Տարեցտարի ավելանում է հիվանդ զորակոչիկների թվաքանակը
2008 թ. աշնանային զորակոչի ընթացքում առողջության պատճառով տարկետում է ստացել 8350 անձ: Նախորդ տարվա համեմատ այս թիվն աճել է մոտ 19 տոկոսով:
Գլխավոր դատախազության կայքէջի տեղեկացմամբ` առողջության հետ կապված խնդիրներ ունեցողներից բացի, այս տարի գարնանային զորակոչի ընթացքում տարկետման իրավունք է ստացել 3148 հոգի` ուսման կապակցությամբ, 257-ը` ընտանեկան դրության բերումով, 91-ը` կառավարության որոշմամբ:«Որոնողական աշխատանքների շնորհիվ հայտնաբերվել են նախկինում չհաշվառված 487, իսկ հետախուզման մեջ գտնվող` 647 զորակոչիկ: 2008 թ. գարնանային զորակոչից խուսափող 556 զորակոչիկի վերաբերյալ նախապատրաստվել են նյութեր և ուղարկվել ոստիկանության քննչական բաժիններ, որոնցից 479-ով հարուցվել են քրեական գործեր:
347 անձի վերաբերյալ կիրառվել է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքը, և ՀՀ ՊՆ հատուկ հաշվին մուծվել է 356.360.500 ՀՀ դրամ»,- հայտնում է դատախազությունը:
Աղբյուրի փոխանցմամբ` գարնանային զորակոչի ընթացքում ոչ ոք այլընտրանքային ծառայություն անցնելու համար չի դիմել: Կրոնական դավանանքի և համոզմունքների պատճառով պարտադիր զինվորական ծառայությունից հրաժարվող քաղաքացիները հրաժարվել են նաև այլընտրանքային ծառայությունից:
«Ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու կապակցությամբ հարուցված 27 քրեական գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարաններ: Մեղադրյալներից 24-ը հանդիսացել են «Եհովայի վկաներ» աղանդավորական կազմակերպության անդամներ: Դատի տրված բոլոր զորակոչիկները դատապարտվել են ազատազրկման 2-3 տարի ժամանակով»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել