ արագ կմոռացվի, եւ պարզ կդառնա, որ դա պարզապես լավ փիար էր Ռուսաստանի կողմից, որը դրանով իսկ ձգտում էր թե շտկել սեփական սասանված իմիջը, թե միաժամանակ ի ցույց դնել սեփական ազդեցությունը տարածաշրջանում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել