Աֆրիկյանների տան բակում
Ս.թ. հուլիսի 31-ին Երևանի եզակի հուշարձան համարվող Աֆրիկյանների տան բակում (Տերյան 11) տեղի ունեցավ մի յուրօրինակ միջոցառում, որը նախաձեռնել էր «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» քաղաքացիական նախաձեռնությունը:
Աֆրիկյանների տան շենքը կառուցվել է 19-րդ դարի վերջին, իսկ 1913 թվականից այն գործել է որպես ակումբ։ Այդ տարիներին այն եղել է երևանյան բարձրաշխարհիկ կյանքի ու հանրահայտ անձանց հավաքատեղի, որտեղ քննարկվել են ազգային ու համաքաղաքային կարևոր խնդիրներ ու նախաձեռնություններ։
Արժևորելով այս ամենը՝ քաղաքացիական նախաձեռնության անդամները միջոցառումից մեկ օր առաջ նախաձեռնեցին տարածքի մաքրում և բարեկարգում, իսկ դրան հաջորդող օրը, շենքը զարդարելով հին երևանյան լուսանկարներով և այլ դեկորատիվ պարագաներով, բակում կազմակերպեցին համերգ-ընդունելություն: Իրենց կատարումներով երեկոն հարստացրին Լիլիթ Պիպոյանը, Էդուարդ Զորիկյանը և այլ երգիչ-կատարողներ:
Երևանցիներին ոգևորեց նաև կառքը, որը հյուրերին մոտակա փողոցներից տեղափոխում էր դեպի երբեմնի ակումբի շենք։ Հյուրերով լեցուն բակը (ավելի քան 150 հոգի) մի քանի ժամով վերածնվեց՝ ձեռք բերելով իր նախկին տրամադրությունը։ Իսկ վերջում ներկաները առիթ ունեցան դիտելու Աֆրիկյան ընտանիքի մասին պատմող փաստավավերագրական ֆիլմից մի հատված:
Այս միջոցառումը յուրահատուկ հարգանքի տուրք էր նաև Աֆրիկյան ընտանիքի հիշատակին և նրանց հայրենանվեր գործունեությանը, ովքեր դեռ դարասկզբին ունեցել են հստակ քաղաքացիական գիտակցություն և մասնակցել բազմաթիվ համարձակ նախագծերի իրականացմանը։
Նախաձեռնության անդամները վստահ են, որ այս կերպ վերականգնվում են տարիներ առաջ կորսված հին երևանյան ակումբային ավանդույթներն ու սովորույթները։ Այն նաև յուրօրինակ բողոքի ձայն է բարձացնում ընդդեմ հանրապետական նշանակության պատմության և մշակույթի հուշարձան-շենքի «տեղափոխմանը», ասելի է թե ապամոնտաժմանը, քանի որ վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ Երևանի ապամոնտաժված պատմամշակութային հուշարձան-շենքերի մեծ մասը դեռ չի վերականգնվել, և անհայտ է ապամոնտաժված քարերի ճակատագիրը։
Նախաձեռնության անդամները համարում են նաև, որ այս շենքը Երևանի պատմության ամենավառ խորհրդանիշներից մեկն է, և թե հասարակությունը, թե մշակույթ ոլորտի, թե քաղաքի պատասխանատուները պարտավոր են պահպանել և վերականգնել այն, քանի որ մենք այն ժառանգել ենք կտակելու պայմանով։
ք. Երևան,
02 օգոստոս 2011թ.
«Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» քաղաքացիական նախաձեռնություն, որի կազմի մեջ են մտնում՝
«Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպություն
«Փրկենք հուշարձանները» նախագիծ
«Պահպանենք Հանրապետության հրապարակը» քաղաքացիական նախաձեռնություն
«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի պահպանության քաղաքացիական նախաձեռնություն
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն
լուսանկարիչ Հայկ Բիանջյան, Արմեն Աֆրիկյան, Սոնա Այվազյան
Լուսանկարը՝ Հայկ Բիանջյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել