Օգտագործվել են A4 ֆորմատի քվեաթերթիկներ
[gallery=2]
Սյունիքի մարզի 1 քաղաքային ու 4 գյուղական համայնքներում նոյեմբերի 2-ին կկայանան համայնքի ղեկավարի ընտրություններ, ավելի շուտ` վերաքվեարկություն: Ամենաթեժ պայքարը, սակայն, կծավալվի Սիսիանում ու Անտառաշատում (Հիշեցնենք, որ ՀՀ վարչական դատարանի վճռով անվավեր էին ճանաչվել հոկտեմբերի 12-ին կայացած Սիսիանի քաղաքապետի ընտրությունները, իսկ նույն օրը կայացած Անտառաշատի համայնքի ղեկավարի ընտրության արդյունքներն անվավեր էր ճանաչել թիվ 38 ԸԸՀ-ն): Սիսիանի համայնքի ղեկավարի 6 թեկնածուներից 3-ը` ՀՀԿ անդամ Սամվել Թանգյանը, ՕԵԿ Վազգեն Բաբայանն ու գործող քաղաքապետ, անկուսակցական Լավրենտ Սարգսյանը, միացել են իրար ու սատարում են ԲՀԿ-ի թեկնածուին` Աղասի Հակոբջանյանին: Վերջինիս դեմ միայնակ պայքարում է ՀՅԴ անդամ Տիգրան Պողոսյանը:
6-րդ թեկնածուն Հայ ազգային կոնգրեսը ներկայացնող Ռազմիկ Դանիելյանն է, որը Աղասի Հակոբջանյանի բաջանաղն է: Մեր ունեցած տեղեկություններով` Սիսիան են գործուղվել ԿԸՀ-ի բոլոր անդամները, ովքեր կվերահսկեն ընտրական ամբողջ գործընթացը: Անտառաշատում պայքարի մեջ են ԲՀԿ անդամ Արսեն Դավթյանն ու անկուսակցական, գործող գյուղապետ Սեյրան Հայրապետյանը: Այս համայնքում, թերեւս, արձանագրվել էր նախադեպը չունեցող` չսահմանված նմուշի քվեաթերթիկներով ընտրություն: Անտառաշատ գյուղի համայնքի ղեկավարի ընտրության համար նախապես տպագրվել էր 93 քվեաթերթիկ: Բայց, քվեարկության օրվանից 2 օր առաջ` հոկտեմբերի 10-ին, պարզվում է, որ գյուղն ունի 105 ընտրող, քանի որ Ոստիկանության Կապանի անձնագրային բաժինը վերջին օրերին նոր ընտրողներ էր հաշվառել: Փաստորեն, 12 ընտրող զրկվում էր քվեարկության իրավունքից, ու թիվ 38 ԸԸՀ-ն, խորհրդակցելով ԿԸՀ-ի հետ, բանավոր ցուցում է ստանում եւ համակարգչային տպագրական սարքով A4 ֆորմատի քվեաթերթիկ է տպագրում` հատկացնելով Անտառաշատի 38/01 տեղամասային ընտրական հանձնաժողովին: Արդյունքում թեկնածուները ստանում են հավասար` 46-ական քվե, որոնցից երկուսը քվեարկվել էին չսահմանված նմուշի քվեաթերթիկներով: Սա է հիմք դառնում, որպեսզի ընտրության արդյունքները ճանաչվեն անվավեր: Ինչպես մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում տեղեկացրեց թիվ 38 ԸԸՀ-ի քարտուղար Ռամելա Հակոբյանը, այս անգամ ընտրողների ցուցակում փոփոխություն չի կատարվել ու, գործող կարգի համաձայն, տպագրվել է 110 քվեաթերթիկ: «Կարծում եմ` այս անգամ ամեն ինչ բարեհաջող ավարտ կունենա»,- հույս հայտնեց ԸԸՀ-ի քարտուղարը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել