HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այս տարի ևս 10%-ով կավելանա զինծառայողի աշխատավարձը

2008թ. արդյունքների ամփոփմամբ ՊՆ կոլեգիայի առաջին նիստը կայացել է հունվարի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում: Քննարկվել են ՀՀ զինված ուժերում 2008թ.-ին ունեցած ձեռքբերումները, ինչպես նաև տեղ գտած թերություններին առնչվող տարաբնույթ հարցեր:

ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն առաջարկել է ձևավորել 2009թ.-ի զորահավաքային պատրաստության նոր միտք` առանձնակի ուշադրություն դարձնելով մարտական ծառայության և զորքերի ծառայության մակարդակի բարձրացմանը: Ապա անձնակազմին ներկայացրել է իր իսկ կողմից մտածված և արդեն տպագրված սպայի աշխատանքային օրագիրը, որը մոտ օրերս կառաքվի զորքեր, և ըստ որի` սպաները կկազմակերպեն իրենց առօրյա աշխատանքները: ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը հանձնարարել է` 1.Մեծ ուշադրություն դարձնել զորքերում դասավանդվող բոլոր 16 առարկաներին, հատկապես այնպիսիններին, որոնք անմիջապես վերաբերում են մարտական պատրաստությանը, 2. կարևորել հրամանատարների` ինքնուրույն պատրաստությունը, 3. ուսումնասիրել ՀՀ պաշտպանության նախարարի կողմից ՀՀ ԶՈւ անձնակազմին ուղղված տարեմուտի Ուղերձը` զինծառայության ընթացքում առաջնորդվելով նաև այնտեղ ներառված դրույթներով, 4. կազմել պլաններ` «Դաստիարակողների դաստիարակումը» խորագրով. «Քանի դեռ դաստիարակողը դաստիարակված չէ, ապա դաստիարակված չի կարող լինել նաև նրա ենթական»-ասաց նախարարը, 5. էլ ավելի լուրջ վերաբերվել զինծառայողների արձակուրդների տրամադրման կարգին, անել առավելագույնը` դժբախտ պատահարները և դեպքերը բացառելու ուղղությամբ, 6. խիստ ուշադրություն դարձնել զորակոչի գործընթացին` արմատախիլ անել զորակոչի ընթացքում տեղ գտնող արատավոր երևույթները: Ս.Օհանյանն առաջարկել է նաև վերանայել զորքերում սպայական պաշտոնները. տվյալ պաշտոնը զբաղեցնելու նպատակով սահմանվող զինվորական կոչումները բաշխել ըստ պաշտոնի զբաղվածության և ծանրաբեռնվածության: Նախարարն անձնակազմին տեղեկացրել է, որ ազգային նոր խորհրդանիշներ են մտցվելու զինվորական համազգեստի տարրերի մեջ, ինչպես նաև փոխվելու է զինվորական դաշտային համազգեստի ձևն ու տեսքը: Նախարարը նշել է, որ պաշտպանության նախարարությունում իրականացվող կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունենալու, համաձայն որի` տարանջատվում են պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի գործառույթները: ՀՀ զինվորական դատախազ Ա.Խաչատուրյանը իր զեկույցում ներկայացրել է հանցավորության վիճակը ՀՀ զինված ուժերում` 2008թ.-ի ընթացքում: Ա.Խաչատուրյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է հատկապես բանակում ինքնախեղումների դեպքերի վրա, որոնք հիմնականում ուղղված են զինծառայությունից ժամանակավորապես կամ ընդմիշտ խուսափելուն` առաջարկելով պատիժ սահմանել նման քայլի դիմող զինծառայողների համար: «Այս տարի ևս 10%-ով կավելանա զինծառայողի աշխատավարձը, կշարունակվի զինծառայողների` բնակարանով ապահովման գործընթացը, իրականացվելու են պլանային բոլոր միջոցառումները, անցկացվելու են գնդային զորավարժություններ: Շարունակվելու է համագործակցությունը հասարակական կազմակերպությունների և խորհուրդների հետ, ինչպես նաև շարունակվելու են ռազմահայրենասիրական դաստիարակության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքները»,- անդրադառնալով 2009թ.-ի անելիքներին ասել է Ս. Օհանյանը: ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով խրախուսվել և պարգևատրվել են լավագույն ցուցանիշներ դրսևորած զորամասերն ու ստորաբաժանումները, ինչպես նաև ընթերցվել են իրենց հնարավորություններից ցածր ցուցանիշներ դրսևորած և ոչ բավարար արդյունքներ ցուցաբերած զորամասերի և ստորաբաժանումների անունները: «Մենք` բոլորս ապրում ենք մեկ մեծ ընտանիքում, որը կոչվում է բանակ, և, եթե ընտանիքում (զորամասում) երեխաներից մեկն իրեն չարաճճի է պահում, ապա դրա համար պատասխանատու է նաև «ծնողը»,-պարզաբանեց Ս.Օհանյանը: 2008թ.-ի լավագույն զորամիավորում ճանաչվել է 4-րդ բանակային կորպուսը` հրամանատարությամբ գեներալ-մայոր Վ.Գրիգորյանի, որին էլ, որպես խրախուսանք, տրվել է 2 միլիոն դրամ պարգևատրում, ևս 1 միլիոն դրամ` բանակային կորպուսի անձնակազմին խրախուսելու նպատակով: 4-րդ բանակային կորպուսին հանձնվել է նաև կոլեգիայի պատվո դրոշը` ի դեմս հրամանատար, գեներալ-մայոր Վ.Գրիգորյանի: Լավագույն զինկոմիսարիատ է ճանաչվել ՀՀ Նաիրիի զինկոմիսարիատը, իսկ ՌՈ լավագույն բաժին` ռազմական ոստիկանության Իջևանի բաժինը: Պատվոգրերով պարգևատրվել են ՀՀ ՊՆ սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Մ.Չիլինգարյանը, ՀՀ ԶՈւ օպերատիվ վարչության պետ, գնդապետ Ա.Դավթյանը, ՀՀ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության և պաշտպանական ծրագրերի վարչության պետ, գնդապետ Դ.Տոնոյանը, իսկ ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետ, գնդապետ Մ.Իսախանյանը պարգևատրվեց շնորհակալագրով: Որոշ զորամասերի հրամանատարներ պարգևատրվել են ՊՆ գերատեսչական մեդալներով, իսկ 4 զորամասերի հրամանատարներ` այդթվում նաև 25836 զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Սամվել Մարտիրոսյանը, որը ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության և անձնվիրության համար ՀՀ Նախագահի հրամանագրով տարեվերջին պարգևատրվել էր «Արիության» մեդալով, պարգևատրվեցին անվանական զենքով: Այս մասին տեղեկացնում է ՊՆ կայքէջը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter