Փորձագետները գնահատում են մոսկովյան Հռչակագիրը
Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված հռչակագրին փորձագետները տալիս են «կառուցողական է» գնահատականը: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) ավագ փորձագետ Մանվել Սարգսյանը գտնում է, որ հիմնականը այն է, որ կա Ղարաբաղի հարցը Մինսկի խմբի շրջանակներում թողնելու համաձայնություն. «Վրացական ճգնաժամից հետո հարց էր ծագել, թե արդյոք կշարունակվի՞ Մինսկի խմբի գործունեությունը, կշարունակե՞ն պետությունները բանակցային պրոցեսը, մեծ կասկածներ կային, սակայն այսօր կարող ենք ասել, որ թե' կոնֆլիկտի կողմերը, թե' գերտերությունները համաձայնության եկան տվյալ հարցում` պահպանել դիվանագիտական գործընթացը»:
ԶԼՄ-ի Կովկասյան ինստիտուտի փորձագետ Սերգեյ Մինասյանը գտնում է, որ ստորագրված փաստաթուղթը համապատասխանում է եւ' Հայաստանի, եւ' Ադրբեջանի շահերին, քանի որ ոչ մեկն էլ պատրաստ չէր իրական լուծման փաստաթուղթ ստորագրել. «Հռչակագիրը բխում է նաեւ Ռուսաստանի շահերից, քանի որ Ռուսաստանի այս նախաձեռնությունը նպատակ ուներ ցույց տալ, որ Ռուսաստանը որոշ չափով կոնստրուկտիվ դեր էլ կարող է խաղալ տարածաշրջանում եւ ոչ միայն պատերազմել փոքր երկրների դեմ, այլ նաեւ էթնոքաղաքական կոնֆլիկտները հետխորհրդային տարածքում փորձել լուծել»: Հռչակագրի հետեւանքները Մ. Սարգսյանը դժվարանում է կանխատեսել, իսկ Ս. Մինասյանը կարծում է, որ որպես հետեւանք` կողմերը կսկսեն ավելի ակտիվ բանակցային գործընթաց եւ ավելի հաճախ կհանդիպեն Մոսկվայում: Սակայն, ըստ փորձագետի, սա չի նշանակում, որ Ռուսաստանը իր ձեռքն է վերցնում բանակցային գործընթացի հետագա ընթացքը. «Ռուսաստանը միայն փորձում է ստեղծել ինչ-որ տպավորություն, որ կարող է այս տարածաշրջանում հարցեր լուծել»: «Սիվիլիտաս» հիմնադրամից մեզ փոխանցեցին, որ նրա հիմնադիր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը առայժմ զերծ է մնում կարծիք հայտնելուց եւ շաբաթվա վերջին հռչակագրի մասին լայնածավալ անդրադարձով հանդես կգա: Հայ ազգային կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանն էլ որեւէ մեկնաբանություն չտվեց` հայտնելով, որ շաբաթվա ընթացքում ՀԱԿ-ը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել