HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մեծ Մայրիկ». մարդկային ողբերգության մի պատմություն

Այսօր` հոկտեմբերի 27-ին, ԵՊՀ Պալյանների դահլիճում տեղի ունեցավ հանդիպում թուրք հրապարակախոս, հասարակական գործիչ Ֆեթիե Չեթինի հետ, ով նաեւ Հրանտ Դինքի դատապաշտպանն էր: Հանդիպաման առիթը Ֆեթիե Չեթինի «Մեծ Մայրիկ» գրքի վերահրատարակման շնորհանդեսն էր: Գիրքը հայերեն է թարգմանվել դեռեւս 2006 թ., սակայն անցյալ անգամ Ֆեթիեին չի հաջողվել գալ Հայաստան:

Ֆեթիեի գրքի հայերեն հրատարակության հեղինակ, բանասիրական գիտությունների դոկտոր Ռուբեն Մելքոնյանը խոսելով գրքի մասին` նշեց, որ այն հետաքրքրություն է ներկայացնում այն առումով, որ մինչ այդ հայկական թեմատիկան չի եղել թուրք գրականության հետաքրքրության առարկա: Գրքում ներկայացված են Ֆեթիե Չեթինի տատի` Հերանուշ Կատարյանի հուշերը, որին բոլորը ճանաչել են որպես օրինապահ թրքուհի, եւ միայն մահվանից առաջ նա թոռնուհուն խոստովանել է, որ ինքը էթնիկ հայ է, պատմել է այն սարսափները, որ ինքը տեսել է: Հ

երանուշին որդեգրել է մի թուրք ոստիկան, իսլամացրել եւ կնքել Սեհեր անունով: Ֆեթիեն իր գրքում խոստովանում է, որ տատի պատմածներից հետո ինքը հոգեկան խորը տառապանք է ապրել: «Մենք ապրում ենք կեղծիքի մեջ, տատիցս լսածներս չի համապատասխանում իմ սովորածներին, եւ եթե այդ սարսափների մասին տատիցս լսած չլինեի, չէի հավատա: Այն չի համապատասխանում պաշտոնական պատմագրությանը»,- ասաց Ֆեթիեն: Խոսելով ցեղասպանության մասին, սակայն չօգտագործելով այդ բառը, նա ասաց. «Այսօր մենք սա ժխտում ենք, սակայն այս ճշմարտությունը միշտ մեզ հետապնդելու է, մեզնից պահանջում են, որ գոչենք, թե չի եղել, սակայն եթե բոլորս միասին բղավենք էլ, մեկ է` ճշմարտությունը չի փոխվելու: Ես ուզում եմ, որ հատկապես երիտասարդությունը սա իմանա»: Ըստ Չեթինի` 20-րդ դարի սկզբին ձեւավորված թուրքական հանրապետությունը պատմության եւ հատկապես 1915 թվականի դեպքերի հետ կապված որդեգրել է ժխտողական քաղաքականություն, այդ պատճառով էլ Թուրքիայի քաղաքացիների 3-րդ սերունդը մեծացել եւ կրթություն է ստացել` սովորելով, որ այդպիսի դեպքեր չեն եղել: Սակայն, վերջին տարիներին նրանց այդ քաղաքակությունը սկսել է ճեղքեր տալ, դրանից հետո սկսվել է 1915 թվականին զոհվածների թիվը պակասեցնելու քաղաքականություն, որ Ֆեթիեն որակեց ոչ բարոյական քայլ: Նա գտնում է, որ հասարակության ներսում «այդ» մասին շատ պետք է խոսել, եւ հենց այդ համատեքստում էլ ներկայացնում է մարդկային ողբերգության մի պատմություն, իրական մի պատմություն: Նա նշում է, որ չնայած իր քայլը փոքր էր, սակայն արձագանքը շատ մեծ է եղել: Նա բազմաթիվ նամակներ, հեռախոսազանգեր է ստացել մարդկանցից, ովքեր խոստովանել են, որ իրենք էլ նմանատիպ պատմություններ են ունեցել, կամ որ իրենք էլ սկսել են փնտրել իրենց հարազատներին, բացահայտել իրենց արմատները: Անգամ թուրքական թերթերից մեկում հոդված է լույս տեսել «Հերանուշը մեր տատն էլ է» վերնագրով: Սա խոսում է այն մասին, որ հայերի մեջ դեռեւս պահպանվել է ազգային ինքնագիտակցությունը, վերակենդանացել է էթնիկ հիշողությունը: Եվ հենց այդ մեծ հետաքրքրության արդյունք էր, որ գիրքը ոչ միայն ութ անգամ վերահրատարակվել է Թուրքիայում, այլեւ թարգմանվել է անգլերեն, իտալերեն, ֆրանսերեն: Ֆեթիեն խոստովանում է, որ գիրքը նաեւ ինքն իր հետ հաշտվելու քայլ էր: Դրանից հետո նա սկսել է զբաղվել էթնիկ փոքրամասնությունների հարցերով: Դրա արդյունք է հենց Դինքի փաստաբան դառնալը: «Հրանտ Դինքի սպանության մեղավորները այն ժամանակ ի հայտ կգան, երբ պարզվեն Դինքի մահվան իրական կազմակերպիչները: Մեր ջանքերը նաեւ հենց դրան են ուղղված»,- ասաց Չեթինը: Ի դեպ, իր գրքի առաջին տպագրության շնորհանդեսի ժամանակ Չեթինը պետք է Հայաստան ժամաներ Դինքի հետ, սակայն դա այդպես էլ չի հաջողվել: Իր վրա հնարավոր ճնշումների կապակցությամբ Չեթինն ասաց. «Խոսքի ազատության հետ կապված մի շարք խոչընդոտներ կան Թուրքիայում, եւ շատ գրքերի, հոդվածների հետ կապված դատական գործեր են բացվում, սակայն «Մեծ Մայրիկ» գրքի հետ կապված որեւէ դատական գործ կամ որեւէ բողոք չի եղել: Կարծում եմ` սա մարդկային կյանքի պատմության ողբերգության ազդեցությամբ պետք է պայմանավորել: «Մեծ մայրիկ» գիրքը մի հրավեր է` 93 տարի տեւող անարդարության վերացման համար, մենք կարիք ունենք միասին ուրախանալու, խիզախորեն նայելու թեկուզեւ անցյալի ցավոտ անցքերին»: Առաջին անգամ Հայաստանում լինելով` Ֆեթիե Չեթինն իրեն օտար չի զգում. «Սա ուշացած մի այցելություն էր, բայց ես շատ ուրախ եմ, քանի որ միջավայրը հարազատ է»:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումներին՝ գրողն ասաց. «Այնպիսի թշնամական մթնոլորտ է, որ ոչ մի քաղաքական գործիչ չի կարող հեշտությամբ ինչ-որ քայլ անել: Եթե հասարակության մեջ որոշակի փոփոխություններ լինեն (իհարկե, առաջին քայլերը չեն կարող մեծ ազդեցություն ունենալ, քանի որ մենք ունենք խնդիրներ, որոնց հետ պարտավոր ենք առերեսվել), այնուամենայնիվ, արված յուրաքանչյուր քայլ դրական ազդեցություն կարող է ունենալ»:

Աստղիկ Խաչատրյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter