Ընդդիմադիրները կմասնակցեն փաստահավաք խմբի աշխատանքներին
Հայ ազգային կոնգրեսը եւ «Ժառանգություն» կուսակցությունը կմասնակցեն Փաստահավաք խմբի աշխատանքներին: Խմբում Կոնգրեսը կներկայացնի իրավաբան Անդրանիկ Քոչարյանը, իսկ «Ժառանգությունը»` փաստաբան Սեդա Սաֆարյանը: Այսօր վերոհիշյալ երկու քաղաքական ուժերը տարածել են համատեղ հայտարարություն, ըստ որի` Նախագահ Սերժ Սարգսյանի հոկտեմբերի 23-ի կարգադրությունը` «Փորձագետների փաստահավաք խմբի ստեղծման եւ նրա գործունեության կազմակերպման կարգը», ուղղված չէ մարտի 1-ի իրադարձությունների անկախ, վստահելի եւ թափանցիկ հետաքննության անցկացմանը` հայ հասարակության եւ Եվրոպայի խորհրդի պահանջը կատարելուն եւ չի համապատասխանում ՀՀ օրենսդրությանը:
Մասնավորապես` «կարգադրությունը հակասում է ՀՀ Սահմանադրությամբ սահմանված նախագահի լիազորություններին, ապահովված չեն հետաքննության անկախությունը, թափանցիկությունը եւ վստահելիությունը: Եվ խումբը, ըստ էության, զրկված է մարտի 1-ին պետական պաշտոն զբաղեցրած, այնուհետեւ պաշտոնաթող եղած անձանց պարտադիր ներկայանալու եւ պարզաբանումներ տալու հիմքով նիստերին հրավիրելու լիազորությունից»:
Ընդդիմադիրներն առաջարկում են Օմբուդսմենին եւ ԱԺ պատգամավորներին՝ ՍԴ-ում վիճարկել կարգադրության սահմանադրականությունը, իսկ իշխանություններից պահանջում են մեկամսյա ժամկետում շտկել խմբի գործունեության իրավական հիմքերը:
«Եթե մեկամսյա ժամկետում չկատարվի առնվազն միջազգային փորձագետների՝ խմբում ներգրավման պահանջը, ապա մենք կվերաքննարկենք Փաստահավաք խմբի աշխատանքներին մասնակցության նպատակահարմարությունը: Կաշկանդված չենք նաեւ մեր ներկայացուցիչների մասնակցությունը կասեցնելու հարցում, եթե վերջինների կամ խմբի աշխատանքները խոչընդոտվեն, կամ նրանք ենթարկվեն տարաբնույթ ճնշումների»,- ասված է հայտարարությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել