HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատավորները դարձյալ հրաժարվեցին ինքնաբացարկից

Այսօր Հյուսիսային քրեական դատարանում շարունակվեց Մատաղիսի գործի քննությունը: Հիշեցնենք, որ ժամկետային զինծառայողներ 23-ամյա Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը մեղադրվում են Լեռնային Ղարաբաղի Մատաղիս գյուղի զորամասի զինծառայողներ Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի սպանության մեջ, և նրանց սպառնում է 15 տարվանից մինչև ցմահ ազատազրկում:

Չնայած այսօր ամբաստանյալների շահերի պաշտպան Ստեփան Ոսկանյանը վատառողջ լինելու պատճառով չէր ներկայացել դատարան, սակայն միջնորդագիր էր ուղարկել` պահանջելով դատավորներ Արմեն Խաչատրյանի և Մարտին Սարոյանի ինքնաբացարկը: Ի դեպ, փաստաբանը տարբեր ձևակերպումներով արդեն երրորդ անգամ է պահանջում այս դատավորների ինքնաբացարկը, սակայն բոլոր դեպքերում էլ նրա միջնորդությունները մերժվել են: Հիշեցնենք, որ Արմեն Խաչատրյանն ու Մարտին Սարոյանը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ են, որոնք գործուղվել են Հյուսիսային քրեական դատարան ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Հովհաննես Մանուկյանի որոշմամբ: Ըստ փաստաբանների` այդ որոշումը կայացվել է "ինքնագլուխ, ապօրինաբար": Թեեւ 2008թ. դեկտեմբերի 2-ին ՀՀ Սահամանդրական դատարանը ևս այս դատավորների պատճառով հակասահմանադրական ճանաչեց Մատաղիսի գործով ստեղծված դատարանը, այդուհանդերձ դատավորները համառորեն հրաժարվում են բացարկ հայտնել` փորձելով դատավարությունը ավարտել մինչև մարտի 1-ը, այսինքն` մինչև Սահմանադրական դատարանի որոշման վերջնաժամկետը: Այսօր փաստաբան Ստեփան Ոսկանյանը իր գրավոր միջնորդությունը պատճառաբանում էր նրանով, որ վերոհիշյալ դատավորները իրավունք ունեն մասնակցելու միայն դատաքննությանը, իսկ դատավարական հաջորդ փուլերին` դատական վիճաբանություններին, ամբաստանյալների վերջին խոսքին մասնակցել չեն կարող, քանի որ ավարտվում է նրանց գործուղման ժամկետը, ուստիև անիմաստ է նրանց` դատավորի դերում հանդես գալը: Դատավորներ Արմեն Խաչատրյանն ու Մարտին Սարոյանը միջնորդությունն անհիմն համարելով` հրաժարվեցին հեռանալ դատարանից: Նախագահող դատավոր Հարություն Մովսիսյանն էլ դատը հետաձգեց մինչև հունվարի 22-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter